Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՅՍ ՕՐԵՆՔՆԵՐԻՑ ԴԺՎԱՐ Է ԳԼՈՒԽ ՀԱՆԵԼ»

Մարտ 04,2011 00:00

\"\" ՀՀ հարկային եւ մաքսային օրենքների մասին իր կարծիքն է հայտնում Տավուշի մարզի գինեգործական ընկերություններից մեկի ղեկավարը:

Մեր պետական այրերը եւ երկրի կառավարումն ստանձնած տարբեր տրամաչափի պաշտոնյաները հաճախ հանդես են գալիս հայտարարությամբ, թե նպատակ ու մեծ-մեծ ծրագրեր նեն՝ նպաստելու գյուղատնտեսության, փոքր ու միջին բիզնեսի զարգացմանը, սահմանամերձ գոտում աշխատատեղերի ստեղծմանը եւ այլն: Որպես կանոն, իրենց նախագծերն ու օրենսդրական փոփոխությունները իրավասուները ներկայացնում են միայն ու միայն դրական լույսի ներքո՝ աչք փակելով դրանց բացասական կողմերի վրա, կամ էլ, գուցե, դրանք չեն տեսնում: Իսկ գործարարներից շատերը, ովքեր ավելի շատ են շփվում օրենքների ու «օրենքի մարդկանց» հետ, որպես կանոն, վախենում են խոսել դրանց մասին՝ հատկապես զգուշավորություն ցուցաբերելով հարկային ու մաքսային ոլորտի հանդեպ: Իսկ վախենալու առիթ հայաստանցի գործարարը միշտ էլ ունի. որքան էլ ինքը փորձի աշխատել օրենքի սահմաններում, մեր օրենսդրության ոլորապտույտ շատ կետեր կարող են թույլ տալ ցանկացած գործարարի գլխին մի լավ «գործ» թխել:
 «Առավոտի» զրուցակից Արշակ Ավագյանը Բերդավանի գինու գործարանի գործադիր տնօրենն է, եւ նա խոսեց իրեն հանդիպած խնդիրների մասին հրապարակավ.
– Գրեթե ամբողջ աշխարհում գյուղատնտեսությունը դոտացիաների հետ է կապված, դրա զարգացումն ապահովվում է պետության կողմից՝ դոտացիաների հաշվին: Դա նպաստում է արտադրության եւ քանակի, եւ որակի զարգացմանը: Հայաստանում, որպես այդպիսին, դոտացիոն երեւույթներ չեն գործում, իսկ եթե կան նմանատիպ ինչ-որ բաներ, ապա դրանք շատ հեռու են հասարակությունից, շարքային գյուղացուց, եւ դրանց մասին չեն ինֆորմացվում: Ես կխոսեմ կոնկրետ Նոյեմբերյանի տարածաշրջանի այսօրվա գյուղատնտեսության մասին: Ինքս, կոնկրետ, զբաղվում եմ խաղողագործությամբ եւ որոշ քանակով՝ նաեւ մրգային օղիների արտադրությամբ: Ասեմ, որ մրգային օղիները չեն կարող մրցակից լինել ցորենի օղու հետ, քանի որ մրգայինների ինքնարժեքն արդեն շատ ավելի թանկ է: Խնդիրները գյուղատնտեսության զարգացման ոլորտում հիմնականում կապված են ոռոգման հետ: Եթե համեմատենք խորհրդային տարիների հետ, ապա միայն Նոյեմբերյանի տարածաշրջանում միրգը 15 անգամ պակաս է արտադրվում: Կարծում եմ, հանրապետության բոլոր տարածաշրջաններում է այդպես: Չեմ կարծում, թե որեւէ տեղ հասնում են խորհրդային տարիների ցուցանիշներին: Այստեղ ոռոգման ներքին ցանց ընդհանրապես գոյություն չունի: Անհասանելի եւ անլուծելի է ջրի խնդիրը: Ոռոգման ջուրը ժամանակին չի հասնում գյուղացուն, ինչը աբսուրդ է այն պարագայում, երբ այդ տարածաշրջանով հոսում է իր ջրառատությամբ Հայաստանում երկրորդ մեծ գետը՝ Դեբեդը: Ջուրը ոչ միայն ժամանակին չի հասնում, այլեւ եղած ժամանակ էլ շատ քիչ է գալիս: Ինձ զարմացնում են նաեւ ջրօգտագործման հաշվարկի ձեւերը: Անհասկանալի հաշվարկ է, չկա հաշվիչ, հաշվելու պարզ եւ հստակ մեխանիզմ, որով գյուղացուն կարողանան բացատրել իր օգտագործած ջրի քանակը: Ըստ նորմայի, մեկ հեկտար խաղողը մեկ անգամ ոռոգելու համար պահանջվում է 800- 1200 տոննա ջուր: Իսկ Նոյեմբերյանի տարածաշրջանում մեկ ոռոգումը հաշվվում է 3-4 տոննա: Ես չեմ հասկանում այդ հաշվարկի ձեւը: Ոռոգման հիմնական ներքին ցանցը մաշված է, եւ, բնականաբար, լինում են կորուստներ, բայց ինչո՞ւ այդ կորուստների համար պետք է գյուղացին վճարի: Խաղողը եթե ջրվում է սեզոնին 1-2 անգամ, դա միայն բույսը պաշտպանում է չորանալուց, այստեղ ամռանը ջերմաստիճանն արեւի տակ հասնում է մինչեւ +65 աստիճանի: Բերքատվություն ակնկալել այդ պարագայում՝ հնարավոր չէ: Այստեղ խաղողը նվազագույնը չորս անգամ պետք է ջրվի, ինչը ոչ բոլորին է հաջողվում: Ստացվում է, որ գյուղացին ընդամենը 1-2 անգամ ջրելով՝ բերք չի ունենում, դրանից եկամուտ չի ստանում, բայց ջրի վարձը մուծում է: Ոռոգման ցանցերը անհուսալի վիճակում են, քայքայված բետոններ են, մաքրման մեծածավալ աշխատանքներ են պահանջվում, շատ տեղերում անգամ ծառեր են աճում: Սա արտադրանք տվող գյուղացու ամենամեծ խնդիրն է: Այսօր գյուղմթերքը թանկ է՝ դեֆիցիտի հաշվին, մինչդեռ կարող էր այդպես չլինել: Իմ հաշվարկով, եթե ամեն ինչը նորմալ լիներ, Նոյեմբերյանի տարածաշրջանում այս տարի հնարավոր էր մեկ կգ խաղողի ինքնարժեքը լիներ 80-90 դրամ:
– Դուք ասում եք՝ թանկ է, իսկ գյուղացիները սովորաբար դժգոհում են, որ իրենց արտադրանքն էժան են վաճառում:
– Գյուղացին այդ բերքին սպասում է ամբողջ տարին: Աշխարհի ոչ մի երկրում 1000 քմ հող ունեցողը հարուստ չի ապրում, երբ ոչ մի սոցիալական ապահովություն չկա, եւ նա իր բոլոր կոմունալ-կենցաղային եւ հանապազօրյա խնդիրները լուծում է մյուսների նման եւ լուծում է իր այդ 1000 քմ հողամասի բերքով, ինչը նրան չի բավականացնում: Նորից եմ ասում՝ ոչ մի դոտացիա չկա: Արդյունքում հանրապետության շատ գյուղեր դատարկվում են: Եթե խորհրդային տարիներին Նոյեմբերյանի տարածաշրջանում եղել է 1000 հեկտար խաղողի այգի եւ 100 հեկտար երիտասարդ այգի, ապա այսօր 280 հեկտար է, որից 30-40 տոկոսը չի մշակվում, քանի որ աշխատուժ չկա, երիտասարդները գյուղում չեն մնում եւ խաղող չեն մշակում:
– Լավ, իսկ երբ գործը հասնում է արդեն պատրաստի արտադրանքի, կոնկրետ՝ գինու, օղու իրացմանը, կա՞ն դժվարություններ, ի՞նչ արտոնություններ ունի սահմանամերձ շրջանի ձեռնարկատերը;
 – Իրացման հետ կապված խնդիրներ շատ կան: Բայց առանձնապես ուզում եմ խոսել գործող հարկային, եւ մաքսային օրենսդրության մասին, որոնք բավականին բարդ են եւ ցանկացած փոքր ձեռնարկություն պետք է ունենա հմուտ մասնագետների մի մեծ թիմ, որպեսզի կարողանա գլուխ հանել այս օրենքներից: Այսօր մեկ շիշ գինի վաճառելու համար երկու հարկային տեսուչ պարտավոր է ներկա լինել մեր գործարանում իրականացվող գործարքի ժամանակ: Մեզ հարց են տալիս, թե ամսվա ո՞ր օրերին պետք է վաճառք ունենանք, ասում եմ՝ ի՞նչ իմանամ, կարող է այսօր ունենանք, կարող է՝ մի քանի օր անց: Ես հարկադրված նշում եմ տարվա մեջ մեկ օր, եւ հարկային երկու տեսուչ այդ օրը առավոտից երեկո սպասում են՝ գործարք կլինի՞, թե՞ ոչ: Դա անհասկանալի է, բայց կառավարության որոշում է: Եթե ես գրեմ տարվա մեջ 365 օր, ապա երկու տեսուչ 365 օրն էլ պետք է նստեն գործարանում եւ սպասեն: Իսկ եթե գրեմ, որ վաճառք լինելու է նաեւ գիշերները, ապա մեկ տարի՝ օրը 24 ժամ կնստեն: Հետաքրքիր է, չէ՞:
Չգիտեմ, դա միգուցե ստվերը վերացնելու նպատակ ունի, բայց չեմ կարծում, թե դա ճիշտ ելք է, քանի որ կա ակցիզավորում, կան պահեստավորված եւ վաճառքի ապրանքներ: Դժվար չէ երեք թիվը հանել-գումարել: Բացի այդ՝ ինչո՞ւ պետք է գինին անպայման շշով վաճառվի եւ անպայման դրոշմանիշով, չէ՞ որ դրանք լրացուցիչ ծախսեր են, որոնք թանկացնում են գինին, եւ մարդիկ հրաժարվում են գինի խմելուց, օղին ավելի արդյունավետ է դառնում: Իսկ մեր պապական գրաֆինկայի գինին մեր սեղանների վրայից վերացնում են: Ո՞նց կարելի է գյուղացուն պարտադրել, որ իր գրաֆինկայով գինին ակցիզավորի: Այսօր ՀՀ գործող օրենքով գյուղացին իրավունք չունի գինի արտադրել:
– Բայց կան մարզեր, կոնկրետ Տավուշի մարզը, որտեղ գրեթե յուրաքանչյուր տան մառանում կան պապական գինեգործական տակառներ, որոնք այսօր էլ «պարապ» չեն մնում, եթե այդ տանը ապրողներ կան: Մարդիկ շարունակում են իրենց մշակած խաղողից գինի քամել եւ հյուրասիրել իրենց հյուրերին, իրենց ուրախության կամ տխրության սեղաններին մատուցել այն՝ առանց թույլտվության եւ ակցիզավորման: Ուրեմն բոլորը հանցագործնե՞ր են:
– Այո, մարդիկ արտադրում են, եւ այո, պարզվում է, որ նրանք հանցագործներ են, քանի որ խախտում են ՀՀ օրենքը եւ ենթակա են քրեական պատասխանատվության: Այսինքն՝ ամբողջ Տավուշի մարզի եւ էլի մարզեր կան, որոնց ողջ բնակչությունը պապերից եկած գինեգործներ են, պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն: Աբսուրդ է, այս օրենքը պետք է փոխվի: Եթե օրենքը չի ընդունվում բնակչության, հասարակության կողմից, ապա պետք է փոխվի, ոչ թե մի օրենք հանեն ու մարդկանց դնեն անհարմար իրավիճակում: Ստացվում է, որ գյուղացիները օրինախախտներ են, բայց նրանց «հանցանքի» առջեւ աչք է փակվում, իսկ եթե հանկարծ գյուղացին իրեն «խելոք չպահի», ապա մուրճն իջեցնեն գլխին: Ստացվում է, որ հանցագործ են նաեւ այն իրավապահները, որոնք պարտավոր են հսկել այդ օրենքները, բայց իրենց պարտականությունները չեն կատարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել