Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅ-ՀՆԴԿԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ

Մարտ 04,2011 00:00

Հնդկաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Շիվ Շանկար Մենոնի հրավերով Նյու Դելիում գտնվող Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 2-ին հանդիպումներ է ունեցել Հնդկաստանի արտաքին գործերի, պաշտպանության, հեռահաղորդակցության ու տեղեկատվական տեխնոլոգիաների գերատեսչություններում: Արտաքին գերատեսչության ղեկավար, պետնախարար Ի. Ահամեդի, Արեւելքի հարցերով պետքարտուղար Վիջայա Լաթթա Ռեդիի հետ քննարկվել են հայ-հնդկական հարաբերությունների զարգացման խնդիրները: Նշվել է, որ հայ-հնդկական բարեկամական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն: Կողմերը կարեւորել են միջազգային կազմակերպություններում միմյանց դիրքորոշումները հարգելու եւ պաշտպանելու ձեւավորված պրակտիկան եւ պայմանավորվել են խորացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը՝ ներառելով նաեւ անվտանգության, տնտեսության ոլորտները: Այս առումով կարեւորվել է հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի գործունեության ակտիվացումը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին երեք տարվա ընթացքում չի գումարվել որեւէ նիստ: Ի թիվս այլ հարցերի՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել այս տարի Երեւանում անցկացնել հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը, ջանքեր գործադրել երկկողմ ապրանքաշրջանառության ծավալների մեծացման ուղղությամբ: Ռազմական գերատեսչության ղեկավար, պետնախարար Պալլամ Ռաջուի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում համագործակցության խորացման խնդիրները: Արթուր Բաղդասարյանը Պալլամ Ռաջուին հրավիրել է Հայաստան, հրավերը սիրով ընդունվել է: Հանդիպումների շարքը եզրափակվել է Հնդկաստանի պաշտպանական հետազոտությունների եւ վերլուծությունների ինստիտուտում կայացած հանդիպմամբ, որին մասնակցել են Հնդկաստանի անվտանգության, պաշտպանության եւ արտաքին քաղաքականության ոլորտի փորձագետներ եւ պատասխանատուներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել