Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՑՄԱՀՆԵՐԻ ՆՈՐ ՎԱՆԴԱԿԱՃԱՂԵՐԸ

Մարտ 04,2011 00:00

\"\"«Առավոտին» դիմած արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող ցմահ ազատազրկման դատապարտվածները տեղեկացրին, որ արդեն 7-րդ օրն է, ինչ իրենց խցերի ներսում լրացուցիչ վանդակաճաղեր են տեղադրում: «300 կգ կշռող վանդակաճաղերը դատապարտյալներն են բարձրացրել 5-րդ հարկ», հայտնում են նրանք, հավելելով, որ բավականին ճնշող է խցի ներսում այդ վանդակաճաղերի առկայությունը: Երկու օր է՝ ցմահները ջուր չունեն եւ պատճառաբանում են, թե հիմնարկի «նասոսը» փչացել է: «Տարականները վխտում են հարկով մեկ, համաճարակային վիճակն անխուսափելի է», բողոքում են նրանք: Ցմահ դատապարտվածները խնդրել են, որպեսզի իրենց անունները չհրապարակվեն թերթում, քանի որ խնդիրներ կունենան վարչակազմի հետ: Մենք հարգում ենք աղբյուրը չբացահայտելու եւ պաշտպանելու ԶԼՄ իրավունքները, հաշվի առնելով նաեւ այն, որ նրանք հատուկ ազատազրկվածներ են:
Օրեր առաջ ցմահ ազատազրկվածների խցերում հավաքվեցին բջջային հեռախոսները: Առավել շատ հեռախոսներ (ասում են՝ 6 հատ) հայտնաբերվել էր ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանի վարորդ, մահապատժի դատապարտված Արմեն Տեր-Սահակյանի խցից եւ նրան սպառնում է պատժախուցը: Ըստ ձերբակալվածների եւ կալանավորվածների մասին օրենքի, ազատազրկվածն իրավունք ունի օգտվել կապի բոլոր միջոցներից: Ուրեմն ո՞րն է կապի «բոլոր» միջոցը, եթե բջջային հեռախոսը չէ: Հստակեցրեք, որ կապի միջոցը ուղեկցողի ներկայությամբ արտաբերված խոսքն է: Եթե կապի միջոցը հսկվող հեռախոսն է, ապա դա հեռախոս չէ:
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում ներկայումս գտնվում է 92-ից ավելի ցմահ ազատազրկման դատապարտված: Նրանց մեջ իր վերջին օրերն է ապրում քաղցկեղով հիվանդ մեկը, որին «ակտիրովկա» չեն անում, այսինքն՝ դուրս չեն գրում, որպեսզի հարազատները գոնե վերջին անգամ նրան տեսնեն, այլ հոգեբանական ճնշման յուրահատուկ ձեւ են ընտրել. պահել մեկուսարանում՝ մինչ նրա մահը: Որտե՞ղ է հումանիզմն այս դեպքում:
2003թ.-ին, երբ ցմահ ազատազրկման «կարգավիճակ» տրվեց մահապատժի դատապարտվածներին, նրանք 40-45-ն էին: Նրանցից մահացան 12-15-ը:
Ներկայումս դանդաղ մահվան դատապարտվածների խցերում ամենաքիչը 5 դատապարտյալ կա. «Նուբարաշենն» ի զորու չէ ընդունել շատերին…
«Նուբարաշենում» պահվող 980 կալանավորներից 92-ը ցմահներն են:
Ցմահների «համայնքում» սոցիալական անհավասարություն կա: Որոշ ցմահների, ինչպես «Հոկտեմբերի 27-ի գործով» Հունանյաններին պահում են «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում: Այս մեկուսարանում 41 կալանավորներից 3-ը ցմահ ազատազրկման դատապարտված են: Մի մեկուսարան, որը գտնվում է Ազգային անվտանգության ծառայության տարածքում եւ հայտնի է որպես «ԿԳԲ-ի մեկուսարան»: Չգիտես ինչու՝ Հունանյաններին չեն վստահում «Նուբարաշենում» պահել, վախենալով, թե այնտեղ վտանգավոր է նրանց կյանքի համար: Իսկ վտանգավոր չէ՞ մնացած ցմահների համար, որոնք գոյատեւում են նույն «Նուբարաշենում»: Եթե իրոք վտանգավոր է եւ պայմաններ չկան Հունանյանների համար, ապա մյուս ցմահներին էլ տեղափոխեք ԱԱԾ տարածքում գտնվող մեկուսարան: Ինչո՞ւ մեկի կյանքի համար դողում են, մյուսի համար՝ ոչ: Ի դեպ, մեր տեղեկություններով, ցմահներից 2 հոգի էլ գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոցում»:
«Առավոտի» տեղեկություններով, օրեր անց ստեղծվելու է հանձնաժողով, որն իր բնույթով առաջինն է, որ լսելու է ցմահ դատապարտված Մանուկ Սեմերջյանի վաղաժամկետ ազատման հարցը: Խոսքը 21 տարի մեր ազատազրկման վայրում դիմացած դատապարտյալի մասին է: Նա իր պատիժն արդեն կրել է, ինչը նշանակում է, որ նա կարող է դիմել իր ազատման համար: Ի դեպ, «նստելու» հաջորդ ռեկորդը պատկանում է Ստեփան Գրիգորյանին, նա 16 տարի է, ինչ ազատազրկված է: Նույնքան տարով Արսեն Արծրունին եւ Արմենակ Մնջոյանն են՝ «Դրո» հայտնի գործով: Հայտնի է, որ Արսեն Արծրունին սովորում է հեռակա մագիստրատուրայում եւ «նստած» է «Հոկտեմբերի 27-ի գործով» դատապարտված բժիշկ Էդիկ Գրիգորյանի հետ նույն խցում:
Ցմահներին շաբաթը 2-3 անգամ թույլ են տալիս դուրս բերել զբոսանքի: Ամենօրյա զբոսանքները չեն ապահովվում, պատճառաբանությամբ, թե այդքան մարդ չունեն, որ նրանց զբոսանքը վերահսկեն: Դատապարտյալին՝ ինչ, որ չկա այդքան մարդ: Ինչո՞ւ եք ամեն վայրկյան պատժում նրանց, երբ ազատազրկումն արդեն իսկ պատիժ է:
Ազգային ժողովի օրակարգում այս ընթացքում չընդգրկված հարցերից ցմահների հարցի քննարկումը 159-րդն է: Ցմահները կարծում են, որ իրենց «հերթը» այս աշնանն էլ չի հասնի:
Հայաստանի քր. օր.-ով ցմահ ազատազրկման են դատապարտվում 104 հոդվածով (սպանություն, որի համար նշանակված է նաեւ 8-15 տարվա ազատազրկում), 305 հոդվածով (պետական, քաղաքական-հասարակական գործչի սպանություն, որի համար նշանակված է 10-15 տարվա ազատազրկում), 387 հոդվածով (պատերազմ վարելու արգելված միջոցներ եւ մեթոդներ կիրառելը՝ 10-15 տարվա ազատազրկում), 388 հոդվածով՝ ահաբեկչական գործողություն օտարերկրյա պետության կամ միջազգային կազմակերպության ներկայացուցչի դեմ, որի համար սահմանված է նաեւ 10-15, միջազգային ահաբեկչության համար (389 հոդված), 390 հոդվածով՝ Միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումները զինված ընդհարումների ժամանակ, որով նախատեսված է 8-15 տարվա ազատազրկում, ինչպես նաեւ ցմահ ազատազրկում: 392 հոդվածով էլ մարդկության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունները՝ 392 հոդված, դատապարտվում են 7-15 տարվա ազատազրկմամբ կամ՝ ցմահ:
«Ինչպես տեսնում եք, 7 տարուց մինչեւ ցմահ ազատազրկում պատիժները համապատասխանեցվել են տարբեր հոդվածների, ստեղծելով 3, 5-ից մինչեւ 25 տարվա ազատազրկման դիապազոն: Նման անհստակությունները կամայականության առիթ կարող են հանդիսանալ եւ մեծ ռիսկեր են պարունակում», ասում են ցմահ ազատազրկման դատապարտվածները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել