Լրահոս
Օրվա լրահոսը

GPM GOLD-Ը ՍԿՍՈՒՄ Է ՀԱՐՍՏԱՑՄԱՆ ՖԱԲՐԻԿԱՅԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄԸ

Մարտ 03,2011 00:00

\"\"GPM GOLD ընկերությունը միջազգային GeoProMining խմբի անդամ է եւ շահագործում է Սոթքի հանքավայրերն ու Արարատի ոսկու հարստացման ֆաբրիկան: 2010-2013թթ. նախատեսված է հանքավայրի տեխնիկական վերազինումը եւ Արարատի ֆաբրիկայի վերակառուցումը: Իսկ ներդրումային ծրագրի շրջանակներում GPM GOLD-ը Արարատի ֆաբրիկայում «Ալբիոն» տեխնոլոգիայի ներդրման նպատակով անցյալ տարի պայմանագիր է կնքել ավստրիական Core Resorce եւ Xtrata ընկերությունների հետ: Ընկերության 2010թ. գործունեության, ինչպես նաեւ 2011 թ. պլանների մասին է «ԱրմԻնֆո» լրատվական գործակալության թղթակցին պատմում ընկերության գլխավոր տնօրեն Վլադիմիր Անատոլիի Կոզլովը:
– Ինչպիսի՞ն էր նախորդ տարին ընկերության համար ընդհանրապես:
– 2010-ը բավականին դժվարին տարի էր ընկերության համար այն առումով, որ առաջին եռամսյակի ավարտին մենք մնացինք առանց հումքային բազայի: Ստիպված էինք շտապ ճշգրտել տարվա բոլոր պլանները, ինչպես նաեւ լեռնային աշխատանքների ուղղությունները: Բանն այն է, որ մենք հանքից ակնկալում էինք ավելի շատ մետաղ ստանալ, սակայն, սպասվող 60-70%-ի փոխարեն, ստացանք 30-38%: Իսկ դա, բնական է, բացասաբար ազդեց տնտեսական ցուցանիշների վրա՝ եւս մեկ անգամ ընկերությանը դրդելով արագացնել հարստացման ֆաբրիկայի վերակառուցման աշխատանքներն Արարատում: Կուզենայի նշել, որ Սոթքի ոսկեբեր հանքավայրում 70% են կազմում սուլֆիդային հանքանյութերը, իսկ ներկայիս CIAL տեխնոլոգիաները նախատեսված չեն դրանք արդյունավետորեն վերամշակելու համար: Հանքահանման ցուցանիշները եւ հանքավայրի մշակման տնտեսական արդյունավետությունը բարձրացնելու նպատակով անհրաժեշտ է իրականացնել ֆաբրիկայի վերակառուցում: Չնայած այս ամենին, նախորդ տարին մենք եզրափակեցինք ոչ վատ արդյունքներով: Իսկ «Դորե» ձուլվածքի գծով դուրս եկանք ամսական 80 կգ արտադրանքի սահմանագիծ, այսինքն՝ դուրս եկանք վնասաբերության մակարդակից: 2010-ը նշանակալից էր նաեւ նրանով, որ սկսեցինք մեծ թափով աշխատել ֆաբրիկայի վերակառուցման ուղղությամբ՝ պատվիրելով «Ալբիոն» տեխնոլոգիայի ներդրման նախագիծը. կնքվեցին բոլոր պայմանագրերը, մշակվեց վերակառուցման ռազմավարությունը, բոլոր հանքանյութերի գծով իրականացվեցին հետազոտական աշխատանքներ, սահմանվեցին բանկային տեխնիկա-տնտեսական հիմնավորումները, մշակվեցին 2011թ. ծրագիրը եւ ֆաբրիկայի շինարարության մեկնարկի ժամկետները: Իսկ 2011-ին մենք պետք է արդեն անմիջականորեն ձեռնամուխ լինենք շինարարական աշխատանքներին: Ինչ վերաբերում է հանքին, ապա իրականացվել է սարքավորումների մասնակի արդիականացում, շահագործման են հանձնվել 130 տոննանոց մեքենաները, Հայաստանում առաջին անգամ ձեռք է բերվել 10 խորանարդ մետր հզորությամբ էքսկավատոր, գնվել է օժանդակ տեխնիկա, 100%-ով նորացվել է բուլդոզերային պարկը եւ ձեռք է բերվել հորատող նոր սարք: 2010-ին մշակվեց Գաբրոզանգվածի հանքանյութի ստացման տեխնոլոգիան: Դա առանձին զանգված է, որը նստում է հանքավայրի հարավային մասում, որի մշակման հետ կապված ունեինք մեծ կասկածներ, քանի որ այստեղ հանքանյութն այնքան էլ հարուստ չէ: Բայց հետազոտությունները ցույց տվեցին, որ այդ զանգվածից ստացված հանքաբաժինը կլինի արդյունավետ: Հարկավոր էր կիրառել նախնական կամ մեխանիկական հարստացման մեթոդները: Դրա համար էլ 2010 թ. ավարտին նախապատրաստվեց ծրագիրը, իսկ այս տարի արդեն սկսվել են մանրող-տեսակավորող համալիրի բետոնային աշխատանքները, ինչը թույլ կտա կատարել հանքանյութի մեխանիկական բաժանումը: Դա կլինի լեռնային աշխատանքների հիմնական ուղղությունը, մինչեւ «Ալբիոն» տեխնոլոգիայի շահագործումը եւ ֆաբրիկայի վերակառուցման ավարտը:
– Որքա՞ն շահույթ է ընկերությունն ակնկալում 2011 թվականին:
– Եթե 2011-ին նախատեսված բոլոր ծրագրերը հաջողությամբ իրականացվեն, ապա ակնկալում ենք շահույթ: Որոշ ժամանակ արտադրության ինքնարժեքը մեզ մոտ շուկայականից բարձր էր, քանի որ բավականին բարձր էին տրանսպորտային ծախսերը, որոնք կազմում են 30-35%: Սոթքի հանքավայրը գտնվում է Արարատի հարստացման ֆաբրիկայից 269 կմ հեռավորության վրա: Իսկ այդ ծախսերը կարելի էր կոմպենսացնել միայն մետաղի ստացման ցուցանիշների ավելացման, ինչպես նաեւ հումքի որակի բարձրացման հաշվին, որը ֆաբրիկա է բերվում վերամշակելու նպատակով:
– Ո՞ր փուլում է գտնվում ֆաբրիկայի վերակառուցման նախագիծը:
– Ընկերության վերակառուցման ներդրումային ծրագիրը փաստորեն սկսվեց 2009-ին, երբ կազմվեցին հանքավայրի տեխնիկական վերազինման պլանները: Իսկ 2010-ից սկսեցինք գնել լեռնային տեխնիկան: Բանկային տեխնիկա-տնտեսական հիմնավորումներն արդեն իրականացվել են 60%-ով եւ վերջնականապես պատրաստ կլինեն 2011թ. մայիս-հունիսին: Ամռանն արդեն կսկսվի ֆաբրիկայի շինարարությունը: Ֆլոտացիոն պարկի վերականգնումը, հնարավոր է, որ սկսենք ավելի շուտ: Հիմնական շինարարական աշխատանքները կսկսվեն 2011 թ. հունիսի վերջին: Ըստ մեր ծրագրի, 2013-ի առաջին եռամսյակում «Ալբիոն» տեխնոլոգիան պետք է արդեն գտնվի շահագործման փուլում:
– Սկզբնական շրջանում նշվում էր ֆաբրիկայի վերակառուցմանն ուղղված ներդրումների չափը՝ $100 մլն, փոփոխվե՞լ է արդյոք նախագծի արժեքը:
– Առայժմ հիմնվում ենք այդ գումարի վրա, սակայն գնահատումը կոպիտ է, որովհետեւ նախագիծը վերջնականապես պատրաստ չէ: Հնարավոր է, որ արժեքը բարձրանա, քանի որ ապրանքների եւ ծառայությունների գները մշտապես աճում են:
– Որքա՞ն կլինեն ներդրումները 2011 թվականին:
– 2011-ին ներդրումները կկազմեն $10 մլն: Միայն «Ալբիոն» նախագծի համար նախատեսված է $4,5 մլն: Շինարարությունից բացի, հիմնական ներդրումները կուղղվեն սարքավորումների ձեռք բերմանը, քանի որ դրանց մատակարարման ժամկետները տատանվում են 6-12 ամիս ժամկետներում: Կարելի է ասել, որ ներդրումների գագաթնակետը կլինի 2012 թվականը:
– Կարո՞ղ եք ակնկալվող տնտեսական արդյունքները նշել «Ալբիոն» տեխնոլոգիայի ներդրումից հետո:
– Մենք նախատեսում ենք հանքավայրի եւ ֆաբրիկայի արտադրողականությունը դուրս բերել տարեկան 1 մլն տոննայի սահմանագիծ: Դա եւ ստացումն է, եւ վերամշակումը: Իսկ եթե ոսկու ստացման ծավալների մասին խոսենք ունցիաներով, ապա շատ բան կախված կլինի հանքանյութի մեջ մետաղի բովանդակությունից: Ստացվող մետաղի բովանդակությունը մեկ տոննա հանքանյութում պետք է լինի մոտ 4-4,5 գրամ, քանի որ սուլֆիդային հանքային մարմիններն ավելի հարուստ են, քան թթվայինները, որոնցով ներկայումս աշխատում ենք: Ինչ վերաբերում է սուլֆիդային հանքանյութերի ստացմանը, ապա ներկայիս տեխնոլոգիաներով դրանք կազմում են 28-30%: «Ալբիոն» տեխնոլոգիայի գործարկումից հետո այս ցուցանիշը կարող է հասնել 80-82%-ի: Ակնհայտ է, որ ներդրումները կլինեն արդյունավետ:
– Ինչպիսի՞ն են ներդրումների եկամտաբերության ժամկետները:
– Ներկայումս նախագծային ինստիտուտները քննարկում են Սոթքի հանքավայրի մշակման երկու տարբերակ: Ոսկու հաստատված պահուստներն այսօր կազմում են 120 տոննա: Մշակման ձեւը կլինի կոմբինացված, բաց եւ ստորգետնյա մեթոդով: Ընտրվել է մեծ հանքավայրը մշակելու տարբերակը, որը կկազմի 14 տարի: Հանքի պահուստները կազմում են 14-16 մլն տոննա: Կարծում եմ, որ առաջիկա տարիներին նպատակահարմար կլիներ զբաղվել բաց ստացումով եւ դրանից հետո միայն անցնել հանքավայրի ստորգետնյա մշակումներին:
– Ընկերությունը տեղեկացնո՞ւմ է ֆինանսավորման իր աղբյուրների մասին:
– GeoProMining ընկերությունների խմբի հիմնական վարկատուն հանդիսանում է «ՎՏԲ-24» ռուսական բանկն է: Վարկերը տրամադրվում են GeoProMining ընկերությունների խմբի երաշխավորությամբ, որի գլխամասային գրասենյակը գտնվում է Մոսկվայում:
– Իսկ այդ նախագիծն ունի՞ արդյոք էկոլոգիական բաղադրիչ:
– Էկոլոգիայի գծով մեր ընթացիկ վիճակը վատ չէ: ՀՀ օրենսդրությամբ նախատեսված բոլոր պահանջները կատարում ենք: Սոթքում եւ Արարատում էկոլոգիայի գծով իրականացվում է ամենամսյա անկախ մոնիթորինգ: «Ալբիոնի» էկոլոգիական բաղադրիչը գնահատելու համար հրավիրել ենք անկախ փորձագետների՝ ի դեմս Digby Wells հարավաֆրիկյան հայտնի ընկերության: Նրանց էկոլոգիական պահանջները չափազանց բարձր են՝ կապված «Ալբիոն» նախագծի մշակման հետ: Մենք նրանց հետ պայմանագիր ենք կնքել՝ համաձայն էկոլոգիական ամենաբարձր ստանդարտների: Նախագիծը կանցնի բոլոր փորձաքննությունները, այդ թվում՝ էկոլոգիական փորձաքննությունը:
– Արդիականացումից հետո կավելանա՞ն աշխատատեղերը:
– 2010թ. մեզ մոտ գրանցվեց աշխատատեղերի 17,7% աճ՝ կապված արտադրողականության բարձրացման հետ. 2010թ. հունվարին ընկերությունն ուներ 639 աշխատող, իսկ 2011թ. հունվարին՝ 752: «Ալբիոնի» ներդրումից հետո ընկերությունում կսկսի աշխատել երկու նոր արտադրամաս, ինչը կպահանջի աշխատատեղերի աճ:
– Ինչպիսի՞ մոտիվացիա եք կիրառում աշխատավարձի հարցում, եւ տրամադրո՞ւմ է արդյոք ընկերությունը սոցիալական փաթեթներ:
– Մարդկանց հետաքրքրությունը մեծացնելու համար ներդրված է աշխատանքի դիմաց վճարման գործարքա-պարգեւատրային համակարգը: Սոթքի հանքավայրում հիմնական մասնագետների համար պարգեւատրումների չափերը սահմանափակումներ չունեն: Յուրաքանչյուր արտադրամասի համար մշակված են համապատասխան ցուցանիշներ, որոնք կատարելու դեպքում հաշվարկվում են պարգեւներ: Պլանային առաջադրանքը 80%-ով կատարած յուրաքանչյուր աշխատողի հաշվարկվում է պարգեւ: Կատարված յուրաքանչյուր տոկոսի դիմաց հաշվարկվում է 2% պարգեւ: Իսկ պլանը 100%-ով կատարելու դեպքում յուրաքանչյուր տոկոսի դիմաց վճարում ենք 10% պարգեւ: Դա մարդկանց թույլ է տալիս նորմալ աշխատելու դեպքում ունենալ արժանապատիվ աշխատավարձ: Արտադրական հատվածի ամսական միջին աշխատավարձը 2010-ի հունվարին կազմել է 136 հազար դրամ՝ տարեվերջին հասնելով 165 հազար դրամի: Մեր աշխատողների համար արտադրական եւ բժշկական ապահովագրության պայմանագրեր ենք կնքում: Բանակցում ենք «Ամերիաբանկի» հետ՝ կապված մեր աշխատողներին զեղչերով վարկավորելու ուղղությամբ: Մեր աշխատողների սոցիալական բարեկեցությունը բարձրացնելու նպատակով մշտապես մշակում եւ իրականացնում ենք նորանոր ռազմավարական ծրագրեր:
– Ինչպիսի՞ սոցիալական պատասխանատվություն է կրում ընկերությունը հասարակության կյանքում:
– Սոցիալական ներդրումների գծով բյուջեն 2011-ին կազմում է $380 հազար: Նախատեսված են մի քանի լուրջ միջոցառումներ: Դա Մշակույթի տան ֆինանսավորման նախագիծն է, որի արժեքը կազմում է $328 հազար, որն իրականացնում ենք Սոցիալական ներդրումների հիմնադրամի եւ Գեղարքունիքի մարզի հետ համատեղ՝ մարզի սոցիալական զարգացման ռազմավարական գործընկերության շրջանակներում: Ընթացիկ տարում բյուջեում տեղ են գտել նաեւ մի քանի նոր սոցիալական նախագծեր, որոնք մշակում ենք Հայաստանում ՌԴ դեսպանության, ինչպես նաեւ Արարատ եւ Վարդենիս քաղաքների տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել