Փետրվարի 22-ին «Մարզպետարանը դեմ է» լուրով տեղեկացրել ենք, որ Գեղարքունիքի մարզպետարանում քննարկվել է «Գեղարքունիքի մարզում կենցաղային աղբավայրերի եւ աղբի վերամշակման գործարանի կառուցման նախագիծը», ըստ որի՝ մարզում գործող 27 գլխավոր աղբավայրի փոխարեն կլինի 5 աղբավայր (աղբաբեռնման կայան), որոնք պետք է կառուցապատվեն, ցանկապատվեն, ունենան բետոնապատ հատակ, հոսող ջուր եւ այլ կոմունիկացիաներ եւ որ մարզպետ Նվեր Պողոսյանը դեմ է այս նախագծին:
Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Դերենիկ Հովհաննիսյանից տեղեկացանք, որ վերը նշված քննարկումից հետո ստեղծվել է աշխատանքային խումբ, որը մի շարք փոփոխություններ է առաջարկել: Մասնավորաբար՝ աղբաբեռնման 5 կայանների 3-ի տեղը կփոխվի: Մարզպետարանը առաջարկում է նաեւ նախ աղբամշակման գործարան կառուցել, նոր՝ աղբաբեռնման կայաններ:
Փոփոխություններով հանդերձ, նախագիծը ուղարկվել է ՀՀ բնապահպանության նախարարություն՝ փորձաքննության: