Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Գումար չեն ունեցել, որ ցուցակում ընդգրկվեն

Մարտ 04,2011 00:00

\"\"Աղետի գոտու բնակիչը դեռեւս աղետի գոտում է

«Մեր ընտանիքը եւս, ինչպես հազարավոր ընտանիքներ, տուժեց 1988 թ. աղետալի երկրաշարժից, մեր տունը նույնպես կիսաքանդ եղավ: Երկրաշարժին հաջորդած տարիներին մենք բնակվել ենք կա՛մ վագոն-տնակում, կա՛մ երկրաշարժից վթարային դարձած, խոշոր բացվածքները ծեփած-կարկատած մեր տանը՝ հուսալով, որ հնարավորություն կունենանք ինքներս նոր տուն կառուցել, կամ գուցեեւ պետականորեն ապահովվենք բնակարանով: Սակայն ամուսինս մահացավ, իսկ տղաս որեւէ հնարավորություն չունեցավ տուն կառուցելու»,- «Առավոտի» հետ զրույցում պատմեց Lոռու մարզի Ջրաշեն գյուղի բնակիչ Արմենուհի Մալխասյանը: Երկրաշարժից անցել է 22 տարի, սակայն նրա՝ 6 հոգանոց ընտանիքը, որն անապահով լինելու պատճառով ընդգրկված է ընտանեկան նպաստի ցուցակում, ամռանը բնակվում է վագոն-տնակում, իսկ ձմռանը՝ վթարային տանը, քանի որ տարվա այդ ցուրտ եղանակին չի կարող ապրել վագոն-տնակում: Նախքան երկրաշարժը՝ Մալխասյանների տունն ընդգրկված չի եղել նրանց տնամերձ հողամասի սեփականության վկայականում, իսկ դրանից հետո կատարված տեղազննության ժամանակ, որն արվել է պետական գրանցում ստանալու նպատակով, պարզվել է, որ այն գրանցման ենթակա չէ, քանի որ երկրաշարժից հետո դարձել է վթարային եւ օգտագործման համար ոչ պիտանի: Տարիներ ի վեր ընտանիքն ընդգրկված է եղել վթարային բնակարանում ապրող՝ բնակարանի նորոգման կարիք ունեցող ընտանիքների ցուցակում, իսկ երբ 2008 թ. դեկտեմբերին կազմվել է գյուղի «Բնակարանային ապահովման ծրագրերի շրջանակներում բնակարանային պայմանները բարելավելու իրավունք ունեցող քաղաքացիների ցուցակը», չգիտես ինչու, այս ընտանիքին չի ընդգրկել այդ ցանկում: Ջրաշենի գյուղապետարանից Մալխասյաններին հայտնել են, որ ընտանիքը կարող էր ընդգրկվել այդ ցուցակում, եթե ներկայացներ տան տեխնիկական վիճակի մասին եզրակացություն, այսինքն՝ որ նրանց տան վնասվածությունը 4-րդ աստիճանի է: Իսկ այդ եզրակացությունը ձեռք բերելու համար Մալխասյանները պետք է դիմեն Երեւանում գտնվող մասնագիտացված կազմակերպությանը, վճարեն առնվազն 30 000 դրամ, որպեսզի այն հաստատեն, որ տունն իսկապես քանդման ենթակա շինություն է: Ա. Մալխասյանի խոսքերով, հերթացուցակները կազմելու ժամանակ իրենք չեն ունեցել անհրաժեշտ գումարը, որպեսզի կատարեին այդ վճարումը եւ ստանային տան վթարայնությունը հաստատող փաստաթուղթը: Տան տեխնիկական վիճակն ուսումնասիրելու նպատակով 24.05.2010թ. ընտանիքը միայն կարողացել է դիմել ՀՀ քաղաքաշինության նախարարության «Սեյսմակայուն շինարարության եւ կառուցվածքների պահպանման հայկական գիտահետազոտական ինստիտուտ»՝ «Հայսեյսմշին եւ ԿՊ ՀԻ» ԲԲԸ, հոկտեմբերին էլ՝ կատարել անհրաժեշտ վճարումը՝ 35000 դրամ: 06.10.2010 թվականին տիկին Մալխասյանը ստացել է «Հայսեյսմշին եւ ԿՊ ՀԻ» ԲԲԸ եզրակացությունը՝ իրենց տան տեխնիկական վիճակի վերաբերյալ, համաձայն որի՝ տան «տեխնիկական վիճակն ընդհանուր առմամբ գնահատվում է անբավարար, մասամբ՝ վթարավտանգ, իսկ նորմատիվ սանդղակի չափորոշիչների վնասվածության մակարդակը դասվում է 4-րդ աստիճանի»: Սակայն այսօր փաստն այն է, որ նրանց ընտանիքը դուրս է մնացել անօթեւան ընտանիքների ցուցակից՝ զրկվելով բնակարանից: Անգամ վթարային տան եզրակացությունը ձեռք բերելուց հետո էլ նրանց չեն ընդգրկում: Տիկին Մալխասյանը դիմում է ՀՀ նախագահին՝ իր ընտանիքի իրավունքը վերականգնելու եւ ընտանիքում մեծացող մանկահասակ երեխաներին, որպես աղետի գոտու բնակիչներ, բնակարանով ապահովելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031