«Հայբուսակը» կընդարձակվի, «կբարգավաճի»
«Առավոտը» տեղեկացրել է, որ փետրվարի 24-ին կայացել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի համապատասխան հրամաններով ոչ պետական 24 բարձրագույն ուսումնական հաստատությունների բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերով լիցենզիաների պարտադիր պայմանների ու պահանջների պահպանման նպատակով իրականացված ստուգումների արդյունքները:
Հանձնաժողովի գաղտնի քվեարկությամբ կայացված որոշման հիմքով ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի համապատասխան հրամաններով կասեցվել կամ դադարեցվել են որոշ բուհերի՝ կրթական գործունեություն իրականացնելու լիցենզիաներ:
Նույն հանձնաժողովը նաեւ ի գիտություն է ընդունել. «Ռոսլին» արվեստի ինստիտուտի եւ Երեւանի Լորիս Քալաշյանի անվան բաց համալսարանի միացումը «Հայբուսակ» համալսարանին: «Ռոսլին» արվեստի ինստիտուտի ռեկտոր Խաչիկ Սամվելյանը քաղաքում չէր, դրա համար «Առավոտը» «միաձուլման» հետ կապված մեկնաբանություն խնդրեց պրոռեկտոր Ռուզաննա Հարությունյանից:
«Ռոսլին» արվեստի ինստիտուտը եւ Երեւանի Լորիս Քալաշյանի անվան բաց համալսարանը ունեն նույն դիզայն ֆակուլտետները: Մեր ինստիտուտը ուներ սահմանափակ թվով ուսանողներ եւ չուներ ոչ մի ուրիշ բաժին, զբաղվում էինք միայն դիզայնով, իսկ դա նպատակահարմար չէր՝ բուհը պահելու համար ֆինանսական առումով: Եթե, ինչպես մյուս բուհերը, ունենայինք նաեւ իրավաբանություն, տնտեսագիտություն եւ այլ բաժիններ, այլ կլիներ, տարիների մեր աշխատանքը ցույց տվեց, որ հարմար է, որպեսզի Քալաշյանի անվան համալսարանի ու մեր ինստիտուտի դիզայնի բաժինները միանան, որովհետեւ միայն մեկ դիզայն ֆակուլտետով կրթական գործունեություն իրականացնելն անհնար էր»,- պարզաբանեց տիկին Հարությունյանը:
Ինչպես Բաց համալսարանի, այնպես էլ «Հայբուսակի» ռեկտորը նույն մարդն է՝ Անահիտ Հարությունյանը:
Հիշեցնենք, որ սա այն բուհն է, որի մասին Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Գոհար Քյալյանը ուսանողների հետ հանդիպման ժամանակ ասել էր. «Մենք ուզում եք որակով մասնագետ պատրաստել… Չեք ուզում՝ գնացեք կոոպերատիվ բուհեր, օրինակ՝ «Հայբուսակ»: Մենք ստեղ Շառաշկինա կանտոռա չենք… գիտե՞ք ինչ լավ ա «Հայբուսակի» ռեկտոր լինելը, ամբողջ օրը հեռուստաէկրանին ես, փողերը ստանում՝ դիպլոմները տալիս ես»:
Ինչ վերաբերում է ժամանակին դաշնակցական կապերով իրեն ամուր զգացող Անահիտ Հարությունյանին, ԶԼՄ-ներից մեկին վերջերս նա ասել էր, թե հնարավոր է ընդունվի ԲՀԿ շարքերը, քանի որ այդ կուսակցության գաղափարախոսությունն իր կարծիքով չի հակասում ՀՅԴ-ի գաղափարախոսությանը: