Լրահոս
Օրվա լրահոսը

«Կրթության վիճակը տագնապալի է»

Մարտ 04,2011 00:00

Փաստում են պատանիները

ՅՈՒՆԻՍԵՖ-ը հրապարակել է «Երեխաների վիճակն աշխարհում 2011թ., «պատանեկություն, հնարավորությունների տարիք» ամփոփ զեկույցը: Երեկ զեկույցի շնորհանդեսի ժամանակ Հայաստանի տարբեր մարզերի 15-17 տարեկան տղաներն ու աղջիկները խոսեցին իրենց խնդիրների եւ մատչելի հնարավորությունների մասին: «Հայաստանում երիտասարդները բարձրացնում են առաջին հերթին կրթության խնդիրը, նշանակում է, որ կրթության որակի հետ կապված իսկապես խնդիր կա, որը հաստատում է նաեւ ՅՈՒՆԻՍԵՖ-ը: Ամեն ինչ պետք է արվի, որ բարեփոխումները կրթության ոլորտում ճիշտ ընթանան»,-«Առավոտի» հետ զրույցում ասաց Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Լեյլի Մոշիրին: Նրա կարծիքով, Հայաստանում, ինչպես ամբողջ աշխարհում, պատանիները բավականին ասելիք ունեն, բայց այդ պոտենցիալը չի օգտագործվում. «Նրանք այնքան ձգտումներ, դրական էներգիա ունեն, մենք կարող ենք լավ արդյունքներ ստանալ, բայց այդ ներուժը չենք օգտագործում»: Տիկին Մոշիրին կարեւորեց նաեւ հատուկ կարիք ունեցող երեխաների՝ կյանքի տարբեր ոլորտներում ինտեգրվելը:
Հայաստանի վիճակագրական ծառայության համաձայն, 2010 թ. Հայաստանում ապրում են 500 հազար պատանիներ, որոնք Հայաստանի ողջ բնակչության 15%-ն են կազմում: ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից անչափահասների աշխատանքի վերաբերյալ իրականացված մի ուսումնասիրության մեջ նշված է, որ Հայաստանում 7-18 տարեկան երեխաների շուրջ 5%-ը ներգրավված է եղել որոշակի աշխատանքներում: Նրանց մեկ երրորդը 14 տարեկանից ցածր է եղել:
17-ամյա Արեգ Քոչինյանի կարծիքով, Հայաստանում այժմ միջնակարգ եւ բարձրագույն կրթության միջեւ չկա կապող օղակ: Նա մեջբերեց Զբաղվածության պետական ծառայության կոմիտեի հրապարակած տվյալները, ըստ որի՝ 21 հազար երիտասարդ մեր հանրապետությունում գործազուրկ է, նրանցից 14 հազարն առաջին անգամ են աշխատանք փնտրում, իսկ 56%-ը աշխատում է ոչ իր մասնագիտությամբ: Ըստ նրա, կրթության մակարդակը չի համապատասխանում գործատուի պահանջներին. «Հանրապետությունում ստեղծվել է այնպիսի իրավիճակ, երբ բոլորն ունեն դիպլոմ, բայց քչերն ունեն դիպլոմին համարժեք գիտելիքներ: Կրթության վիճակը Հայաստանում տագնապալի է մի քանի պատճառներով, որոնցից կարեւորում ենք ֆինանսական լուրջ ներդրումների բացակայությունը: Մեր բուհերը մաշված են, բայց աշխատում են: Մաշված են ոչ միայն ֆիզիկապես, այլեւ մեթոդոլոգիական առանձնահատկություններից ելնելով: Դասախոս-ուսանող կապը հնացած է, հաճախ դասախոսը ուսանողի ձայնը լսում է պետական ավարտական քննությանը, բացակայում են սեմինարները: Կառավարությունը գումար է ծախսում ամեն ինչի՝ ճանապարհաշինություն, քաղաքաշինություն, «Արի տուն» ծրագրի վրա, բայց՝ ոչ բուհերի: Հին ասացվածք կա՝ ժողովրդին պետք չէ ձուկ հյուրասիրել, ժողովրդին պետք է ձուկ բռնել սովորեցնել: Պահանջում ենք որակյալ կրթություն, իսկ երկիրը մենք կկառուցենք»: Նա խոսքը ավարտեց հռետորական հարցով՝ «Ի՞նչ է արել ազատ Հայաստանը անկախության սերնդի համար եւ ի՞նչ է պահանջում»:
16-ամյա Ջուլիետա Մարտիրոսյանն անդրադարձավ գրքին ու ընթերցանությանը: Նրա կարծիքով, գրադարաններում գրքերը հնացած են, չկա նոր գրականություն, իսկ ավագ դպրոցի դասագրքերը չափազանց բարդ են եւ դրանցում լիքն են սխալները, ուսուցիչներն էլ անընդհատ զգուշանում են, որ երեխան սխալ բան չսովորի: Ջ. Մարտիրոսյանը նշեց, որ չնայած խնդիրներին՝ փորձում են համատեղել ե՛ւ ժամանցը, ե՛ւ թատրոնը, ե՛ւ գիրքը:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության գնահատումների համաձայն՝ Հայաստանում ապրում են 5030 հատուկ կարիքներով պատանիներ: Ավետ Ավետիսյանը կարծում է, որ սահմանափակ հնարավորություն ունեցողները Հայաստանում տեղաշարժվելու խնդիր ունեն. «Վերջին տարիներին կառուցվում են որոշ թեքահարթակներ, բայց դրանք այնքան էլ հարմար չեն եւ կարիք ունեցողների համար էքստրեմալ սպորտի են վերածվում: Աշխատանք տվողներն էլ նրանցով հետաքրքրված չեն»:
Հանդիպման վերջում ներկայացվեցին պատանիների պատրաստած տեսանյութերը: Հայտնի է, որ ծխելն արգելված է 18 տարին չլրացած անձանց համար: Տեսանյութերից մեկում հայրը որդուն հրամայում է բերել մոխրամանը, ապա «խորհուրդ տալիս» նրան. «Երբեք չծխես, ծխելը վատ բան է»: Մեկ այլ կադրում տղան ծխում է եւ իր շանն է «երբեք չծխելու» խորհուրդ տալիս:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել