Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԴԵԺԱՎՅՈՒՆ

Մարտ 04,2011 00:00

Բոլորը խոսում են սոցիալ-տնտեսական խնդիրներից, եւ բոլորին թվում է, թե իրենք ամենալավն են խոսում

Մարտի մեկի հանրահավաքում ՀԱԿ-ի՝ իշխանություններին ներկայացրած պահանջների մեծ մասը առնչվում է սոցիալ-տնտեսական խնդիրներին՝ աշխատավարձերի եւ կենսաթոշակների ավելացումից մինչեւ մարտի մեկի զոհերի հարազատներին փոխհատուցումներ: Դաշնակցությունը եւս՝ որպես ընդդիմադիր քաղաքական ուժ, խոսում է հատկապես այս խնդիրներից եւ իր հերթին կոնկրետ առաջարկներ կամ պահանջներ է ներկայացնում։ Ուրեմն, եթե բոլորը միասին եւ առանձին-առանձին խոսում են նույնի մասին, ինչո՞ւ է ամեն ինչ այսքան վատ, ինչո՞ւ չեն համախմբվում եւ միասնաբար չեն փորձում խնդիրները լուծել: Մեր այս «միամիտ» հարցն առաջինն ուղղեցինք Դաշնակցության ներկայացուցչին: Արծվիկ Մինասյանի կարծիքով, մարտիմեկյան հանրահավաքի ժամանակ ներկայացվածների վերաբերյալ Դաշնակցությունը ոչ միայն ասել է, այլեւ դրանք հրապարակել է. «Մենք ներկայացրել ենք ավելի խորքային քաղաքականության փոփոխություն, նաեւ՝ սոցիալական լայն շերտերի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված կոնկրետ գործողություններ, տնտեսական քաղաքականության մեջ արմատական փոփոխություններ եւ ծրագրեր: Ցավում եմ, որ մի հատվածը (նկատի ունի ՀԱԿ-ին- Մ. Ե.) չի ուզում անդրադառնալ, որ այն, ինչ իրենք այսօր են ներկայացնում, մենք արդեն հրապարակել ենք: Եթե իրենք ցանկություն ունեն կրկնել մեր ասածները, ես շատ ուրախ եմ եւ ողջունում եմ, եւ եթե ունեն լրացուցիչ քննարկումների կարիք, պատրաստ ենք իրենց հետ քննարկել»: Մեր դիտարկմանը, թե՝ այդ դեպքում ի՞նչն է խանգարում, որ միասին այս երկու քաղաքական ուժերը ներկայացնեն իրենց գրեթե նույնաբովանդակ առաջարկները, Արծվիկ Մինասյանը այսպես պատասխանեց. «Այս պահին միակ հնարավոր համագործակցության դաշտը ՀԱԿ-ի եւ որեւէ այլ ուժի հետ մենք արդեն հայտարարել ենք, կարող է լինել մեր հայտարարած ընտրական իրավունքի պաշտպանության շարժումը: Այս շարժման շրջանակներում պատրաստ ենք համագործակցել ցանկացած ուժի, կառույցի, կազմակերպությունների հետ, որոնք նպատակ ունեն երաշխավորել կամ մասնակցել այդ ընտրությունների արդարության հաստատմանը»:
Ամեն ընտրությունից առաջ քաղաքական ուժերն ինչ-որ նախաձեռնություններ, առաջարկներ են հրապարակ նետում եւ սպասում են, թե ով իրենց առաջարկին կամ նախաձեռնությանը կմիանա: Իրենց կողմից ոչ մի դեպքում ոչ մեկին միանալու մղում չի դրսեւորվում: Նստում եւ սպասում են, որ իրենց միանան, իրենք դառնան առանցքը։ Սա արդեն այնքան վաղուց է այսպես, որ մեր զրուցակցի հետ զրույցի ընթացքում դեժավյուի զգացողություն ունեցանք: Արծվիկ Մինասյանը ի պատասխան իմ այս դիտարկմանը՝ ասաց, թե ընտրական իրավունքի պաշտպանության շարժման վերաբերյալ ՀԱԿ-ի առանձին ներկայացուցիչներ արդեն իսկ պատասխաններ են հնչեցրել, որոնք դաշնակցական պատգամավորը ոչ միայն ընդունելի չի համարում, այլեւ համարում է, որ՝ «ընդհանրապես, իրենք շարժվում են այն ճանապարհով, որ իրենցից լավ ոչ ոք չի կարող ընդդիմություն լինել: Սա մերժելի մոտեցում է, եւ այս մոտեցումով ոչ միայն չի հաջողվելու ամեն ինչ տանել իրենց տակ, այլեւ դրանով իրենք աղավաղում են ողջ քաղաքական դաշտը»: Մեր հարցին՝ մի՞թե նույն կերպ չի մտածում նաեւ Դաշնակցությունը, պարոն Մինասյանը ժխտողական պատասխան տվեց. «Չէ, մենք այդպիսի ցանկություն կամ մտադրություն չունենք»։
ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը չժխտեց, որ մեր երկրում առկա են բազմաթիվ սոցիալ-տնտեսական խնդիրներ. «Բայց պետք է արդար լինել եւ արձանագրել, որ այս ընթացքում չի կրճատվել որեւէ սոցիալական ծրագիր, կենսաթոշակները չեն կրճատվել, ինչպես եղավ եվրոպական որոշ երկրներում, իսկ գազի սակագնի անփոփոխ թողնելը խոսում է այն մասին, որ մեր երկրի ղեկավարությունը, երկրի նախագահն ամեն ինչ անում են եւ անելու են՝ սոցիալ-տնտեսական այս դժվարին պայմաններում բարեփոխումներ իրականացնելու համար: Մենք ընդունում ենք բոլոր ազնիվ մտահոգությունները, ազնիվ քննադատությունը, բայց երբ ոմանց, այսպես կոչված, քննադատությունը ոչ թե ազնվության, մարդկանց հոգսերը ըմբռնելու միտում ունի, այլ արվում է զուտ պոպուլիստական նպատակներով, մենք դա չենք կարող ընդունել: Դրանք արվում են ընտրություններից առաջ՝ դժգոհ զանգվածին առավել զգացմունքային ֆոնի վրա դնելու համար»։ Էդուարդ Շարմազանովը վստահ է, որ քաղաքական ուժերը միմյանց հետ պետք է պարզապես նստեն եւ խոսեն եւ ոչ թե միմյանց առաջ պայմաններ դնեն. «Եթե իրենց թվում է, թե իրենց ներկայացրած թվերը ռեալ են, ապա ինչո՞ւ ժամանակին իրենք այդպես չէին վարվում, թող իրենց կառավարման ժամանակ հենց այդքան աշխատավարձ եւ կենսաթոշակ տային ժողովրդին, ինչպիսին այսօրվա իշխանություններից են պահանջում, եթե դրանք ռեալ թվեր են, թող անեին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել