Քաթարի մայրաքաղաքում ընթացող շախմատի կանանց «Grand Prix»-ի խաղարկության եզրափակիչ մրցաշարի ութերորդ մրցափուլն անհաջող ավարտվեց հայաստանցի շախմատիստուհիների համար: Խաղատախտակների առջեւ ծավալված վեց զույգերից պայքարն առաջինն ավարտեցին Նանա Ձագնիձեն եւ Լիլիթ Մկրտչյանը եւ սեւերով խաղացող հայ շախմատիստուհին արդեն 30-րդ քայլում ընդունեց իր պարտությունը: Թիմակցից ու ընկերուհուց տասը քայլ ավելի խաղաց մրցաշարի միանձնյա առաջատար, գրոսմայստեր Էլինա Դանիելյանը: Բայց նա էլ, ավաղ, զիջեց հնդիկ գրոսմայստեր Համփի Կոներուին: Սա Էլինայի առաջին պարտությունն էր Դոհայում: Բայց, չնայած դրան, Դանիելյանը 6,5 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: Նրանից մեկ միավոր պակաս ունեն Կոներուն եւ Մարի Սեբագը (Ֆրանսիա):
Երեկ մեր երկու աղջիկներն էլ հանդես էին գալիս սպիտակ խաղաքարերով: Էլինան խաղում էր էկվադորցի Մարթա Ֆյերոյի, Լիլիթը՝ քաթարցի Ժու Չենի հետ: