Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-ԻՑ ՀԵՏՈ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ԵՐԱՇԽԻՔՆԵՐ ԷՐ ԽՆԴՐՈՒՄ

Մարտ 04,2011 00:00

Անցած ժամանակաշրջանի վերաբերյալ եւս մի մանրամասն է պատմում նախկին նախարար Գագիկ Շահբազյանը

– Եվ այսպես, մեր նախորդ զրույցը դադարեցրիք այն փաստերի հիշատակմամբ, որ նշանակվեցիք Հայաստանի դեսպան Ռուսաստանում, եւ Դուք էիք խնդրել տեղափոխվել այլ աշխատանքի, քանի որ դժվար էր աշխատել Ռոբերտ Քոչարյանի հետ:

– Այո, կարելի էր իհարկե շարունակել եւ վերապատմել բոլոր փաստերը Քոչարյանի հետ իմ հարաբերությունների մասին՝ արդեն ՌԴ-ում Հայաստանի դեսպան նշանակվելուց հետո, ինչը լիովին կբացահայտեր նրա էությունը: Մասնավորապես՝ նրա առաջարկը դեսպանատան միջոցով Մոսկվայում բիզնես անելու վերաբերյալ, Ղարաբաղի վերաբերյալ առաջարկները, որոնք փոխանցվել են իմ միջոցով, նրա հիստերիկ արձագանքները ռուսական լրատվամիջոցներում հրապարակումներին եւ ոչ համարժեք պահվածքը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի եւ հետագա ընտրությունների ընթացքում, նաեւ շատ ու շատ այլ բաներ: Բայց կարծում եմ, որ այս հարցազրույցի նպատակը Ռոբերտ Քոչարյանի էության բացահայտումը չէ՝ այն առանց այդ էլ բավական հայտնի է: Եվ գուցե հետագայում՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերի առնչությամբ, որպես օրինակ էլի կնշեմ որոշ փաստեր:

Իսկ առայժմ ուզում եմ նշել միայն մի փաստ, որն, ի դեպ, վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի հետ իմ վերջին շփումներին: 1999 թվականի հոկտեմբերի 27-ի իրադարձություններից հետո Երեւանում կայացավ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը մի բարձրաստիճան պաշտոնյայի հետ: Եվ ես ներկա եմ եղել այդ հանդիպմանը, որի ընթացքում Ռոբերտ Քոչարյանին առաջարկվեց տեղափոխվել Մոսկվա: Եվ Ռոբերտ Քոչարյանը քննարկում էր Մոսկվա իր այցի պայմաններն ու երաշխիքներ էր խնդրում, քանի որ ռուսական կողմը նման հարցերում պայմանավորվածությունները չի պահպանում՝ նշեց դրա օրինակները: Ինձ թվում է, որ Հայաստանի նախագահը պետք է որ հնարավորինս հեռուն ուղարկեր այն մարդկանց, ովքեր իրեն նման առաջարկ են անում, այլ ոչ թե քննարկեր պայմաններն ու երաշխիքները:

Միաժամանակ ուզում եմ նշել, որ հոկտեմբերի 27-ի իրադարձություններից հետո Հայաստանում հանդիպել եմ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի բազմաթիվ պաշտոնատար անձանց հետ: Ինչպես նաեւ՝ վարչապետի հանձնարարությամբ՝ 1999 թվականի նոյեմբերից մինչեւ փետրվար բազմիցս այցելել եմ Մոսկվա, Եվրոպա եւ ԱՄՆ՝ Հայաստանի ներքաղաքական իրավիճակի հանգուցալուծման ուղիների քննարկման համար: Ահա թե ինչու Արամ Սարգսյանի կառավարության հրաժարականից հետո ինձ խորհուրդ չտվեցին վերադառնալ, եւ ես մնացի Ամերիկայում:

– Ի դեպ՝ թեեւ մտադիր էիք չանդրադառնալ Ձեր հարցազրույցին հետեւած արձագանքներին, բայց պիտի խնդրեմ բացառություն անել եւ պարզաբանել այն պնդումը, որը Ձեր նախորդ հարցազրույցից հետո արել է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարը՝ միջպետական պարտքի վերաձեւակերպված ձեռնարկությունների պարտքի վերաբերյալ. «Այդ խնդրի չկարգավորված լինելը պարզապես խաթարում էր ՀՀ եւ ՌԴ կառավարությունների հարաբերությունները՝ փակելով քիչ թե շատ մեծ ներդրումների ճանապարհը: Հենց այդ խնդրի լուծումը հզոր խթան դարձավ տնտեսական ոլորտում լայնածավալ համագործակցություն սկսելու համար: Առաջին քայլը «ՀայՌուսգազարդի» ստեղծումն էր, ինչը թույլ տվեց 10 տարիների ընթացքում անփոփոխ պահել հոսանքի եւ գազի սակագները Հայաստանում: Ըստ էության, այդ ժամանակ վերացվեց այն խոչընդոտը, որը խանգարում էր երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացմանը»:

– Ինչ վերաբերում է Վիկտոր Սողոմոնյանի ստորագրությամբ պատասխանին՝ կարելի էր մանրամասն վերլուծել այդ «Ֆիլկայի գրությունը»: Սակայն նշեմ, որ, ըստ էության, իմ ասածներից ոչ մի բան չի հերքվել: Ավելի՛ն՝ նա հաստատել է, որ Ռոբերտ Քոչարյանն է ստորագրել ձեռնարկությունների միջեւ առկա պարտքը որպես պետական ճանաչելու վերաբերյալ փաստաթուղթը: Իսկ քանի որ այն ե՛ս պետք է ստորագրեի՝ որպես հայ-ռուսական հանձնաժողովի համանախագահ, ուրեմն՝ ես հրաժարվել եմ, եթե նա է ստորագրել:

Դրա հետ մեկտեղ՝ պատասխանում նշված «ըստ ամենայնի», «մեկ էլ տեսար», «թերեւս», «հոգնած», «դողդողացող ձեռքեր» արտահայտությունները ենթադրությունների ոլորտից են կամ բարոյական կատեգորիայի հարցեր՝ վերաճող անձնական վիրավորանքի փորձի, «լավ տղայի» մտածելակերպով: Իսկ ես, ինչպես ասվել է, ենթադրություններով չեմ խոսում, այլ փաստերով: Եվ ավելորդ եմ համարում բարոյականության դասեր տալ անբարոյականներին եւ անդրադառնալ անդեմների անձերին:

Ինչ վերաբերում է այս «Ֆիլկայի գրության» մեջ նշված փաստերին՝ ուզում եմ նշել, որ «ՀայՌուսգազարդի» վերաբերյալ բանակցությունները սկսվել են դեռ այն ժամանակ, երբ Ռոբերտ Քոչարյանը գտնվում էր Ղարաբաղում: Կարելի է այժմ ուսումնասիրել այդ աշխատանքային փաստաթղթերը եւ տեսնել իմ ստորագրությունը՝ ամսաթվով: Այսինքն՝ այդ բանակցությունները սկսվել են շատ վաղուց: Եվ երբ ստորագրվեց փաստաթուղթը՝ Հայաստան պետության բաժնեմասը 45 տոկոս էր, իսկ հիմա՝ 20 տոկոս, ու հենց Ռոբերտ Քոչարյանի «իմաստնագույն» տնտեսական քաղաքականության հետեւանքով:

Իսկ այն փաստարկի կապակցությամբ, թե սա նպաստեց հայ-ռուսական հարաբերություններին՝ ուզում եմ նշել, որպես մի մարդ, որը եղել է հատկապես այդ գործընթացում՝ հայ-ռուսական լավագույն հարաբերությունները եղել են Ելցին-Տեր-Պետրոսյան նախագահների օրոք: Եվ սրանք իմ բառերը չեն: Բորիս Ելցինի 80-ամյակի կապակցությամբ հանդես եկան ռուս բազմաթիվ քաղաքական գործիչներ: Եվ եթե ուշադիր ընթերցենք նրանց ասելիքը՝ շատերն են անդրադարձել, թե որքան բարձր էր Ելցինը գնահատում եւ հարգում Լեւոն Տեր-Պետրոսյանին: Սա արդեն ես չեմ ասում՝ սա ասում են Բորիս Ելցինի ռուսաստանյան գործընկերները: Եվ սա փաստ է:

Շարունակելի

Հ. Գ. Հաշվի առնելով նախորդ հարցազրույցից հետո տրված բազմաթիվ հարցերը՝ տեղեկացնում ենք, որ պրն Շահբազյանի հետ հարցազրույցի շարունակությունը հրապարակվելու է շաբաթը մեկ պարբերականությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել