ԱԺ-ն օրենք է ընդունել պիրատության դեմ, կառավարությունն այն չի իրագործում
Պատկերացնո՞ւմ եք, մեր հայրենի «պիրատները» ուզում են դուրս գալ ստվերից եւ աշխատել օրինական դաշտում, բայց հանդիպում են խոչընդոտների՝ պետական մարմինների կողմից: Այս դետեկտիվի կամ մարտաֆիլմի սյուժեն եթե պատմես աշխարհի որեւէ երկրում, բոլորը այն ժպտալով կընդունեն, որպես չհաջողված կատակ: Դեռ անցյալ տարի ՀՀ ԱԺ-ն ընդունեց «Հսկիչ նշանների (դրոշմապիտակների) միջոցով տեսա-ձայնային մագնիսական կրիչների պարտադիր դրոշմավորման մասին» օրենքը, որը դեկտեմբերին վավերացվեց ՀՀ նախագահի կողմից: Այդ օրենքի համաձայն, պետք է դրոշմապիտակներ փակցվեն Հայաստանում վաճառվող CD/DVD-ների վրա, որոնք կհաստատեն վաճառվող սկավառակների օրինականությունը: Նաեւ սկավառակ թողարկողները կամ վաճառողները պետք է պարտադիր պայմանագիր ունենան հեղինակի, կատարողի կամ իրավատիրոջ հետ եւ նրանց մասնաբաժին հատկացնեն եկամտից: Սա լուրջ քայլ էր Հայաստանում հեղինակային իրավունքների պաշտպանության բնագավառում: Այս ոլորտում օրենսդրական կարգավորման անլիարժեքության պատճառով տուժում էին թե արվեստագետները, թե պետական բյուջեն եւ թե երկրի միջազգային հեղինակությունը: 2011թ. մարտի 1-ից օրենքը մտավ ուժի մեջ, սակայն կիրարկման կարգի եւ վերահսկող մարմնի մասին կառավարության որոշման բացակայության պատճառով՝ այն չի գործում: Թե ինչու կառավարությունը չի ընդունում այդ որոշումը՝ մնում է անհայտ: Արդյո՞ք որոշում ընդունելը այդքան ծանր գործ է: Վերջերս ՀՀ կառավարությունը ԱԺ է բերել մի օրենքի նախագիծ, որը նախատեսում է դրոշմապիտակներ փակցնել բազմաթիվ այլ ապրանքների վրա, սկսած փաթեթավորված սննդի տարբեր տեսակներով, վերջացրած՝ ըմպելիքներով ու մաքրման միջոցներով: Այսինքն՝ խոսքը մեծաքանակ ապրանքատեսակների մասին է: Եթե միայն մեկ ապրանքատեսակի՝ տեսա եւ ձայնասկավառակների դեպքում կառավարությունը դժվարանում է որոշում ընդունել կիրարկման կարգի մասին, ապա ի՞նչ կարող է լինել ապրանքների մեծ տեսականու դեպքում:
Իր այս քայլով մեր կառավարությունը, կարծես ակամայից, աջակցում է մեր «պիրատներին»: Ավելին, օգտվելով առիթից, նրանք սկսել են բողոքել ոչ միայն կիրարկման կարգի բացակայությունից, այլեւ հենց օրենքից: Կառավարության դանդաղկոտությունից ոգեւորված՝ նրանք արդեն վախեցնում են առանց այդ էլ վերջին շրջանում գների աճից վախեցած հասարակությանը, ասելով, թե սկավառակների գները աննախադեպ կաճեն: Իրականում սկավառակների գները չեն աճի, եթե մեր «պիրատները» հրաժարվեն իրենց համար արդեն սովորական դարձած գերշահույթներից: Կարծում ենք, որ եթե կառավարությունը ճիշտ ժամանակին եւ ամենայն խստությամբ ձեռնամուխ լիներ օրենքի կատարմանը, «պիրատները» չէին ոգեւորվի եւ չէին ուզենա ցուցադրել իրենց ճարտասանական վարպետությունը, իրենց ներկայացնելով որպես զոհ: Իրականում զոհը մեր հասարակությունն է եւ մշակույթի գործիչները, որոնք բացահայտորեն թալանվում են եւ դարձել են «պիրատների» պատանդը: Հուսով ենք, որ մեր կառավարությունը վերջապես կընդունի կիրարկման կարգը եւ ամենայն խստությամբ կկիրառի օրենքը: Այսպիսով՝ կապացուցվի, որ գերակա է ոչ թե «պիրատների», այլ հասարակության շահը: