Լրահոս
Օրվա լրահոսը

Կհատվե՞ն նորից Հայաստանի եւ «Լինսի» ճանապարհները

Մարտ 04,2011 00:00

ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար,  Լինսի» հիմնադրամի համակարգող Արտաշես Թումանյանի հետ հարցազրույցի շարունակությունը:

Սկիզբը՝

– Եղե՞լ են սկզբունքային սխալ որոշումներ՝ կապված ծրագրի կառուցվածքի եւ բովանդակության հետ:
– Ամբողջ ծրագրի հետ կապված ընդհանուր մոտեցումների այլընտրանքներ եղել են: Օրինակ, հիմա էլ ինձ համար խնդրահարույց է, թե արդյոք անհրաժե՞շտ էր 18 մլն դոլար հատկացնել ամբողջ հանրապետությունով մեկ սփռված 34 մշակութային հաստատություններին, թե՞ ավելի նպատակահարմար կլիներ առանձնացնել, ասենք, միայն 10 կարեւոր օբյեկտ եւ դրանք կատարյալ վիճակի բերել: Վիճելի հարց է: Երկու մոտեցումներն էլ իրենց պլյուսներն ունեն: Արդյոք ճի՞շտ էր «ամեն մի քրոջը մեկ ականջօղ» մոտեցմամբ առաջնորդվել: Հիմնանորոգելով մեծ թվով, այն է՝ 34 մշակութային հաստատություն, մենք նախադրյալներ ստեղծեցինք համընդհանուր մշակութային «բում» ապահովելու համար, սակայն փողի սակավության պատճառով տուժեցին որոշ հաստատություններ: Օրինակ, նույն փողի սղության պատճառով չփոխվեցին Սունդուկյանի թատրոնի դահլիճի բազմոցները, մասամբ չնորոգվեցին թատրոնի հարդարման եւ վարչական տարածքները: Կամ, ասենք, մեկ այլ խնդիր: «Ճանապարհաշինության» եւ «Երեւանի փողոցներ» ծրագրերով արժե՞ր արդյոք կառուցել 435 կմ ճանապարհ, տասնյակ փողոցներ եւ հրապարակներ, թե՞ արժեր արեւմտյան ստանդարտներով կառուցել, ասենք, միայն մեկ մագիստրալ ճանապարհ կամ որեւէ այլ խոշորամասշտաբ կառույց: Որոշ նկատառումներ ուզում եմ հայտնել նաեւ «Դիլիջան-Սեւան» թունելի մասին: 2344 մ երկարությամբ թունելը (լեռնային հատվածը՝ 2257մ) գտնվում է ինժեներա-հիդրոերկրաբանական չափազանց բարդ պայմաններում եւ խիստ ջրահագեցված միջավայրում: Թունելի շինարարությունը սկսվել էր 40 տարի առաջ եւ երկար տարիներ մնացել թերավարտ վթարային վիճակում: Ծրագրի գրասենյակի կողմից կազմված հանրապետական հանձնաժողովը ժամանակին (տրանսպորտի նախարարություն, քաղաքաշինության նախարարություն, գիտահետազոտական ինստիտուտներ, փորձագետներ) առաջարկել էր կատարել թունելի վթարային վիճակի վերացում եւ հիմնանորոգում: Աշխատանքները հաջողությամբ իրականացվել են, սակայն թունելի շահագործումը ենթադրում է հստակ կանոնակարգված գործողությունների իրականացում, այն է՝ սիստեմատիկ ջրահեռացում, պատերի երեսարկի լցամղում (առանձին կետերում՝ ցեմենտացիա), լուսավորում, օդափոխում եւ այլն, որ ոչ միշտ է արվում բարեխղճորեն: Ի դեպ, ըստ նախագծի՝ խորհրդային տարիներին թեթեւ բետոնից կառուցված պատերի 60%-ը տարիների ընթացքում դեռեւս ուժեղացման եւ երեսպատման կարիք ունի, այնպես որ, իրավասու մարմինները այդ մասին գիտեին ու պարտավոր են տարիների ընթացքում կատարել այդ աշխատանքները: Չներդրվեն այդ միջոցները հիմա՝ հետագայում ավելի մեծ ծախսեր կպահանջվեն: Մի բան ակնհայտ է. հիշատակված մոտեցումները եւ կատարված աշխատանքի արդյունքները մեծապես նպաստեցին հանրապետության տնտեսության զարգացմանը եւ ապահովեցին խիստ բարենպաստ միջավայր օտարերկրյա ներդրումների համար: Ինչպես տեսնում եք, թերություններ եւ խնդիրներ եղել են, սակայն դրանք հայտնի են եղել եւ համարժեք վերաբերմունքի արժանացել:
– Ուրեմն Դուք պնդում եք, որ «Լինսի» հիմնադրամի ղեկավարությունը գո՞հ է եղել ծրագրի իրականացումից եւ չե՞ն եղել հակասություններ:
– Նախապես ներողություն խնդրելով՝ վկայակոչեմ մի փաստ՝ ծրագրի ավարտից հետո Քըրք Քըրքորյանի կողմից Ռ. Քոչարյանին ուղարկված մի նամակի մասին, որտեղ շնորհակալություն հայտնելով ՀՀ նախագահին 150 մլն դոլար արժողությամբ ծրագիրը հաջողությամբ իրականացնելու կապակցությամբ՝ գրել էր. «Ուզում եմ նշել Ձեր պաշտոնյաների եւ Արտաշես Թումանյանի նվիրված (dedicated) աշխատանքը»:
Վերջին տարիների ֆինանսական ճգնաժամը, ինչպես գիտեք, ազդել է շատերի, այդ թվում նաեւ Քըրք Քըրքորյանի բիզնեսի վրա: Սակայն կարծում եմ, կամաց-կամաց իր գործերը բարելավվում են: Չմոռանանք, որ նրան է պատկանում MGM խաղատնային համակարգի 27%-ը, եւ հենց այս պահին էլ մեր հայրենակիցը տիրապետում է մի քանի միլիարդ դոլարի ունեցվածքի: Եվ շատ բնական կլինի, որ հայերս մաղթենք մեր մեծ հայրենակցին քաջառողջություն եւ իր բիզնեսի բարգավաճում, անկախ նրանից՝ մեր ճանապարհները կհատվե՞ն, թե՞ ոչ…
– Դուք համամի՞տ եք մեկնաբանություններին, թե նախկին իշխանությունների հետ Քըրքորյանն ուզում էր աշխատել, այսօրվանների հետ չի ուզում:
– Ոչ, բացարձակապես ոչ, որովհետեւ այս իշխանությունների օրոք շարունակվեց այդ 60 միլիոնի ծրագիրը, եւ ավելացրեց եւս 12 միլիոնի ծրագիր դպրոցաշինության համար: Ուղղակի չպետք է մոռանալ, որ համաշխարհային ճգնաժամը ազդեց նաեւ Քըրք Քըրքորյանի բիզնեսի վրա, թեեւ նա նույնիսկ այդ դեպքում չդադարեցրեց վերջին 12 մլն դրամի ծրագիրը:
– Կարո՞ղ եք զուգահեռ անցկացնել այսօր աղետի գոտում կատարվող շինարարության եւ Ձեր ժամանակ կատարվածի որակի եւ արդյունավետության միջեւ:
– Որքան գիտեմ, աղետի գոտում բնակարանաշինությունը գտնվում է հանրապետության ղեկավարության հատուկ հսկողության ներքո եւ բարեհաջող կերպով իրականացվում է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել