Անցնող եւ վաղ գարնան երամի պես հեռացող օրերի միջով, քաղաքական եւ չքաղաքական տրտմության մեջ հայտնվում է չժանգոտվող կողպեքի երկաթյա համը սիրո տեսքով՝ որպես մանկություն, երբ դու բախտ ունեցար տեսնելու, զգալու արեւն ու ջուրը եւ լույսի ծփանքը՝ անվերջ հեռացող ջրերի միջով: Ու քո կյանքի ճանապարհին ճանաչեցիր ջրհոսի համաստեղություն մտնող կենդանի ձկանը: Փորձեցիր հարգել ու պահպանել Աստծո տասը պատվիրանները, բայց չճանաչեցիր ինքդ քեզ: Երազեցիր տեղավորվել Աստծո սիրո մեջ, բայց որպես քո հնագույն ազգի չժանգոտվող արյան մեկ կաթիլ մոռացար, որ Աստծուն չասես, թե ես խնդիր ունեմ, այլ քո խնդրին ասես, թե ես Աստված ունեմ:
Ալեքսանդր Մեծն իրեն անհատուկ դաժանությամբ ոչնչացրեց Թեբե մեծ քաղաքը՝ չխնայելով ոչ ոքի, եւ հողին հավասարեցրեց մեծ մշակույթի մայրաքաղաքներից մեկը: Հայոց Տիգրան Մեծ թագավորը, Արեւելքը նվաճելիս, Հալեպ քաղաքի միջնաբերդը գրավելու ժամանակ տեսավ, թե ինչպես է կոտրված թրով եւ կիսված վահանով շարունակում կռվել քաղաքի իշխանը: Հրամայեց ու կանգնեցրեց իր հարձակվող զինվորներին: Եվ մոտենալով արնաշաղախ իշխանին՝ համբուրեց նրա ճակատը եւ մեծարեց նրան՝ դարձյալ հռչակելով նրան Հալեպի իշխան, քանի որ մարդը, զինվորը, զորավարը, ով մինչեւ վերջ կանգնում է իր հայրենիքի, իր սկզբունքի եւ իր հավատի համար, արժանի է մեծագույն հարգանքի: Եվ դա արեց մեր ցեղի թագավորը, չնայած պատմության մեջ չհավասարվեց Մեծն Ալեքսանդրին:
Ես այս ամենը հիշեցի, որովհետեւ ինչ որ տեղի է ունենում ապստամբ Արեւելքում, ցույց ու միտինգների արյան հրավառությամբ, մտահոգում է ինձ, եղբայրնե՛ր ու քույրե՛ր: Քանզի մեր տեսակը այլ է: Ես գիտեմ, սակայն, որ ամեն հայ իր սեփական երկրի, դարերով երազած պետության սահմանադրությունը հաշվի չառնելու սխալմամբ իրավունք է վերապահում իրեն, քանի որ ինքը այդպես է մտածում: Չնեղվենք ու ներենք, որովհետեւ ցեղը մեր վեց հարյուր տարի պետություն ու սահմանադրություն չի ունեցել: Ապրել է օտարների օրենքների ներքո, սակայն չի հարգել օտարի սահմանադրությունը: Եվ այսօր՝ մոռանալով մեր աշխարհաստեղծ նախասկիզբը, չենք էլ անդրադառնում, որ վաղվա ավանդույթները ստեղծողը մենք ենք: