Լրահոս
Օրվա լրահոսը

Չհնչած ելույթը մարտի 1-ի հանրահավաքում

Մարտ 03,2011 00:00

ՀԱԿ ղեկավարությունն աննպատակահարմար է գտել այդ ելույթը

Երեկ «Սարդարապատ» նախաձեռնությունը հաղորդագրություն է տարածել, որում հիշեցվում է, որ փետրվարի 28-ին Ժողովրդական կուսակցության կողմից կազմակերպված հանրահավաքի ժամանակ «Սարդարապատ» շարժման ներկայացուցիչը հրապարակավ հայտարարել էր, որ մարտի 1-ին, ՀԱԿ-ի կազմակերպած հանրահավաքի ժամանակ, «Սարդարապատ» շարժումը եւս խոսք ունի ժողովրդին ասելու։ Այդ խոսքը, սակայն, չի ստացվել, քանի որ ՀԱԿ-ի ղեկավարությունը նպատակահարմար չի գտել «Սարդարապատ» շարժման ներկայացուցչին ելույթի հնարավորություն ընձեռել։ Այս թեմայի շուրջ «Առավոտի» հետ զրույցում մեկնաբանելով ՀԱԿ ղեկավարության նմանօրինակ կեցվածքը՝ շարժման համակարգող, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանն ասաց. «Մեկնաբանությունները թողնում եմ հանրությանը»:
Նա զարմանքով եւ տարակուսանքով հիշեցրեց ընդամենը մի քանի օր առաջ ՀՀՇ ղեկավարներից մեկի հայտարարությունն այն մասին, որ իրենք պատրաստ են երկխոսության, անգամ ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի հետ: Դիտարկմանը՝ գուցե ՀԱԿ ղեկավարությանը նեղացրել է այն, որ «Սարդարապատի» ներկայացուցիչները մասնակցել են նաեւ Ժողովրդական կուսակցության կազմակերպած հանրահավաքին, պարոն Խզմալյանն ասաց, որ այդպիսով իրենք ձգտում են համախմբել մարդկանց: Մեր զրուցակցի կարծիքով, սկզբունքային տարաձայնության առիթ, թերեւս, կարող էր լինել այն, որ «Սարդարապատի» ներկայացուցիչները քանիցս պնդել են եւ այդ ելույթում էլ պատրաստվում էին մեկ անգամ եւս բարձրաձայնել, որ ընտրություններով հարցեր չեն լուծվի՝ լինեն դրանք հերթական, թե արտահերթ, եւ որ նման կոչեր անողները կլինեն մեղսակից հերթական հանցագործությունների:
Իսկ մարտի 1-ի հանրահավաքի ժամանակ «Սարդարապատ» շարժման ներկայացուցչի չհնչած ելույթում, մասնավորաբար, ասվում էր. «Մարտի 1-ի մասին արվել են բոլոր վերլուծությունները եւ տրվել են բոլոր գնահատականները: Անցած երեք տարիների ընթացքում լեգիտիմությունից զուրկ իշխանությունները այդպես էլ չցանկացան գտնել գեթ մեկ անձի, որին պատասխանատվության կանչեն տասը զոհված, տասնյակ վիրավորված եւ ազատազրկված քաղաքացիների համար: Այսքանից հետո առնվազն մոլորություն, եթե չասենք՝ հանցավոր անպատասխանատվություն է ակնկալել, որ հերթական կամ արտահերթ ընտրությունները կանցնեն քաղաքակիրթ պայմաններում, երբ դեմոնտաժի դեռ չի ենթարկվել «ընտրություններ» կոչվող դիվային մեքենան: Այդ իսկ պատճառով «Սարդարապատ» շարժումը պնդել է, եւ շարունակում է պնդել «Ոչ ընտրություններին» կարգախոսի եւ ուղիղ ժողովրդավարության ճանապարհով իշխանափոխության հասնելու տարբերակի վրա: Եթե երկու տարի առաջ այս կարգախոսը ընկալվում էր որպես ընդամենը ռոմանտիկ մարդկանց անհնարին ցանկություն, ապա այսօր մեր շուրջը արաբական երկրներում ծավալված աշխարհաքաղաքական տեկտոնական ընթացքների տրամաբանությունը ակնհայտ է դարձնում, որ վաղ թե ուշ այս ալիքը հասնելու է Կովկաս, այդ թվում՝ նաեւ Ադրբեջան, եւ անչափ կարեւոր է, որ Հայաստանը օր առաջ պատրաստ լինի այդ՝ ժամանակային իմաստով անկանխատեսելի զարգացումներին: Նույն արաբական երկրների փորձը լավ դաս է Հայաստանի համար՝ գիտակցելու, որ միայն իշխանափոխությամբ մենք չենք հասնի մեր նպատակին, այն է՝ հասնել անշրջելի համակարգային փոփոխությունների: Հարկավոր է Հայաստանի եւ Սփյուռքի լավագույն դիմադրական ուժերի միատեղումը՝ այս անցումը առավել անցնցում իրականացնելու համար: Այս վարչակարգին պետք է «ժողովրդավարություն»՝ առանց ժողովրդավարների, «ազատականություն»՝ առանց ազատականների, «նժդեհականություն»՝ առանց ազգայինների, «հայկական աշխարհ»՝ առանց ֆիզիկական Հայաստանի… մի խոսքով՝ սնամեջ հայրենիք, որի անունն է «Երեւանի խանություն»: Մեր հայրենիքը բազմիցս է ցույց տվել անկումից հետո փյունիկի նման հարություն առնելու իր կարողությունը: Միայն մտքով հնարավոր չէ հասկանալ եւ ըմբռնել պահի ողջ ճակատագրականությունը: Լայն բացենք մեր սրտերի դռները՝ նրանք թակող 4-րդ հանրապետության առջեւ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել