Կիպրոսի թուրքական հատվածում ընդդեմ կառավարության կողմից նոր տնտեսական քաղաքականության՝ բողոքի ակցիա էր կազմակերպվել, որը, ինչպես եւ մեկ ամիս առաջ տեղի ունեցածը՝ կրել է խիստ հակաթուրքական բնույթ: News.am-ի մատուցմամբ, այդ մասին գրել է թուրքական Hurriyet-ը: Աղբյուրի փոխանցմամբ, Կիպրոսի թուրքական հատվածում մեկ ամիս առաջ հակաթուրքական բողոքի ակցիայից հետո Անկարայի խիստ հայտարարություններից հետո ոստիկանությունն այս անգամ խիստ հսկողություն էր իրականացրել՝ թույլ չտալով միտինգի տարածք մտցնել Կիպրոսի Հանրապետության դրոշները, «Կորչի զավթիչ Թուրքիան» եւ նմանատիպ այլ հակաթուրքական կարգախոսներով պաստառներ:
Տարբեր տվյալներով՝ մոտ 50 հազար հոգու մասնակցությամբ բողոքի ակցիայի ընթացքում Kamu-Sen արհմիության նախագահ Մեհմեդ Օզքարդաշը նշել է, որ իրենց ղեկավարությունը իրենց խաբում է եւ Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության հրահանգներով Կիպրոսի թուրք ժողովրդին հասցրել են ոչնչացման եզրին:
Հանրահավաքի տարածք մուտք գործելու ժամանակ մի խումբ ցուցարարների եւ ոստիկանության միջեւ քաշքշուկ է տեղի ունեցել: Ոստիկանները պահանջել են թողնել իրենց մոտ Կիպրոսի դրոշներն ու «Կորչի զավթիչ Թուրքիան» կարգախոսները եւ նոր մտնել հանրահավաքի տարածք: Սակայն ցուցարարները հրաժարվել են եւ սկսվել է քաշքշուկը:
Նշենք, որ վերջին շրջանում խիստ լարվել են Թուրքիայի եւ Կիպրոսի թուրքական հատվածի միջեւ հարաբերությունները: Այն պահին, երբ Էրդողանը մեկնել էր Կիպրոսի թուրքական հատված, տեղի էին ունեցել հակաթուրքական բողոքի միջոցառումներ:
Այս կապակցությամբ Թուրքիայի փոխվարչապետ Ջեմիլ Չիչեքը հայտարարել էր, թե ուրբաթ օրը Թուրքիային հայհոյողները երկուշաբթի նույն Թուրքիայից ստանում են իրենց աշխատավարձը: