Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԿԻՆԸ՝ ՏԱՆԻՔՈՒՄ

Մարտ 04,2011 00:00

\"\"Նոյեմբերյանի բնակչուհի Լուսյա Խաչատրյանը գոյատեւում է 25 հազար դրամ թոշակով, տաքանում դեն նետված արկղեր վառելով, իր ճակատագրից էլ չի դժգոհում:

80-ամյա Լուսյա Խաչատրյանը ապրում է Նոյեմբերյան քաղաքի հյուրանոցում, որն արդեն 14 տարի վերածվել է բազմաբնակարան շենքի: 1980-ական թվականների վերջին կառուցված շենքն այդպես էլ որպես հյուրանոց չծառայեց: 1996-97 թվականներին այստեղ բնակություն հաստատեցին քաղաքի տնազուրկ ընտանիքները: 80-ամյա Լուսյան ծնունդով Իջեւանի Վազաշեն գյուղից է: 1963թ. ամուսնացել է Եգիպտոսից հայրենադարձված, ծնողազուրկ Թադեւոս Նաջարյանի հետ, ով իրենից մեծ էր 16 տարով: Թադեւոսը կոշկակար էր: Նա մահացել է 1988 թվականին: Լուսյա Խաչատրյանը 3 որդի ունի, սակայն միայնակ է ապրում: Զավակներից ավագը՝ 48-ամյա Կարապետ Նաջարյանը ապրում է Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում, մյուս երկուսն էլ՝ Ռուսաստանի Ռոստովի նահանգի Կույբիշեւ քաղաքում: Փոքրը՝ Արշակը, երթուղային միկրոավտոբուսի վարորդ է, միջնեկը՝ Սարգիսը, տարբեր գործեր է անում: Լուսյա Խաչատրյանի ընտանիքը Նոյեմբերյանի բազմաբնակարան շենքերից մեկում 2 սենյականոց բնակարան ուներ: Մոտ 10 տարի առաջ Սարգիսը վաճառել է այդ տունը: Լուսյայի պատմելով՝ տունը 5 միլիոնով (նա չի հիշում, թե ինչ արժույթով) են ծախել: Այս գումարից մի վագոն-տնակ են գնել, ուր բնակվել է Լուսյան, մնացածը տղան է վերցրել: Սակայն շուտով ավագ որդին այդ վագոն-տնակը վաճառել է այն նոյեմբերյանցուն, ումից գնել էին:
«Կարապետն եկավ, ասաց՝ տեղս նեղ է, դոմիկը ծախեց, փողը վերցրեց»,- ասում է տարեց կինը:
\"\"Թոշակառու կինը հիշում է, որ 6 տարի առաջ շուրջ 6 ամիս ապրել է փոքր որդու՝ Արշակի տանը: Պատմում է, որ այս տարվա սկզբին 3 օր հյուրընկալվել է Մարտունիում, սակայն իր եւ ավագ հարսի «ջրերը մի առվով չեն գնում»:
Արդեն 10 տարի շենքի տանիքում ոչ թե ապրում, այլ գոյություն է քարշ տալիս տիկին Լուսյան: Նրա կացարանը բուն է հիշեցնում: Չնայած մուտքի դուռը փակել է լաթերով, սակայն դուռը կարճ է, վերեւից եւ ներքեւից ցուրտը ներս է թափանցում: Կացարանի միակ պատուհանը, որը նախագծով շրջանաձեւ ու շատ գեղեցիկ է եղել, նա փակել է հաստ շորերով: Ասել, թե տանը հակասանիտարական վիճակ է, նշանակում է ոչինչ չասել: Ամեն ինչ թաղված է կեղտի մեջ, սենյակում մուր է եւ գորշ: 80-ամյա կինը քնում է լաթերի մեջ, սպիտակեղեն չկա: Աղտոտ եւ մրոտ են նաեւ սպասքն ու ջրի տարաները: Երկու պատերի ծեփը խոնավությունից թափվել է: Տիկին Լուսյան քաղաքի խանութներից օգտագործման համար ոչ պիտանի արկղեր է հավաքում, վառում-տաքանում: Իմ այցելության օրը նոյեմբերյանցի Սամվել Անանյանի կինը նրան մի գիրկ վառելափայտ էր նվիրել, վառարանը տաք էր:
Վերելակ չկա եւ 80-ամյա կինը ստիպված է բեռով՝ մութ շքամուտքով բարձրանալ 6-րդ հարկ: «Սիրտս լավ չէ, ամբողջ գիշերը չեմ քնել»,- առողջությունից բողոքում է նա:
Սակայն Լուսյա Խաչատրյանը չի դժգոհում ճակատագրից, զավակների վերաբերմունքից: Ասում է, որ իր որդիները լավն են: Թեեւ ավելացնում է, որ անցած 10 տարում ավագ որդին՝ Կարապետը ընդամենը 15 հազար դրամ է տվել իրեն, իսկ կրտսերը՝ Արշակը, մաս-մաս՝ մոտ 1000 դոլար:
Նա ընտանեկան նպաստ չի ստանում, քանի որ կենսաթոշակը «բարձր» է՝ 25 հազար դրամ: Տիկին Լուսյան ասում է, որ երբեւէ Տավուշի մարզպետարանից կամ Նոյեմբերյանի քաղաքապետարանից օգնություն չի ստացել: Նա շատ է ցանկանում, որ իրեն վառելափայտով օգնեն: Ծեր կինը երախտապարտ է Նոյեմբերյանի ճանապարհաշինական «Լեւոն Երկրորդ» ՍՊԸ-ի տնօրեն Ֆլորա Անտոնյանին, ով առանց իր խնդրանքի՝ Ամանորին համեղ ուտեստներ էր ուղարկել:
Լուսյա Խաչատրյանն ասում է, որ Ռուսաստանում բնակվող Արշակ որդին իրեն հրավիրում է իր մոտ, սակայն ինքը չի գնում: «Ավելի լավ կլիներ տրանսպորտի փողն ուղարկեր ինձ, այստեղ ծախսեի»,- ասում է նա:
Իսկ շենքի բնակիչները մտավախություն ունեն, որ ծանր պայմաններում գոյատեւող կինը կմահանա, իրենք անտեղյակ կլինեն, սանիտարական խնդիրներ կծագեն: Տեղյակ չեն լինի, քանի որ հարեւանները նրան չեն այցելում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել