Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես են ծախսելու 720 միլիոնը

Մարտ 04,2011 00:00

Փետրվարի 4-ին տեղեկացրել ենք, որ Հայաստանի մարզերի բնակիչների կենսամակարդակը բարձրացնելու նպատակով կառավարությունը մարզերին է հատկացրել 10 միլիարդ 12 միլիոն դրամ: Ամենաշատը՝ 1,3-ական միլիարդ դրամ՝ Արարատի, Լոռու, Կոտայքի մարզերին, 1,2 միլիարդ դրամ՝ Շիրակին, 720 միլիոն դրամ՝ Սյունիքին, Արագածոտնի մարզին՝ 666 միլիոն դրամ, իսկ Տավուշին մի քիչ պակաս՝ 632 միլիոն դրամ: Ամենաքիչը Վայոց ձորին՝ 260 միլիոն: Փոխվարչապետ Արմեն Գեւորգյանն էլ հայտարարել էր, որ գումարների տարբերությունը պայմանավորված է մարզի բնակչության թվաքանակով:
Սյունիքին հատկացված գումարները կծախսվեն հետեւյալ կերպ: 50 միլիոն դրամ՝ Կապանի բազմաբնակարան՝ հարթ եւ լանջավոր տանիքների նորոգման համար: Ըստ Կապանի քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի պետ Վիլեն Բադալյանի՝ նախապես ներկայացված 30 տանիքներից հավանության է արժանացել միայն 12-ը, որոնց հիմնանորոգման համար էլ կծախսվի այդ գումարը:
80 միլիոն դրամ հատկացվել է Կապանի երկրագիտական թանգարանի շենքի վերանորոգման համար, 40 միլիոնով կհիմնանորոգվի Մեղրու մշակույթի տան տանիքը, որի նորոգման հարցը Մեղրու քաղաքապետ Սերգեյ Հայրապետյանը բազմիցս է բարձրացրել:
105 միլիոն դրամը կծախսվի Կապանի Ռ. Մինասյան փողոցի (ծայրամասային Կավարտ թաղամաս տանող ճանապարհի) ասֆալտապատման համար: 60 միլիոնով կիրականացվեն Գորիս քաղաքի Խորենացու փողոցի ասֆալտապատումն ու բարեկարգումը, Գորիսի Ավանգարդ թաղամասի բարեկարգման համար կծախսվի 127,540 միլիոն, իսկ Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցի վերանորոգման համար՝ 25 միլիոն:
Խնձորեսկ գյուղի խմելու ջրի ներքին ցանցի հիմնանորոգման համար էլ 35 միլիոն է նախատեսված: Ագարակ քաղաքին բաժին է հանվել միայն 40 միլիոն դրամ, որով կասֆալտապատվեն ներհամայնքային ճանապարհները: Սիսիանում կլուծվի երկու կարեւոր խնդիր, որոնց «Առավոտը» բազմիցս անդրադարձել է. ներհամայնքային ճանապարհների վերանորոգում ու ջրային հայելիների սանիտարական մաքրում, բարեկարգում:
Այս հիմնախնդիրների լուծման համար հատկացվել է, համապատասխանաբար, 70 եւ 55 միլիոն դրամ:
Կհիմնանորոգվի նաեւ Կապանի տարածաշրջանի Աճանան գյուղի դպրոցի տանիքը, որի համար 20 միլիոն է նախատեսված:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել