Լրահոս
Օրվա լրահոսը

Եկեղեցու եւս 19 զինվոր

Մարտ 04,2011 00:00

«Արարատ» միության հերթական նախաձեռնությունը

\"\"
Տեր Հակոբն ու կնքահայրերը:

Ինչպես արդեն նշել էինք, վերջերս «Արարատ» միության նախաձեռնությամբ՝ միության դասավանդումներին մասնակցող 19 նոր անդամ մկրտվեց Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի Մկրտարանում: Նրանց հոգեւոր դաստիարակի՝ կնքահոր պարտավորությունը ստանձնեցին եկեղեցու դպրաց եւ սարկավագ դասից միության անդամներ եւ աջակիցներ: Օրերս էլ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում կատարվեց մյուռոնից դուրս բերելու արարողությունը՝ «Արարատ» միության հոգեւոր հովիվ տեր Հակոբ քահանա Խաչատրյանի գլխավորությամբ: Տեր Հակոբը ջրով լվաց մկրտվածների մյուռոնից դրոշմված զգայարանները, իսկ կնքահայրերը սրբիչներով սրբեցին նրանց: Ինչպես նշում է տեր Հակոբ քահանան, արարողակարգի համաձայն, վառվում են մկրտության ժամանակ գործածված մոմերը՝ որպես խորհրդանիշ տեր Հիսուս Քրիստոսի լույսի, որի առաջնորդությամբ մկրտյալները պիտի քայլեն իրենց ամբողջ կյանքի ընթացքում: Մկրտվածների կարմիր եւ սպիտակ թելերով անցկացված ոսկյա խաչերը փոխարինվեցին ոսկյա շղթաներով: Տեր Հակոբի խոսքով՝ «այդ թելերը, ինչպես նաեւ սրբիչները, պետք է մկրտյալները պահպանեն որպես հիշեցում, որպեսզի հավատարիմ մնան Քրիստոսի խաչի վրա մարդկության մեղքերի համար հեղված արյան փրկագործական խորհրդին, իսկ խաչը՝ որպես քրիստոնյայի նշան, օրհնության արտահայտություն եւ հիշեցում՝ քայլելու խաչի ճանապարհներով՝ հավատքով, իմաստնությամբ, Աստվածասիրությամբ, հայրենասիրությամբ: Մյուռոնից դուրս բերելու ժամանակ հնչում են մաշտոցյան բառերը՝ արդարացար, սրբեցար, զորացիր, որոնք Աստծո զորանալու պատգամն են մկրտվողների ականջներին»:
Տեր հոր ձեւակերպմամբ, մյուռոնից դուրս բերելու խորհրդաբանությունը մկրտությունից 3 կամ 7 օր անցնելուց հետո, մկրտության օրերն ավելի կարեւորելու համար՝ անձի չլվացվելու մեջ է, որով նա հրաժարվում է որոշակի ցանկություններից, որոնք հարիր չեն քրիստոնյայի նկարագրին:
«Այս մկրտությունն իր տեսակի մեջ շատ կարեւոր է մեզ համար. անձերը, որոնք ներգրավվել են եկեղեցական կյանքի մեջ, որոշակի խմորումների միջով անցան՝ պատրաստվելով մկրտությանը: Այս գիտակից մկրտությունը տարբեր է մյուս անգիտակից մկրտություններից: Անգիտակցաբար մկրտվող եւ ըստ այդմ եկեղեցու զավակներ դարձող անձերը հետագայում դառնում են նույն եկեղեցու թշնամիները, նրանց կյանքում ոչինչ չի փոխվում: Բայց այս մկրտվողներից յուրաքանչյուրի աչքերում, ժպիտների մեջ ես տեսնում ավելի մոտեցում դեպի եկեղեցին, որը զինվեց 19 նոր զինվորներով: Մկրտյալների հոգեւոր դաստիարակները՝ կնքահայրերը եկեղեցու նվիրյալ անձինք են՝ աջակիցներ, որոնք իրենց հավատքով, եկեղեցասիրությամբ օրինակ ծառայողներ կհանդիսանան եկեղեցի նոր-նոր ոտք դրած երիտասարդների համար»,- ասաց տեր Հակոբ քահանան:
Ջրով լվացվելուց հետո մկրտյալները համբուրեցին իրենց կնքահայրերի աջը՝ որպես նրանց խորհուրդը, աղոթքը եւ հոգեւոր հայրությունը ընդունելու հավաստում, իսկ կնքահայրերը, որպես արտահայտություն իրենց Աստվածասիրության, եկեղեցասիրության, հայրենասիրության, մարդասիրության եւ ծառայասիրության, տրամադրեցին իրենց աջը՝ վերահաստատելով հայրական պարտավորությունները իրենց հոգեւոր զավակների հանդեպ եւ ստացան Աստծո օրհնությունը:
Մկրտվողներից հետաքրքրվեցինք նրանց տպավորությունների եւ զգացությունների մասին: «Արարատ» միության երգչախմբի նոր անդամ Սվետա Հովհաննիսյանն ասաց, որ ուրախ է 19 մկրտվողների շարքում լինելու համար, փաստելով, որ 18 տարեկանում կնքվելը մի քիչ ուշացած է. «Ցավում եմ, որ այդպես ստացվեց, բայց երջանիկ եմ առանձնահատուկ ձեւով մկրտվելու համար: Սա երբեք կյանքում չեմ մոռանա: Յուրաքանչյուր մարդ, ով իրեն համարում է քրիստոնյա, պետք է անպայման մկրտվի»:
Աննա Մաթեւոսյանն ու Գոհար Փեփոյանը մեզ հետ զրույցում պատմեցին, որ պատահական են հայտնվել «Արարատ» միությունում: Նրանց խոսքով, աղանդավորական շարժումների մասին կուրսային աշխատանք գրելու պատրվակով դիմել էին տեր Հակոբին, վերջինս էլ նրանց առաջարկել էր մասնակցել միության լրագրողական խմբակի դասընթացներին: Աննան նշեց. «Մկրտվելով ավելի հաստատվեց իմ հավատը Աստծո հանդեպ: Նա ինձ միշտ ուժ է տալիս: Ուրախ եմ, որ իմ մկրտությունն այսկերպ կատարվեց»:
Գայանեն էլ շեշտեց. «Մկրտվելով՝ ինձ պաշտպանված եմ զգում: Ասում են՝ մկրտվելուց հետո ինչ-ինչ շնորհների ես սկսում տիրապետել: Դեռ չեմ նկատել, բայց հավատում եմ…»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել