Լրահոս
Օրվա լրահոսը

Եվս չորս պահանջ

Մարտ 04,2011 00:00

ՀԱԿ-ն այս անգամ պահանջում է ոստիկանությունից

Հայ ազգային կոնգրեսը ավելի լուրջ արձագանք էր ակնկալում իշխանությունից՝ մարտի 1-ի հանրահավաքում ներկայացված 15 պահանջների վերաբերյալ, երեկ մամուլի ասուլիսում հայտարարել է ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը: Ըստ lragir.am-ի, հարցին՝ ի՞նչ է անելու Կոնգրեսն այդ պահանջները չկատարելու դեպքում, մանավանդ, որ իշխանական ուժերն արդեն իսկ հայտարարում են այդ պահանջները չընդունելու մասին, Լեւոն Զուրաբյանն ասել է, թե «գալուստսահակյանների եւ շարմազանովների տեսակետներով» պետք չէ եզրակացություն անել իշխանության արձագանքի մասին: Նրա խոսքով, այդ արձագանքներն առաջին, տղայական ռեակցիան են, եւ ինքը հույս ունի, որ դրանից հետո իշխանությունը կփորձի խորհել Կոնգրեսի լուրջ առաջարկների վրա եւ ավելի ադեկվատ պատասխան կտա: Լեւոն Զուրաբյանը նշել է, որ առաջարկները շատ լուրջ են, եւ իրավիճակն էլ շատ լուրջ է, ու իշխանությունը չպետք է ամբիցիոզ դատողություններ անի եւ առաջնորդվի գողական պատկերացումներով: Նա նշել է, թե ավտորիտար իշխանությունները փոխզիջումը համարում են թուլության նշան, մինչդեռ դեմոկրատական իշխանությունը հզոր է հենց փոխզիջումների կարողությամբ: Զուրաբյանը պարզաբանել է, որ այս ճանապարհով իրենք փորձում են սահուն անցում ապահովել, նաեւ համախմբել ժողովրդական լայն զանգվածների պահանջները, որովհետեւ կան շերտեր, որ, օրինակ, գուցե չեն պահանջում Սերժ Սարգսյանի հրաժարականը, բայց ունեն արդարացի այլ պահանջներ:
Իսկ մարտի 1-ի հանրահավաքում ոստիկանության գործողությունները նա որակել է հանցավոր գործողություններ: Բուն հանրահավաքը հոյակապ եւ իսկապես համաժողովրդական էր: Ըստ բանախոսի, ոստիկանները մարդկանց մեջ էին «ներդրել» մեծ քանակությամբ քաղաքացիական հագուստով ոստիկանների, որոնք ակտիվորեն մասնակցում էին հրմշտոցին, ովքեր ժամանակ առ ժամանակ հավաքվում էին բարձրաստիճան ոստիկանների՝ Երեւանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանի, ՊՊՇ գնդի հրամանատար Վալերի Օսիպյանի շուրջ, հրահանգներ ստանում եւ նորից «ներդրվում»: «Ներդրվել» են նաեւ մեծ քանակությամբ սադրիչ գործակալներ: Նկատի ունենալով այդ ամենը, ինչպես նաեւ այն, որ մարտի 17-ի հանրահավաքն առավել բազմամարդ է լինելու, քանի որ ամեն օր հասարակության նորանոր շերտեր են միանում պայքարին, Կոնգրեսը կազմակերպական նոր միջոցներ է կիրառելու հանրահավաքի ընթացքում կարգուկանոնն ապահովելու համար: Միեւնույն ժամանակ, մարտի 17-ի հանրահավաքից առաջ Կոնգրեսը չորս պահանջ է ներկայացրել ոստիկանությանը՝ չփակել մարդկանց տարածությունն ու թույլ տալ, որ մարդիկ կանգնեն հարմար տեղում եւ չվտանգեն իրենց ու շուրջը գտնվողների անվտանգությունը, կամ բացել Ազատության հրապարակը, որն ավելի հարմար է զանգվածային միջոցառումների համար, կամ էլ՝ հանրահավաքի ժամանակ փակել Մատենադարանին հարող Կորյունի փողոցը եւ մարդկանց թույլ տալ կանգնել այնտեղ: Քաղաքացիական հագուստով ոստիկաններ «չներդնել», հանրահավաք «չգործուղել» սադրիչ գործակալների: Կոնգրեսականները պատրաստ են կատարել համազգեստավոր ոստիկանների օրինական պահանջները:
Իսկ ինչո՞ւ է մարտի 1-ի հանրահավաքում «Սարդարապատ» շարժման ներկայացուցչի ելույթն աննպատակահարմար համարվել՝ Զուրաբյանը պատմել է, որ Կոնգրեսի ամեն հանրահավաքից առաջ մոտ 100 մարդ է դիմում իրենց ելույթի համար, սակայն 100-ից միայն՝ երկուսն են, որ մերժման դեպքում բարձրաձայնում են այդ մասին: Իսկ մերժումն, ըստ Լեւոն Զուրաբյանի, հանրահավաքի կազմակերպիչների իրավունքն է՝ չմանրամասնելով պատճառը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել