Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկնարկի չի ելել

Մարտ 04,2011 00:00

\"\"«Sports.ru» կայքէջի տարածած տեղեկատվության համաձայն, Օսլոյում ընթացող դահուկային սպորտի աշխարհի առաջնությունում չորս դահուկորդներ, արյան մեջ հեմոգլոբինի բարձր մակարդակի առկայության պատճառով, չեն ելել մեկնարկի: Նրանք են. Արթուր Եղոյանը (Հայաստան), Միխայիլ Սեմյոնովը (Բելառուս), Դենիս Վոլոտկան (Ղազախստան) եւ Ալեքսեյ Շվիդկիյը (Ուկրաինա): Այս մասին հայտարարել է ձմեռային մարզաձեւերի միջազգային միության (FIS) գլխավոր քարտուղարի օգնական Սառա Ֆուսսեկը:
Լուրը, հասկանալի է, մտահոգեց մեզ եւ կատարվածի մեկնաբանությունը ստանալու նպատակով անմիջապես զանգեցինք հանրապետության դահուկային սպորտի ֆեդերացիա: Գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանն «Առավոտին» ասաց հետեւյալը. «Արթուր Եղոյանը պետք է մասնակցեր 10 կմ դահուկավազքի որակավորման մրցմանը, որի մեկնարկից առաջ բոլոր դահուկորդներից փորձանմուշ է վերցվել: Մենք էլ ենք տեղեկացել, որ Արթուրի արյան մեջ հեմոգլոբինի պարունակությունը մի փոքր գերազանցել է թույլատրելի նորման: Սակայն վստահաբար կարող եմ ասել, որ դա ինչ-որ արգելված բան օգտագործելու հետեւանք չէ, այլ հեմոգլոբինի բնական բարձրացում: Հաճախ այդպես լինում է, երբ ծովի մակերեւույթից երկու հազար եւ ավելի մետր բարձրության վրա բնակվող մարզիկը իջնում է ավելի ցածրադիր գոտի: Այս երեւույթը նկարագրված է նաեւ ՎԱԴԱ-ի կանոնագրքում: Այնպես որ, Արթուրից դեռ երկրորդ անգամ փորձանմուշ պետք է վերցվի եւ միայն դրանից հետո վերջնական եզրահանգում արվի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել