Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՅԱԼՅԱՆԸ ԵՐԳԵՑ ԻՐ ԿԱՐԱՊԻ Ե՞ՐԳԸ

Մարտ 04,2011 00:00

\"\"Բժշկական համալսարանի ռեկտորն այսօրվանից Գոհար Քյալյանը չէ

Երեկ Մ. Հերացու անվան Երեւանի պետական բժշկական համալսարանում տեղի ունեցավ գիտական խորհրդի նիստ, որի ընթացքում ռեկտոր Գոհար Քյալյանը ներկայացրեց իր պաշտոնավարման 5 տարիների՝ 2006-2011 թվականների մասին հաշվետվություն: Դա, ինչպես ինքն էլ նշեց, իր վերջին գիտխորհրդի նիստն է, քանի որ երեկ լրացավ ռեկտորի պաշտոնավարման ժամկետը: Հաշվետվության ներկայացումը տեւեց շուրջ 40 րոպե, որից ընդամենը 10 րոպեի ընթացքում տիկին ռեկտորը խոսեց կրթական եւ գիտական ծրագրերի մասին: Հաշվետվության առյուծի բաժինը նվիրված էր նրան, թե ինչ շինարարություններ է կատարել Գ. Քյալյանն իր պաշտոնավարման ընթացքում: Այնպիսի տպավորություն էր ստեղծվում, որ ռեկտորը ներկայացնում էր իրեն կամ իր ամուսին Սամվել Մայրապետյանին պատկանող շինարարական ընկերությունների կատարած աշխատանքների հաշվետվությունը՝ հերթական տենդերը շահելու համար: Գ. Քյալյանը ելույթի ընթացքում նշեց, որ իր պաշտոնավարման առաջին ամիսներին իրենք զբաղված են եղել հետ բերելով այն ամենը, ինչ վերցվել է Բժշկականից: Օրինակ բերեց «Մանուկ» պոլիկլինիկան, որ այժմ Բժշկական համալսարանի սեփականությունն է: Այս խոսքից հետո դահլիճում նստածներից շատերը քմծիծաղ տվեցին՝ հավանաբար մտածելով, որ ոչ թե համալսարանի սեփականությունն է դարձել, այլ Քյալյանի: Տիկին Քյալյանը նշեց, թե պոլիկլինիկան կարելի է գրավ դնել եւ բանկից մեծ գումարներ ձեռք բերել: Գ. Քյալյանը ամփոփելով ելույթը՝ նշեց. «Ավել- պակաս կներեք»:
Հաշվետվության ներկայացումից հետո պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներն ու ուսանողները գովասանական խոսքեր էին հնչեցնում ռեկտորի հասցեին, քիչ էր մնում դասեին սրբերի շարքին: Յուրաքանչյուրն իր պարտքն էր համարում աղաչել ռեկտորին, որպեսզի նա իր թեկնածությունն առաջադրի եւ վերընտրվի ռեկտորի պաշտոնում: Պարզից էլ պարզ էր, որ ամեն ինչ բեմականացված էր, քանի որ «մեծահոգի» ռեկտորը փորձում էր համեստություն ցուցաբերել եւ հայտարարում էր, թե բավական է, սակայն աշխատակազմն իբր այնքան գոհ ու շնորհակալ էր «սիրելի» ռեկտորից, որ չէր կարողանում զսպել իրեն: Շոուն իր գագաթնակետին հասավ, իրբ 1-ին կուրսի ուսանողներից մեկը մի բանաստեղծություն ձոնեց ռեկտորին: Զավեշտալի էր, երբ բուհի երկարամյա պրոֆեսորներից մեկը ամբիոնից հնչեցրեց. «Եկեք առաջարկենք մեր հարգարժան ռեկտոր Գոհար Պետրոսովնային, որ հրաման տա, որ իրեն պարգեւատրեն առաջին կարգի մեդալով»: Գ. Քյալյանն էլ նշեց. «Մեդալներ չեմ ուզում, քանի որ դրանք տալիս են հետմահու, իսկ ես դեռ երկար եմ ապրելու»: Ինչ վերաբերում է մամուլի հրապարակումներին, այս մասին էլ հավելեց. «Երբեք դրանց չենք պատասխանել ու չենք պատասխանելու: Երեւանում յուրաքանչյուր մարդ իրավունք ունի իր կարծիքն ունենալու եւ այն արտահայտելու: Մամուլն էլ ունի իր ռազմավարությունը: Դուք գիտեք, որ մենք էլ ունենք մամուլի միջոց, ես «հ2»-ի «օուներն» եմ, սա կարող եմ հայտարարել, քանի որ արդեն վաղվանից անկախ քաղաքացի եմ, ընդամենը ամբիոնի վարիչ, ուստի կարող եմ ազատ ապրել»: Երբ հանդիպման ավարտից հետո փորձեցինք Գ. Քայլյանից ճշտել՝ նա առաջադրելո՞ւ է իր թեկնածությունը, թե՝ ոչ, հրաժարվեց մեկնաբանություններ տալ: Սակայն պրոֆեսորադասախոսական կազմը «լցված» էր, «Առավոտի» հետ զրույցում նրանց մեծամասնությունը ասաց, որ կատարվածն իսկական շոու էր: Նրանցից մեկը, ով հանդիպման ընթացքում մի քանի անգամ ձեռք բարձրացրեց ելույթի համար, սակայն Քյալյանը նրան համառորեն խոսք չտվեց, վրդովված ասաց, որ այս ամենը նախապես մշակված եւ կազմակերպված էր: Բժշկական համալսարանի հավանական թեկնածուների շարքում երեկ շրջանառվում էին Առողջապահության ինստիտուտի տնօրեն Դերենիկ Դումանյանի եւ ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանի անունները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել