Կամ Գրետա Մեջլումյանի ստեղծած կնոջ կերպարը՝ ըստ «Ծառերը» պատմվածքաշարի
Հրանտ Մաթեւոսյանի հոբելյանին նվիրված՝ անցյալ տարվանից սկիզբ առած հանդիսությունները շարունակվում են: Օրերս Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում առաջին անգամ անդրադարձ կատարվեց մեծանուն գրողի «Ծառերը» պատմվածքաշարին, որի հիման վրա պիես է ստեղծել Հայաստանի վաստակավոր արտիստուհի Գրետա Մեջլումյանը: Մայր թատրոնում այս ինքնատիպ մենադրամայի բեմադրությունը, որի առաջնախաղը եղավ վերջերս, իրականացրել է Հայաստանի վաստակավոր արտիստ Դավիթ Հակոբյանը, նկարիչն է Արմինե Մելիքյանը, երաժշտությունը Սեդրակ Երկանյանինն է, գործիքավորումը՝ Արթուր Հակոբյանինը: Գ. Մեջլումյանը ստանձնել է նաեւ դերակատարի պարտականությունները, իր խոսքերով՝ ծանոթ լինելով մաթեւոսյանական աշխարհի առանձնահատկությանը:
Բեմից լսեցինք գրողի հրաշալի խոսքը, շփվեցինք նրա բացառիկ կերպարային մտածողությանը, մտովի վերադարձանք Մաթեւոսյանի «ահնիձորյան առասպելի» ակունքներին, տեսնելով նրա՝ ժողովրդական հումորով ու զարմանալի մարդկային կենսագրություններով ապրող հերոսներին, որոնց կարծես մեկ բեմադրության մեջ միավորել է Գ. Մեջլումյանը, ստեղծելով մեկ ընդհանրական կերպար: Որոշ տեսարաններում պատմողական խոսքը վերածվում է դրամատիկական գործողության, այսպես առավել շոշափելի դարձնելով գրողական այն բացառիկությունը, որը հատուկ է միայն Մաթեւոսյանին:
Բեմադրիչի ու դերակատարի համար հավանաբար հեշտ չի եղել մեծ բեմում մենադրամայի միջոցով ստեղծել հագեցած բեմական կյանք, անել այնպես, որ հանդիսատեսը չթուլացող հետաքրքրությամբ հետեւի ներկայացմանը:
Մեջլումյանական խաղը, իհարկե, իր բարձրության վրա էր, այդուհանդերձ, ներկայացումից հետո հանդիսատեսից ոմանք, այդ թվում նաեւ մենք, զուգահեռներ տեսանք մաթեւոսյանական Աղունի («Աշնան արեւ») եւ դերասանուհու ստեղծած հավաքական կերպարի միջեւ: Հավանաբար սա էլ իր բացատրությունն ունի, քանի որ Աղունը ապրում է բոլորիս մեջ: Ի դեպ, «Աշնան արեւի» առաջին բեմադրությունը Երեւանի դրամատիկական թատրոնում 1981թ. իրականացրել է Արտաշես Հովհաննիսյանը:
Դերասանուհի Գ. Մեջլումյանի եւ բեմադրիչ Դ. Հակոբյանի համագործակցության արդյունքը միանշանակ հաջողված է, սակայն ցանկալի կլիներ, որ այս բեմադրությունը ներկայացվեր կամերային միջավայրում՝ փոքր բեմում, ինչն ավելի շահեկան կլիներ եւ կստեղծեր փոխադարձ սերտ կապ հանդիսատեսի ու բեմի միջեւ: