Լրահոս
Օրվա լրահոսը

«ՈՒԶՈՒՄ ԵՄ ԲԱՑԱՀԱՅՏԵԼ ԲՆՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔԸ»

Մարտ 04,2011 00:00

\"\"Ասում է Սայադ Սարգսյանն ու առաջարկում ապրել «մարդկության փրկության» բանաձեւով

Եթե ցանկանում եք լինել առողջ ու երկարակյաց, հեռու՝ բժիշկներից ու տարատեսակ դեղերից, եթե փորձում եք խնայել գազն ու էլեկտրաէներգիան, նպաստել մթնոլորտի մաքրմանը եւ գլոբալ տաքացման վտանգի նվազեցմանը, առաջնորդվեք բնության օրենքներով: Խորհուրդ է տալիս մասնագիտությամբ տնտեսագետ Սայադ Սարգսյանը: Նա, սեփական փորձից ելնելով, մարդկանց ճանաչել է տալիս բնության օրենքը եւ առաջարկում՝ առանց զարմանալու կամ վախենալու ապրել իր առաջարկած «մարդկության փրկության» բանաձեւով, որը բխում է հենց բնության օրենքներից: Վերջինս թեպետ ծնունդով Երեւանից է, բայց իր հանգստությունը գտնում է քաղաքի աղմուկից հեռու մի վայրում:
Ստեփանավանի Ամրակից գյուղում արդեն 13 տարի իր համար փոքր անկյուն է ստեղծել, ամռանը այցելում, մշակում է իր այգին, մեղվապահությամբ զբաղվում, կարճ ասած՝ վարում առողջ ապրելակերպ: Նրա կարծիքով, եթե այսօր բժշկությանը արգելվի միջամտել մարդու առողջությանը, ոչ ավելի, քան 50 տարվա ընթացքում քաղաքակիրթ մարդկությունը կոչնչանա կամ կմնան միայն ջունգլիներում ապրող մարդիկ: Ս. Սարգսյանի կարծիքով, գոյություն ունի մարդկության գոյատեւման օրենք, որին տարիներ առաջ տիրապետել է վայրի մարդը եւ արդյունքում ապրել 180-200 տարի: Ըստ նրա, այդ օրենքն անտեսվել է մարդկության կողմից, որի պատճառով էլ մարդը հայտնվել է հիվանդությունների հորձանուտում: Ս. Սարգսյանը վստահ է, որ այսօր այդ օրենքին չհետեւելու պատճառով է, որ մարդիկ ապրում են 3 անգամ պակաս, քան ապրել է վայրի մարդն առանց բժշկական օգնության: 77-ամյա Ս. Սարգսյանը արդեն 5 տարի ապրում է բնության գոյատեւման պահանջներին համապատասխանող՝ իր մշակած բանաձեւով: Մինչ այդ նա բազմաթիվ հիվանդություններ է ունեցել՝ ճնշում, ռադիկուլիտ, ստամոքսային եւ առողջական այլ խնդիրներ: Այդ բոլորից նա վերջնականապես ազատվել է մեղուների խայթոցի, շատ մեղր օգտագործելու, բնության օրենքներով առաջնորդվելու միջոցով: «Մի քանի տարի առաջ սոսկալի այրոցք ունեի, հաբեր էի ընդունում: Հետո մտածեցի, եթե այդ դեղերի 80%-ը ստանում են ծաղկատեսակներից, իսկ մեղուն մի կգ մեղր տալու համար այցելում է 2.5 միլիոն ծաղկի, ուրեմն մեղրի մեջ ամեն տեսակ նյութ կա»,- «Առավոտի» հետ զրույցում պատմում է Ս. Սարգսյանը: Նա գտել է նաեւ շատ ընտանիքների տանջող մի խնդրից՝ խռմփոցից ազատվելու միջոցը: Հանգիստ քնելու նրա դեղատոմսը մեջքի վրա չպառկելն է՝ համոզվել է սեփական փորձով. «Ո՞ր կենդանին կպառկի մեջքի վրա, անպաշտպան դեմքը կուղղի անձրեւին ու քամուն, այդպես նաեւ մարդը պետք է ապրի»: Մեր զրուցակիցը նշում է, որ տարիներ առաջ էլ ատամնաբույժն իրեն համոզում էր բոլոր ատամները հեռացնել, ինչին հակառակվել էր. «Երբ հերթը հասավ ժանիքներին, թույլ չտվեցի եւ արդեն 11 տարի իմ ատամներով եմ սնվում»: Առողջ ապրելու համար Ս. Սարգսյանը իր այգուց ստացած ամեն ինչն ուտում է առանց ջերմային մշակման ենթարկելու, օգտագործում է տարբեր աղցաններ, քիչ աղ է օգտագործում, աղացած մսին տարբեր համեմունքներ ավելացնելով՝ կոտլետներ է պատրաստում եւ ուտում առանց եփելու: Քաղցրավենիքի փոխարեն էլ օգտագործում է մեղր: Չի գտել միայն հացին փոխարինող համապատասխան միջոցը: Կարծում է՝ եթե իր բանաձեւի մասին իմանան այլ մարդիկ, իրենք էլ իրենց տարբերակները կառաջարկեն: «Սովորական ճաշը օրական 2-3 անգամ էի ուտում, այժմ իմ կերակուրներով սնվելիս սովածություն ուշ եմ զգում»,- ասում է նա: Ս. Սարգսյանը նաեւ մածունն է ոչ ավանդական ձեւով ստանում՝ կաթը ոչ թե եռացնում, այլ 5-10 րոպե մինչեւ 40 աստիճան տաքացնում է: Մեր զրուցակիցն ունի նաեւ իրեն հաճախ տրվող հարցի պատասխանը՝ ինչպե՞ս խուսափել հում կաթի կամ մսի մեջ եղած վտանգավոր նյութերից: «Չեռացրած կաթից ստացած թթվասերն ինչպե՞ս եք ուտում, ուրեմն դա էլ է վտանգավոր: Կաթը օրգանիզմի համար կարեւոր է, իմ առաջարկած մածունի մեջ բջիջները մահացած չեն, իսկ մարդիկ եռացնում են, սպանում ամեն բջիջ, չես հասկանում՝ էլ ինչի՞ են ուտում: Այն ժամանակ մածուն ուտելիս վատ էի զգում, հիմա անընդհատ կարող եմ ուտել ցանկացած պայմանում»,- պատասխանում է նա:
Ըստ մեր զրուցակցի, 6 կետից բաղկացած իր բանաձեւը մարդկությանը տալիս է այն ամենը, ինչի համար նա պայքարում է հազարավոր տարիներ՝ երկարակեցություն, խոհանոցում գազի եւ էլեկտրաէներգիայի խնայում՝ 80-90%, սննդի խնայողություն, առողջություն, հետեւաբար բուժման ծախսերի կրճատում, մարդու անձնական շարժում, որը հանգեցնում է տրանսպորտային միջոցների կրճատմանը, որն էլ օգնում է մթնոլորտի մաքրմանը եւ այսպես շարունակ: Ս. Սարգսյանը վստահ է՝ եթե ընտանիքը առաջնորդվի իր առաջարկածով մեկ շաբաթ կամ 15 օր, արդյունքը կզգա. «Ուզում եմ բացահայտել բնության գաղտնիքը: Ամեն բույսի մեջ բնությունը դրել է այն, ինչ պետք է մարդուն ու կենդանուն: Եթե բնական սննդով սնվենք, ոչ մի երեխա խեղանդամ չի ծնվի»: Ինչ վերաբերում է այսօր տարածում գտած բուսաբուժությանը, մեր զրուցակիցը կարծում է. «Մենք բուսակեր ենք, իսկ բուսաբույժները կատարյալ բուսակերներին բուսաբուժություն են սովորեցնում, ոնց որ բնությանը ծաղրեն: Բուսաբույժների սխալն այն է, որ նրանք ամեն ինչը խորհուրդ են տալիս մարմանդ կրակի վրա եռացնել, ինչը եւս ճիշտ չէ»: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել