Լրահոս
Օրվա լրահոսը

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՃԱՊՈՆԻԱՅԻՆ ԲՈՂՈՔԻ ՆՈՏԱ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ

Մարտ 04,2011 00:00

\"\"Ճապոնիան փետրվարի սկզբին Տոկիոյում ՌԴ դեսպանության շենքի առջեւ ռուսական դրոշն այրած ցուցարարների գործողությունների առնչությամբ կրկնակի հետաքննություն անցկացնելու անհրաժեշտություն չի տեսնում: BBC-ի մատուցմամբ, այդ մասին հայտարարել է Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Յուկիո Էդանոն՝ հայտարարելով, թե ցուցարարների գործողություններում հանցակազմ չի հայտնաբերվել:
Հիշեցնենք, որ դեռ չորեքշաբթի օրը ՌԴ-ն Ճապոնիային բողոք էր հայտնել, այսպես կոչված՝ «Հյուսիսային տարածքների օրվան» նվիրված միջոցառման ժամանակ ՌԴ դրոշն անարգած ցուցարարներին քրեական հետապնդման չենթարկելու առնչությամբ:
«Ճապոնիայի իշխանությունների նման «մեղմությունը»  խուլիգանների հանդեպ չի կարող գնահատվել այլ կերպ, քան՝ աչքակապություն»,- հայտարարել էր ՌԴ արտգործնախարարությունը:
Տոկիոն, մինչդեռ, մտահոգություն է հայտնում ԶԼՄ-ների տարածած տեղեկությունների հետ կապված, որոնք վերաբերում են Կուրիլյան կղզիներում հակաօդային պաշտպանության համակարգեր տեղակայելու՝ Մոսկվայի ծրագրերին, որոնց առնչությամբ, սակայն, ՌԴ-ից  պաշտոնական հաստատում չի ստացվել: Այդուհանդերձ, Տոկիոն այդ ծրագրերը որակել է որպես «ափսոսանքի արժանի» մտադրություններ. «Հյուսիսային չորս կղզիներում Ռուսաստանի ռազմական ներկայության մեծացումն անհամատեղելի է մեր դիրքորոշման հետ եւ ծայրաստիճան ցավալի է»,- հայտարարել է ճապոնական կառավարության գլխավոր քարտուղարը՝ հավելելով, որ Ճապոնիան ուշադրությամբ հետեում է  Հեռավոր Արեւելքում ՌԴ-ի ծավալած ռազմական միջոցառումներին: Էդանոն նաեւ շեշտել է, թե ճապոնացիները մտադիր չեն համակերպվել եւ հրաժարվել այն տարածքներից, որոնց առնչությամբ հավակնություններ է հայտնում ՌԴ-ն:
Հիշեցնենք, որ Ճապոնիան Ռուսաստանից հետեւողականորեն պահանջում է վերադարձնել Իտուրուպ, Կունաշիր, Շիկոտան եւ Խամբոմայ կղզիները, իսկ Մոսկվան իր հերթին պնդում է, թե դրանք Ռուսաստանի տարածքներ են եւ  վերանայման ենթակա չեն: Հենց այդ տարածքային վեճի պատճառով է, որ Ռուսաստանն ու Ճապոնիան մինչ օրս չեն կարողանում խաղաղության պայմանագիր կնքել:
Ճապոնիայից ստացված մեկ այլ տեղեկության համաձայն, այդ երկրի իշխանությունները հաստատել են լուրերը, ըստ որոնց՝ Արեւելաչինական ծովում Ճապոնիայի եւ Չինաստանի միջեւ վիճելի տարածք համարվող կղզիների մոտ երկինք են բարձրացվել երկու կործանիչ ինքնաթիռներ, եւ դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ կղզիների մոտակայքում նկատվել է չինական երկու ինքնաթիռ:
Ճապոնիայի կառավարության ներկայացուցիչն ասել է, թե չինական կործանիչները գտնվել են վիճահարույց, բայց Ճապոնիայի վերահսկողության տակ գտնվող կղզիներից 50 կմ տարածության վրա, բայց օդային սահմանի խախտում տեղի չի ունեցել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել