Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ ԳՆՈՒՄ Է «ԳՈՐԾՈՒՆ ՔԱՅԼԵՐԻ»

Մարտ 04,2011 00:00

\"\"Վերլուծելով ԼՂՀ խնդրի՝ Աստանայի գագաթաժողովին հաջորդած «լուռ դիվանագիտության» փուլը եւ ներկայիս նկատելի ակտիվությունը՝
ասում է Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Արթուր Ղազինյանը:

– Մարտի 5-ին Սոչիում տեղի կունենա ՀՀ եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը ՌԴ նախագահի միջնորդությամբ, իսկ մինչ այդ տարածաշրջանային այցով Հայաստան եւ Ադրբեջան էին ժամանել ԱՄՆ Պետքարտուղարի երկու տեղակալները: Ինչպե՞ս կմեկնաբանեք ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի այս ակտիվացումը:
– Մարտի 5-ի հանդիպումը աչքի է ընկնում իր նշանակությամբ եւ կարեւորությամբ մի քանի պատճառով: Նախ՝ այն փաստը, որ Ալիեւը համաձայնվել է հանդիպել, խոսում է այն մասին, որ Աստանայի գագաթաժողովին հաջորդած այս մի քանի ամիսների ընթացքում վարված լուռ դիվանագիտությունը տվել է որոշակի արդյունք, ինչը, ամենայն հավանականությամբ, հայտնի կդառնա հանդիպման ավարտին: Ապա՝ համաձայն միջազգային դիտորդների եւ ոչ կառավարական կազմակերպությունների դիտարկումների, ԼՂ հակամարտության կողմերը, հատկապես Ադրբեջանը, մտել են սպառազինությունների մրցավազքի մեջ, կուտակում են բավականին մեծ քանակությամբ զենք, ընդ որում, հարձակողական բնույթի: Այս գործընթացի ֆոնին այս կազմակերպությունները արտահայտել են իրենց մտահոգությունը եւ կոչ են արել ակտիվացնել բանակցային գործընթացը ռազմական գործողությունների վերսկսումը բացառելու նպատակով: Իսկ երրորդ պատճառն անհրաժեշտ է դիտարկել «Հարավային միջանցքի» կառուցման, մասնավորապես Նաբուկոյի շուրջ բոլորովին վերջերս ձեռք բերված համաձայնություններով, որի արդյունքում այս նախագծի հեղինակները լուծեցին բնական գազի ձեռք բերման դժվարին խնդիրը եւ գազամուղը ապահովեցին 37 միլիարդ մետր խորանարդ գազով՝ պահանջվող 32 միլիարդի փոխարեն: «Հարավային միջանցք» նախագծի իրագործման ճանապարհին կանգնած միակ խոչընդոտը ԼՂ չլուծված հակամարտությունն է, որի լուծման ուղղությամբ միջազգային հանրությունը արդեն սկսում է գնալ գործուն քայլերի:
– «Հարավային միջանցք» նախագիծն ունի ընդգծված հակառուսական բնույթ, իսկ Ռուսաստանը ջանք ու եռանդ չի խնայում ԼՂ հակամարտությունը լուծելու համար՝ իր վրա վերցնելով միջնորդական առաքելությունը եւ արդեն 8-րդ անգամ նախաձեռնելով հակամարտող կողմերի հանդիպում՝ եռակողմ ձեւաչափով: Հակասություն չե՞ք տեսնում:
– Հարավային Կովկասը Արեւմուտքի կողմից դիտարկվել է որպես Ռուսաստանի քաղաքական եւ տնտեսական ազդեցության գոտի, սակայն 2008թ. ռուս-վրացական հնգօրյա պատերազմը, ինչպես նաեւ Ադրբեջանի կողմից Նաբուկոյին միանալը թուլացրեց Ռուսաստանի դիրքերը մեր տարածաշրջանում՝ թողնելով Հայաստանը որպես միակ հենման կետ Ռուսաստանի համար: Արեւմուտքը չի ցանկանում գնալ հակամարտության Ռուսաստանի հետ, փոխարենը գերադասում է արտաքուստ կարեւորել Ռուսաստանին՝ որպես հարավ-կովկասյան գործընթացների ակտիվ մասնակցի: Նախագահ Մեդվեդեւի կողմից նկատվում է ԼՂ հակամարտությունը լուծելու անկեղծ ձգտում, ինչը կարելի է բացատրել հակամարտության շփման գծում ռուս խաղաղապահների մասնակցության առավել լայն ձեւաչափ ձեռք բերելու ցանկությամբ, մինչդեռ Արեւմուտքը, իմ խորին համոզմամբ, այս հարցի հետ կապված ունի իր պլաններն ու ցանկությունները: Ամեն մի անարդյունք ջանք՝ լուծելու ԼՂ հակամարտությունը, նվազեցնում է Ռուսաստանի կշիռն ու դերը Հարավային Կովկասում, ինչպես նաեւ հարվածում Մեդվեդեւի միջազգային վարկանիշին: Սա շատ լավ գիտակցում են Արեւմուտքում, եւ կարող ենք եզրակացնել, որ ՌԴ հովանու ներքո կազմակերպված հանդիպման յուրաքանչյուր տապալում (ինչպես դա տեղի ունեցավ Աստանայում՝ 2010թ. դեկտեմբերին ԵԱՀԿ գագաթաժողովի շրջանակներում, Ալիեւի նախաձեռնությամբ) ձեռնտու է Արեւմուտքին: Ինչ վերաբերում է մարտի 5-ին սպասվող հանդիպմանը, ապա պետք է հուսալ, որ այն նախորդների նման անարդյունք չի լինի, թեպետ պետք է խոստովանեմ, որ լուրջ կասկածներ ունեմ այդ հարցում:
– Ըստ Ձեզ՝ Արեւմուտքը դանդաղ, բայց հաստատուն քայլերով դուրս է մղում Ռուսաստանին մեր տարածաշրջանից: Բայց ՌԴ-ն ունի նաեւ տնտեսական մեծ ներկայություն, մասնավորապես՝ Հայաստանում: Ինչպե՞ս եք տեսնում այս խնդրի լուծումը:
– Ինչպես արդեն նշեցի, Հայաստանը մնացել է միակ պետությունը, որտեղ Ռուսաստանը դեռեւս կարողանում է պահպանել իր գերակայությունը՝ հաշվի առնելով նրա տնտեսական եւ քաղաքական ազդեցությունը մեր երկրում: Հայաստանի տնտեսության մեջ Ռուսաստանը ունի գրեթե մենաշնորհային դերակատարում, մասնավորապես նրան են պատկանում էներգետիկ ամբողջ համակարգը՝ էլեկտրաէներգիայի եւ գազի ամբողջ ենթակառուցվածքային ցանցը, տրանսպորտային եւ հեռահաղորդակցության ոլորտի մոտավորապես 90%-ը: Մի քանի տարի առաջ կնքվեց «Գույք պարտքի դիմաց» գործարքը, որի արդյունքում 100 մլն ԱՄՆ դոլար պարտքի դիմաց Ռուսաստանի սեփականությանն անցան Հայաստանի արդյունաբերական մի շարք օբյեկտներ՝ դրանով իսկ ամբողջացնելով Ռուսաստանի տնտեսական մենաշնորհը մեր պետությունում: Սրանք լրջագույն մտահոգության առիթ տվող փաստեր են, որոնք որոշակի իմաստով սպառնում են ՀՀ ինքնիշխանությանը: Մտահոգիչ է այն փաստը, որ 100 մլն-ի դիմաց ռազմավարական գործընկերը պատրաստ է վերցնել Հայաստանի սեփականությունը, մինչդեռ միայն ԵՄ-ն, չհաշված անդամ երկրները, տարեկան 100 մլն եվրո օգնություն է տրամադրում մեր ժողովրդին՝ տնտեսական, սոցիալական, կրթական եւ այլ բնույթի բարեփոխումներ իրականացնելու համար:
Ճիշտ հասկացեք, ես դեմ չեմ Հայաստանում Ռուսաստանի տնտեսական ներկայությանը, հակառակը՝ գտնում եմ, որ դա նույնիսկ անհրաժեշտություն է, բայց Հայաստանի ինքնիշխանությունը գին չունի, եւ ՀՀ քաղաքական իշխանությունները պետք է շտապ նախաձեռնեն ՀՀ տնտեսության դիվերսիֆիկացիա, այն է՝ տնտեսության մեկ ոլորտում մեկ պետության փոխարեն ներգրավել մի քանի պետությունների տնտեսվարող սուբյեկտների՝ զսպումների, հակակշիռների եւ տնտեսական մրցակցության համար անհրաժեշտ հիմքեր ստեղծելու նպատակով: Սա առաջին հերթին պետք է Ռուսաստանին, քանի որ հայ ժողովրդի ներկայիս ծանր տնտեսական իրավիճակի ամբողջ պատասխանատվությունը կընկնի Ռուսաստանի վրա՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով: Եթե ինչ-որ պահի ժողովուրդը հիասթափվեց եւ երես թեքեց Ռուսաստանից, ապա կարելի է ենթադրել, որ Հայաստանում կստեղծվի նույն իրավիճակը, որը ներկայումս գոյություն ունի Վրաստանում: Սա ծայրահեղ անցանկալի սցենար է Ռուսաստանի համար, որի կանխման համար Ռուսաստանը պետք է վերանայի Հայաստանի հետ իր հարաբերությունների ներկայիս ձեւաչափը եւ այն տրանսֆորմացնի դեպի իրական գործընկերության:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել