ՀՀ մարդու իրավունքների նոր պաշտպանը մեկ անգամ արդեն համակերպվել է իր համար անցանկալի իրողության հետ:
Մարտի երկուսից առաջ էլ պարզ էր, թե ով է լինելու Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աթոռի երրորդ զբաղեցնողը՝ Կարեն Անդրեասյան: Նրա մասին հայտնի է հետեւյալը՝ նկարահանվել է կարճամետրաժ հումորային տեսահոլովակներում, հեռուստահաղորդում է վարել եւ հեղինակ է մի օրինագծի, որն ընդունվել եւ դարձել է մահակ ԶԼՄ-ների դեմ՝ մեծ ու շատ մեծ չափերի գումարներ, որպես փոխհատուցում, պահանջելու տեսքով: Հենց այս երրորդի մասին խոսելիս էլ Կարեն Անդրեասյանը կամա թե ակամա խոստովանել է, որ չի կարող մարդու իրավունքների լավ պաշտպան լինել: Որ Կարեն Անդրեասյանն էր լինելու Հայաստանի ՄԻՊ՝ կասկածից վեր է: Առաջին անգամ չէ, որ կոալիցիան հասարակության կամքին հակառակ որոշումներ է ընդունում. օտարալեզու դպրոցներ, կոռումպացված, վատ պաշտոնյաների անձեռնմխելիություն եւ այլն: Այս մեկն էլ արեցին: Կարեն Անդրեասյանին կարգեցին ՄԻՊ:
Կարեն Անդրեասյանին ամենից շատ քննադատում են հենց ԶԼՄ-ների դեմ մահակ ստեղծելու մեջ: Այս մեղադրանքներին ի պատասխան, Կարեն Անդրեասյանն ասել է, թե ինքը լրատվամիջոցների դեմ չէ, ինքը նախագծում գրել էր, թե անձի կամ կազմակերպության բարի համբավն ու արժանապատվությունը վիրավորող հոդվածի դիմաց փոխհատուցումը չպետք է գերազանցի 2 միլիոն դրամը: Էդ «փիս» կոալիցիան է, որ իր առաջարկած սահմանափակումը հանել ու նոր միայն նախագիծը ընդունել է: Բայց նկատենք, որ դրանից հետո Կարեն Անդրեասյանը չի ընդվզել: Իհարկե, Կարեն Անդրեասյանը Ջենիֆեր Լոպես կամ Մոնիկա Բելուչի չէ, ում ամեն մի միտք անմիջապես հայտնվում է համացանցում: Անգամ «Եվրատեսիլի» Հայաստանի ներկայացուցիչ էլ չէ, որ ազատ եւ պատասխանատու հեռուստաընկերությունները ամեն օր նրան «մատուցեն» հանրությանը: Բայց նաեւ միանշանակ է, որ եթե Կարեն Անդրեասյանը ժամանակին բացահայտած լիներ, որ կոալիցիան իր առաջարկը ձեւափոխել կամ խեղաթյուրել է, հաստատ արձագանքներ կլինեին ու կիմանայինք, թե ով է իրականում ԶԼՄ-ների դեմ մահակի «կնքահայրը»: Մի խոսքով, նա բան չի արել, լռել-համակերպվել է, երբ կոալիցիան իրեն անհարմար դրության մեջ է դրել:
Կոալիցիոն նոր հուշագիրը նշանակում էր, որ սույն միավորը փոխվելու մտադրություն չունի: Հիմա ո՞ւր է եւ ո՞րն է երաշխիքը, որ այսօր լռող-համակերպվող Կարեն Անդրեասյանը կփոխվի ու կդառնա ըմբոստ ու ընդվզող՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պատասխանատու պաշտոնում: Չկա նման երաշխիք: Ավելին. հակված եմ մտածել, որ Կարեն Անդրեասյանը շատ լավ էլ տեղյակ է եղել, որ իր նախագիծը փոփոխվել է: Ուրեմն նա, որ նախկինում իշխանություններին թթու խոսք չի ասել, հիմա եւ հետո էլ չի ասելու: Ուրեմն, եթե իշխանությունները հանրահավաքը արգելելու, ճանապարհները փակելու, մարդկանց անհիմն ոստիկանություն տանելու, «տանիք» չունեցող գործարարներին նեղելու կամ որեւէ այլ ձեւով խախտեն մարդու իրավունքները, մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը լավագույն դեպքում լռելու է, վատագույն դեպքում՝ պնդելու, որ ոչ մի խախտում էլ չկա: За державу обидно :