Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ՀԱՅՀՈՅԵՑԻՆ ՈՒ ԾԵԾԵՑԻՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻՆ

Մարտ 04,2011 00:00

\"\"Սակայն չի բացառվում, որ այդ ամենից հետո վարչապետի նշանակած ծառայողական քննությունը պարզի, որ պատգամավորներն իրենք իրենց են ծեծել ու իրենք իրենց հայհոյել:

Բացօթյա առեւտրի արգելքի դեմ երեկվա հերթական բողոքի ակցիան ավարտվեց ցուցարարների, նրանց իրավունքները պաշտպանող ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների ու ոստիկանների միջեւ տեղի ունեցած բախումներով: Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ բողոքի ակցիայի մասին նախապես տեղեկացված ոստիկանները ցուցարարներին արգելեցին հավաքվել կառավարության շենքի առջեւ: Ցուցարար Հեղինե Պողոսյանի պատմելով, ոստիկանները նրանց շարժը կասեցրել են հենց Հանրապետության հրապարակի մետրոյի կողմից գալիս: Նախքան բռնության դիմելը՝ ոստիկանները հարց ու փորձ են արել՝ պարզելու, թե հավաքվածներն ուր են գնում:
«Մենք այս երկրի քաղաքացիներ ենք ու պարտավոր չենք ամեն քայլափոխի ոստիկանությանը զեկուցել՝ ուր ենք գնում, ինչի համար: Ես ու իմ երկիրը, ուր ուզեմ՝ կգնամ, ու եթե ունեմ պահանջներ, իրավունք ունեմ նաեւ դրանք ներկայացնելու, թեկուզ ակցիաների միջոցով»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց տիկին Պողոսյանը: Նրա խոսքերով, երբ ցուցարարները համառել են ու ոստիկաններին դիմադրելով փորձել առաջանալ դեպի կառավարության շենք, ոստիկանության Երեւանի քաղաքային վարչության պետի տեղակալ Ռոբերտ Մելքոնյանը հայհոյանքների տարափ է տեղացել. «Պարոն Ռոբերտը շատ փիս հայհոյանք տվեց ինձ եւ անամոթաբար հրահանգեց, թե անպարկեշտ վարքի համար ինձ ու մի քանի այլ ցուցարարների գցեն մեքենան ու տանեն»: Ոստիկանների կրքերն էլ ավելի են թեժացել, երբ ցուցարարներին պաշտպանելու համար միջամտել են ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ՝ Արմեն Մարտիրոսյանը, Ստեփան Սաֆարյանը, Զարուհի Փոստանջյանը եւ Անահիտ Բախշյանը: Անձեռնմխելի կարգավիճակ ունեցող պատգամավորներին ոստիկանները նույնպես քաշքշել են, հայհոյել եւ բռնության ենթարկել: Պատգամավոր Անահիտ Բախշյանը հասցված հարվածներից ուշաթափվեց. նրան տեղում բուժօգնություն ցուցաբերեցին շտապօգնության աշխատակիցները, ավելի ուշ նա տեղափոխվեց հիվանդանոց:
Ոստիկանները հայհոյում էին նաեւ պատգամավորներ Զարուհի Փոստանջյանին ու հարվածում Արմեն Մարտիրոսյանին: Ոստիկանության հետ հրմշտոցի արդյունքում վայր ընկավ նաեւ ակտիվիստ Վարդգես Գասպարին, ինչից հետո նրան նույնպես տեղափոխեցին ոստիկանության բաժանմունք: «Նրանք երեւի թուրքերի դեմ այդքան արիաբար չեն կռվի, որքան հենց իրենց ժողովրդի դեմ են կռվում: 50 ցուցարարի բռնության ենթարկեց 300 ոստիկան: Սա երկիր չէ: Պահանջում ենք այս իշխանության հրաժարականը, թող հեռանան, եթե չեն կարողանում իրենց երկրի քաղաքացիներին ապահովել մինիմալ պահանջներով»,- վրդովված ասում էին ցուցարարները:
«Մտածեցինք՝ հրապարակի կենտրոնական մասում մեզ ոչ մի բան չեն անի, բայց ամո՛թ այս իշխանություններին: Նրանք ոստիկանության «Գազելով» վրա տվեցին մեզ վրա ու մեր թեւերը ոլորելով, հրելով, հայհոյելով փորձում էին գցել մեքենան»,- պատմեցին մեր զրուցակիցները:
Պատգամավոր Ստեփան Սաֆարյանի համոզմամբ էլ. «Անհապաղ քրեական գործ պետք է հարուցել այս ոհմակի դեմ, որի անունը ոստիկանություն են դրել, եւ սկսել պաշտոնանկությունների շարքը»: Ոստիկանների պահվածքը պարոն Սաֆարյանին հանգեցրել է այն մտքին, որ ո՛չ ոստիկանապետը, ո՛չ էլ շարքային ոստիկանները տեղյակ չեն «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքին. «Պատրաստվում եմ պատգամավորական հարցում ուղարկել, որ ինձ ցույց տան այն օրենքը, որով ոստիկանը իրավունք ունի քաղաքացուն բրթելու կամ ուղղորդելու՝ ինչպես քայլել, որ ուղղությամբ գնալ: Պատասխան են տալու բոլորը, եւ եթե դա չլինի ներպետական դատական ատյանում, կլինի միջպետական ատյաններում: Քանի դեռ գործը դրան չի հասել, կոչ եմ անում հենց հիմա դիմել Վրաստանի տարբերակին՝ ցրել բոլոր ոստիկաններին, հավաքել նորերին: Այս բանդիտական խմբավորման անունը չի կարող ոստիկանություն կոչվել: Թույլ չենք տալու, որ որեւէ մեկը վայելի այս ծեծը, որ հասցվեց ժողովրդին, նաեւ պատգամավորներին»: Ծեծկռտուքից անմիջապես հետո պատգամավորները մուտք գործեցին կառավարության շենք՝ պահանջելով հանդիպում վարչապետի հետ: Ստեփան Սաֆարյանի պատմելով, վարչապետի հետ ունեցած 1-ժամյա առանձնազրույցում մանրամասներ են ներկայացրել ոչ միայն դեպքի առնչությամբ, այլեւ, առիթն օգտագործելով, վարչապետին պատմել են նախորդ շաբաթներին վրացական պետհամարանիշներով մեքենաների վարորդների ցույցի ժամանակ ոստիկանների ապօրինի գործողությունների մասին: Այս ամենից հետո վարչապետը ՀՀ ոստիկանապետին հրահանգել է անհապաղ ծառայողական քննություն անցկացնել ու հրապարակել արդյունքները: Ապա դիմելով պատգամավորներին՝ խոստացել է, որ եթե քննության արդյունքների օբյեկտիվությանը վերաբերող անհամաձայնություններ ունենան՝ դիմեն իրեն: Վարչապետի հանձնարարած ծառայողական քննության մասին տեղեկություններ չունեին ոստիկանության լրատվության վարչությունում: Իսկ տեղի ունեցած ծեծկռտուքն էլ ոստիկանությունը շտապեց որակել որպես մի քանի պատգամավորների կազմակերպած սադրանք: «Պատգամավորները փորձեցին բախումներ հրահրել ոստիկանների ու հավաքվածների միջեւ: Ըստ ամենայնի, նրանց խնդիրը ակցիայի խաղաղ ընթացքը շեղելն էր, կրքեր շիկացնելը… Դա, բարեբախտաբար, նրանց չհաջողվեց, եւ հնչեցին վիրավորանքներ ու հայհոյանքներ՝ ինչպես ոստիկանների, այնպես էլ կառավարության անդամների հասցեին: Բողոքավորները հեռացել են կառավարության շենքի մուտքից ու շարունակել իրենց ակցիան, որին ոչ ոք չի խոչընդոտել»,- նշված է ՀՀ ոստիկանության հաղորդագրությունում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031