Դրանով մտահոգ անհատները կարող են համապատասխան տեղեկատվությունն ուղարկել www.sos.tsirani.am կայքին
Օրերս համացանցում հայտնվել է նոր՝ www. sos.tsirani.am կայք, որտեղ զետեղված են Հայաստանում հուշարձանների նկատմամբ «ոտնձգությունների» լուսանկարներ եւ փոքրիկ հաղորդագրություններ: Կայքը պատկանում է «Ծիրանի» հ/կ-ին: Ըստ վերջինի նախագահ Նարեկ Աշուղաթոյանի, www.sos.tsirani.am -ը կազմակերպության «Փրկենք հուշարձանները» նախագծի շրջանակներում է ստեղծվել:
«Արդեն 15 օր է՝ իրականացնում ենք հայկական հուշարձանների պահպանմանն ուղղված «Փրկենք հուշարձանները» նախագիծը, որը նպատակ ունի ի մի բերել հայկական հուշարձաններին վերաբերող հրատապ խնդիրները եւ որպես վերջնարդյունք՝ դրանք ուղղել համապատասխան գերատեսչությունների: Միտք ծագեց նախագիծն ավելի մասսայականացնելու համար ստեղծել մի կայք, որտեղ յուրաքանչյուր անհատ, եթե նկատում է որեւէ հուշարձանի պահպանությանն առնչվող խնդիր, կարող է լուսանկարել եւ այն ուղարկել վերոնշյալ կայքի հասցեին»,- ասաց Ն. Աշուղաթոյանը: Նրա խոսքով, նախաձեռնությունը խորը մտորումների արդյունք է. «Մենք հանգել ենք այն եզրակացության, որ մեր հուշարձանները արդյունավետ պաշտպանելու համար պետք է կազմակերպել ճիշտ տեղեկատվական միջավայր: Դա նշանակում է՝ երբ հուշարձանը վնասվում է, հենց այդ պահին պետք է դրա մասին բարձրաձայնել, խոսել: Հնարավոր է, որ շատ դեպքերում, հուշարձանի քանդումը, եթե դա կատարվում է ինչ-որ մեկի կողմից, կանխվի: Երբ մի դեպքի մասին սկսում են խոսել շատերը, ստեղծվում է մի տեսակ զսպման մթնոլորտ: Այս պատճառով որոշեցինք ստեղծել մի վիրտուալ տարածք, որտեղ կխոսենք այդ ամենի մասին: Կայքը մեզ համար անվճար ստեղծել են մեր ընկերները»:
Հ/կ-ի նախագահը ընդգծեց, որ «Ծիրանին» կարեւորում է բոլոր տեսակի հուշարձանները եւ պարտադիր պայման չէ հուշարձանի՝ որեւէ կառույցի կողմից գրանցված լինելը:
«Մեր գերխնդիրն է հավաքել տեղեկատվությունը եւ շատ հրատապ կերպով այն ներկայացնել իրավասու մարմիններին՝ կանխելու համար հուշարձանի քանդումը կամ ոչնչացումը: Տեղեկատվությունը տրամադրելուց հետո մենք հետամուտ ենք լինելու խնդրի լուծմանը»,- շեշտեց Ն. Աշուղաթոյանը՝ ավելացնելով, որ կայքը պարզ լուծումներով է, ավելի մոտ բլոգին:
Նարեկը նշեց, որ չնայած դեռ 15 օր է՝ ինչ կայքը գործում է, բայց արդեն ստացվել է 11 հուշարձանի լուսանկար՝ այցելուների կողմից: Որպես օրինակ Նարեկը ներկայացրեց Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի պատերը՝ գրատախտակի վերածվելու մասին ինֆորմացիան:
«Այս խնդիրները եկող շաբաթ կուղարկվեն համապատասխան լսարանին՝ դրանց լուծման ակնկալիքով»,- ասաց նա, հավելելով, որ կայքի հասցեին կարող են ուղարկել ոչ միայն Հայաստանի հայկական հուշարձաններին վերաբերող խնդիրները, այլեւ Հայաստանից դուրս եղած հայկական հուշարձանների մասին: