Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունը մեկնարկելու է արդեն վաղը: Մարտի 2-ին էլ փակվեց տրանսֆերային պատուհանը: Այդպիսով, թիմերի նախապատրաստության գործընթացը կարելի է եզրափակված համարել՝ մինչեւ հունիս մոռանալով համալրումների մասին ու կենտրոնանալով բացառապես ստացված պատկերի շտկումների վրա:
Ինչպես եւ ամեն տարի, շոշափելի փոփոխությունների է ենթարկվել Երեւանի «Փյունիկը»: Տարբեր պատճառներով թիմից հեռացել է միանգամից 13 ֆուտբոլիստ, մի քանիսը՝ հիմնական կազմից: Սակայն «արտաքին» էական համալրում Վարդան Մինասյանի թիմը չի ստացել: Չեմպիոնին են միացել միայն Արտակ Ալեքսանյանն ու ռուսական «ՍԿԱ-էներգիայի» դարպասապահ Սերգեյ Բարսուկովը: Թիմն արտասահմանյան երեք ուսումնամարզական հավաք է անցկացրել, որոնց ընթացքում յոթ հանդիպում է ունեցել: Վերջին խաղը փյունիկցիներն անցկացրին մարտի 2-ին, թուրքական Բելեկ քաղաքում՝ Ուլյանովսկի «Վոլգայի» հետ, որին զիջեցին 0:2 հաշվով: Պետք է փաստել, որ այս նախապատրաստական շրջանի ստուգողական հանդիպումներում Հայաստանի բազմակի չեմպիոնին հաջողությունն առանձնապես չէր ժպտում: Յոթ խաղերից չորսում մեր թիմը պարտվել է, մեկն ավարտել ոչ-ոքի, եւս երկուսում հաղթել: Ընդ որում, Կիպրոսի «Անորտոսիսի» նկատմամբ Վարդան Մինասյանի սաներն առավելության հասել են 7:1 հաշվով:
Մոտավորապես նույն պատկերն է փոխչեմպիոն «Բանանցի» պարագայում՝ միայն բացառությամբ, որ խոշոր հաշվով հաղթանակներ Կուզմանոսկու թիմը չի տոնել: Արտասահմանյան երկու ուսումնամարզական հավաքների ընթացքում «Բանանցը» ութ ստուգողական հանդիպում է անցկացրել, որոնցից միայն երկուսում է հաղթել ու մեկում էլ խաղաղ ելք է կնքել: Փոխչեմպիոնի կազմում տեղի ունեցած հիմնական փոփոխություններին «Առավոտն» արդեն անդրադարձել է: Նշենք միայն, որ 2011-ին «Բանանցն» իր առջեւ նպատակ է դրել՝ հիմնվել տեղի ֆուտբոլիստների եւ սեփական դպրոցի սաների վրա, միեւնույն ժամանակ թիմ հավիրելով երկու լեգեոներ՝ Դրագան Դրագուտինովիչին՝ Սերբիայից ու Կոնստանտին Օդոլսկուն՝ Ուկրաինայից: Իսկ առայսօր դեռ թիմում են Բետոն ու Դուբալան:
Անցած առաջնության երրորդ մրցանակակիր «Ուլիսը», ինչպեսեւ «Բանանցը», երկու արտասահմանյան հավաք է անցկացրել՝ Ուռեկիում եւ Բելեկում: Սեւադա Արզումանյանի սաներն այդ ընթացքում միայն մեկ անգամ են հաղթանակ տոնել՝ նվազագույն հաշվով հաղթելով ղազախական «Ժետիսուին», երեք խաղում պարտություն կրել ընդհանուր 0:11 հաշվով ու եւս երեք հանդիպում ավարտել ոչ-ոքի: Ակումբը երեք լեգեոներների՝ Կոտ դ`Իվուարից՝ Անոնի եւ հայ ֆուտբոլասերին քաջ հայտնի Ռենատոյի եւ Լեւան Ակոբիայի հետ է պայմանագրեր ստորագրել: Թիմին են միացել նաեւ տեղի մի քանի ֆուտբոլիստներ, որոնց թվում՝ երիտասարդական հավաքականի անդամներ Ալբերտ Թադեւոսյանն ու Միհրան Մանասյանը:
Քանակական առումով տպավորիչ համալրում են ստացել Դիլիջանի «Իմպուլսն» ու Երեւանի «Արարատը»: Դիլիջանցիներին է միացել Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հովհաննես Գոհարյանը, ով նախորդ մրցաշրջանում վարձավճարով հանդես էր գալիս «Փյունիկում» եւ ում տրանսֆերի իրավունքները պատկանում էին բելառուսական ԲԱՏԷ-ին:
Ինչ վերաբերում է «Արարատին», թիմի համալրումը հիմնականում իրականացել է լուծարված «Կիլիկիայի», ինչպես նաեւ այլ թիմերից դուրս մնացած ֆուտբոլիստների հաշվին: «Արարատը» ոչ մի հավաք չի անցկացրել ինչպես արտասահմանում, այնպես էլ՝ Հայաստանում: Ակումբը բավարարվել է հայկական թիմերի հետ ստուգողական հինգ հանդիպումով, այդ թվում՝ առաջին խմբի ներկայացուցիչների հետ «հաջողացրել» 0:6 հաշվով պարտություն գրանցել «Գանձասարից» ու միայն մեկ հաղթանակ տոնել «Իմպուլս-2»-ի նկատմամբ: Ընդ որում, վերջին սպարինգն արարատցիները անցկացրել են մոտ կես ամիս առաջ, երբ դեռ թիմը գլխավորում էր Տիգրան Եսայանը: Այսօր «Արարատը» փակ է լրատվամիջոցների համար ու դժվար է անգամ ենթադրել, թե ինչ է կատարվում ակումբում: Ըստ սակավ տեղեկությունների, թիմի ղեկավարությունն այդպես էլ մարզիչ չի գտել ու այժմ ակումբի փոխնախագահ Արկադի Անդրեասյանը մասնակցում է մարզչական «Ա» կարգի որակավորման դասընթացներին, որպեսզի անձամբ գլխավորի թիմը: Թե ինչ ճակատագիր է սպասվում նոր-նոր բարձրագույն խումբ վերադարձած թիմին, դժվար է գուշակել: Անգամ խոսակցություններ են պտտվում, որ «Արարատը» նույնպես կարող է դուրս գալ առաջնությունից:
Վերջին օրերին նույնօրինակ լուրեր էին պտտվում նաեւ Երեւանի «Միկայի» շուրջ, ըստ որոնց՝ թիմը լուծարվելու էր: Լավ էր, որ ակումբն այդ լուրերը արագորեն հերքեց, ինչը սպասելի էր: Չէ՞ որ տրամաբանության սահմաններից դուրս կլիներ՝ ակտիվորեն նախապատրաստվել մրցաշրջանին, արտասահմանյան երկու հավաք անցկացնել, երեք նոր ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքել ու դրանից հետո լուծարվել: Ի դեպ, «Միկայի» առաջին «հավաքն» անցավ սուր մրցակցային ոգով՝ Սանկտ Պետերբուրգում կայացած ԱՊՀ եւ Բալթյան երկրների չեմպիոնների գավաթի շրջանակներում: Նման մի «հավաք» էլ անցկացրեց «Գանձասարը», բայց Աբադանում, որտեղ Կապանի թիմը Թուրքմենստանի նախագահի գավաթի խաղարկությունում հասավ եզրափակիչ, որտեղ էլ խայտառակ մրցավարության պայմաններում զիջեց տանտերերի թիմին: Իսկ դրանից առաջ Աբրահամ Խաշմանյանի սաները ուսումնամարզական հավաք էին անցկացրել Թուրքիայում՝ մեկական հաղթանակ ու պարտություն գրանցելով: Ըստ էության, «Գանձասարն» այս շրջանում ամենից ավելի արդյունավետ աշխատած կոլեկտիվն է. Թիմը տարել է չորս հաղթանակ, կրել երկու պարտություն եւ մեկ խաղ ավարտել է ոչ-ոքի:
Իսկ «Շիրակը» հայկական թիմերի մեջ ամենախաղաղասերն էր նախորդ երկու ամիսների ընթացքում: Գյումրեցիները նախամրցաշրջանային ութ խաղերից յոթն ավարտել են ոչ-ոքի եւ միայն մեկ պարտություն են կրել Բրեստի «Դինամոյից»: Թիմից հեռացել է միայն Եղիշե Մելիքյանը՝ պայմանագիր կնքելուց եւ մեկ ամիս «Շիրակում» մարզվելուց հետո: Փոխարենը՝ գյումրեցիների կազմը համալրվել է միանգամից ինը ֆուտբոլիստով, որոնց թվում կա նաեւ բելգիացի ու հորդանանցի:
Այսպիսին է հայկական թիմերի նախապատրաստության պատկերը 2011-ի նախամրցաշրջանային ձմռանը: Իսկ գարունն արդեն եկել է: