Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՐԱԿՆ ԱՐԴԵՆ ԿԱՐԵՎՈՐ ՉԷ

Մարտ 04,2011 00:00

\"\"Որովհետեւ սփյուռքում հայերեն խոսելը խիզախություն է,  գրականություն ստեղծելը՝ սխրանք

Վերջին շրջանում սփյուռքահայ բազմաթիվ հեղինակներ պարբերաբար հայրենիքում են տպագրում իրենց գրքերը, կազմակերպում դրանց շնորհանդեսներն ու քննարկումները: Արդեն ավանդական դարձած գրողների համահայկական համաժողովներն էլ ձեւավորում են շփման նոր մակարդակ: Ձեռնարկներ, բոլոր ժանրերը ներառող անթոլոգիաներ, որոնք կօգնեին սփյուռքահայ ժամանակակից գրականությունը դիտարկել հնարավոր ամբողջական համապատկերի մեջ՝ մինչեւ վերջերս չկային: Այժմ, սակայն, գրքասերի սեղանին ՀՀ սփյուռքի նախարարության եւ ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի «Գրական սփյուռք» տարեգիրքն է:
«Առավոտը» հանդիպեց բանասիրական գիտությունների թեկնածու, Գրականության ինստիտուտի ավագ գիտաշխատող, «Գրական սփյուռքի» պատասխանատու քարտուղար Արքմենիկ Նիկողոսյանի հետ:
Մեր զրուցակիցը հակիրճ ներկայացնելով տարեգիրքը, նշեց, որ այն հարմար տարբերակ է հստակ պատկերացում կազմելու ու հասկանալու համար, թե իրականում իրենից ինչ է ներկայացնում ժամանակակից սփյուռքահայ գրականությունը: «Տարեգրքի գլխավոր խմբագիր, բանասիրական գիտությունների թեկնածու, Գրականության ինստիտուտի սփյուռքի գրականության բաժնի վարիչ Հրաչյա Սարիբեկյանի հետ խմբագրական խորհրդի անդամներս, հասկանալով, որ սփյուռքում հայերեն ստեղծվող ամեն տեքստ չէ, որ գրականություն է եւ արժանի է հիացումի ու գնահատման, ընտրեցինք 6 գաղթօջախից 24 հեղինակների գործ, ընդգրկելով՝ պոեզիա, արձակ, թատերգություն եւ գրականագիտություն բաժիններում: Իհարկե, անհամեմատ ավելի շատ նյութ կար, քան տարեգրքի ծավալն է, սակայն մենք աշխատել ենք, որ ներկայացվի հնարավորինս գրականություն: Կարծում ենք, որ մեզ հաջողվել է ստանալ սփյուռքի այսօրվա գրականության ընդհանուր դիմագիծը ներկայացնող տարեգիրք՝ ընդհանուր միտումներով եւ հիմնական անուններով»,- ասաց Ա. Նիկողոսյանը: Նա հավելեց նաեւ, որ իրենք համագործակցել են սփյուռքի այն գրողների հետ, որոնց հետ կարողացել են կապ հաստատել կամ որոնք արձագանքել են իրենց նամակներին ու համագործակցության առաջարկին. «Ավելորդ չեմ համարում նշել, որ սփյուռքի բազմաթիվ գրողներ մեր նամակները թողեցին անպատասխան: Իմ կարծիքով, այնտեղ եւս որոշակի տարբաժանումներ կան հենց գրականության չափանիշների առումով: Գրողները, ովքեր արժեքներ են ստեղծում, պարզապես չեն ուզում ընդհանուր կաթսայի մեջ եփվել՝ իրենց անունները դնելով գրամոլների, միջակ գրողների եւ շատագրողների կողքին»:
Հետաքրքրվեցինք՝ կա՞ն տաղանդավոր մտավորականներ ու գրողներ, որոնց հետ չստացված համագործակցության համար ցավ է ապրում: «Ֆրանսահայ Գրիգոր Պըլտյանը, Սիրիայից՝ Մատուշը, Թուրքիայից՝ Վերջիհան Զիֆլիօղլուն, Սեւան Տեյրմենջյանը եւ այլք»,- բարձրաձայնեց Ա. Նիկողոսյանը:
Խնդրեցինք առանձին-առանձին ներկայացնել Հայաստանի եւ սփյուռքի գրականության մերօրյա վիճակը: «Հայաստանում վիճակը կանոնակարգված է, թեեւ մեզանում էլ կան բացասական միտումներ, գրամոլության աղբ եւ այլն: Հայաստանում կարող ենք պայքարել դրա դեմ, այնինչ սփյուռքի դեպքում երբեմն դժվար է դա անել՝ հոգեբանական ու բարոյական տեսանկյունից: Հայաստան-սփյուռք խորհրդաժողովների ժամանակ, երբ խոսում ենք արդի սփյուռքահայ գրականության ոչ պատշաճ վիճակի մասին, արտերկրի մեր գրչակից կոլեգաները փաստում են, թե սփյուռքում հայերեն խոսելն արդեն խիզախություն է, մայրենիով գրականություն ստեղծելը՝ սխրանք, ուստի որակն այնքան էլ կարեւոր չէ»,- հայտնեց Արքմենիկ Նիկողոսյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել