Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԸ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ Է, ՍԵՐՎԻՍ Է»

Մարտ 03,2011 00:00

\"\"Հայաստանի Մարդու իրավունքների երրորդ պաշտպան Կարեն Անդրեասյանն իր այս համոզմունքը երեկ բարձրաձայնեց ԱԺ ամբիոնից:

Խորհրդարանում հազվադեպ երեւացող պատգամավորներից շատերը՝ Սամվել Ալեքսանյանը, Զոհրաբ Զոհրաբյանը եւ այլք, երեկ ԱԺ էին եկել՝ մասնակցելու Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում կոալիցիայի առաջադրած թեկնածուի՝ Կարեն Անդրեասյանի ընտրությանը: Նա ստացավ 83 «կողմ» ձայն, «դեմ» քվեարկեց 13-ը: ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը նախապես էր հայտարարել. «Բացարձակապես ոչ մի իմաստով հակառակ չլինելով թեկնածուի անձին եւ հնարավորություններին՝ նրա ներկայացնելու ձեւը մեր խմբակցությունը համարում է անհարիր ու սխալ: Հենց այդ պատճառով մենք այդ թեկնածությանը քվեարկելու ենք դեմ»: «Ժառանգությունը» չմասնակցեց ո՛չ քվեարկությանը, ո՛չ էլ քննարկմանը:
Իսկ քննարկման ընթացքում Կարեն Անդրեասյանը մասնավորապես պարզաբանումներ ներկայացրեց «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում» փոփոխություն կատարելու մասին իր մշակած նախագծի կապակցությամբ, որն էլ դարձել է նրա թեկնածությանը վերապահությամբ վերաբերվելու հիմնական պատճառը. «2009 թվականի իմ նախաձեռնությամբ ես ուզում էի, որ հետամնաց չլինենք այս հարցում եւ ապաքրեականացնենք խոսքի ազատության չարաշահումները»: Նա հայտնեց, թե որպես ՄԻՊ ինչ է պատրաստվում անել լրագրողների դժգոհությունը հարուցած այս փոփոխության կապակցությամբ. «Ես անպայման կուզեի, որ չչարաշահվի այս նորմը, եւ լրագրողների հետ միասին պայքարենք, որ դատարանները հանկարծ կամայական կամ որեւէ այլ տեսակի սխալ դատական ակտեր չկայացնեին՝ օրինակ, խախտելով համաչափության սկզբունքը պատասխանատվության համար»: Կարեն Անդրեասյանը հավելեց. «Որպես ՄԻՊ՝ ես կարող էի համակարգել, ներկայացնել կամ համախմբել այն առողջ ուժերը, որոնք կան հասարակական դաշտում, որ մի լրացուցիչ աչք լիներ, որպեսզի այդ օրենքը, որը կարող է որեւէ կերպ վնասել որեւէ ազատ ԶԼՄ-ի՝ հանկարծ չգործի ի չարս, այլ գործի ի պաշտպանություն խոսքի ազատության»:
Ի դեպ՝ ի պաշտոնե Կարեն Անդրեասյանը նաեւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում փոփոխություններ մշակող աշխատանքային խմբի ղեկավարն է: Եվ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանի հարցին ի պատասխան, թե հատկապես ո՞ր հարցերի վրա է կենտրոնացնելու իր ուշադրությունը՝ մասնավորապես հիշատակեց արբանյակային եւ բջջային հեռարձակման խնդիրները. «Սա անմիջականորեն մարդու իրավունքների հետ կապված մի խնդիր է, որպեսզի կարողանանք տեխնոլոգիաները իրավական ճիշտ կարգավորման ենթարկելով՝ ունենանք հեռարձակման եւ արտահայտվելու հնարավորությունների համար առավել լայն դաշտ»:
Անդրադառնալով ՄԻՊ գործունեության բարելավմանը՝ պրն Անդրեասյանը հայտարարեց. «Ինձ համար մարդու իրավունքների պաշտպանը դա ծառայություն է, սերվիս է, որը պետք է մատուցել անվճար հիմունքներով մեր համաքաղաքացիներին եւ ցանկացած մարդու: Ես պատկերացնում եմ, որ այդ գրասենյակի ծառայությունները պետք է լինեն որակով, բարեհամբույր, ջերմ: Բացի դրանից, շահագրգռված եմ, որ մեր դիմումները շատանան՝ ինչպես ամեն ծառայության մեջ: Մենք պետք է ոչ թե խուսափենք կամ հոգնենք մարդկանցից, այլ ուրախանանք ամեն մի դիմումի համար՝ ոչ թե որ խախտվել են իրավունքները, այլ, որ մարդիկ վստահում են մեզ: Ես կարծում եմ, որ վերաբերվելով դրան որպես ծառայություն, որի որակը պետք է լինի հաճելին, լավը, օգտակարը՝ մենք կկարողանանք բարձրացնել ե՛ւ վստահությունը, ե՛ւ դիմումների, բողոքների աճը»:
Խոստանալով աշխատել բնապահպանական կազմակերպությունների հետ, զբաղվել կալանավայրերում մարդկանց իրավունքների, ոստիկանության եւ դատախազության հետ կապված խնդիրներով՝ ելույթի ավարտին Կարեն Անդրեասյանը նշեց, «Հասկանում եմ, որ մարդու իրավունքների պաշտպանը չի կարող հեռու լինել քաղաքականությունից: Եթե նույնիսկ ես չզբաղվեմ քաղաքականությամբ՝ քաղաքականությունը հաստա՛տ կզբաղվի ինձնով: Ես հասկանում եմ նաեւ, որ քաղաքական գործընթացներում պահել չկողմնորոշված, անորոշ այդ վիճակը միգուցե կդիտարկվի որոշ մարդկանց կողմից լղոզվածության, ոչ սկզբունքայնության կամ որեւէ այլ դրսեւորում: Ես ոչ թե ի սկզբանե արդարանում եմ, այլ հասկանում եմ, որ այդ վտանգները միշտ կան: Միեւնույն ժամանակ, այդ անիմաստ մեղադրանքներից խուսափելու միայն մի ճանապարհ կա՝ իհարկե լինել սկզբունքային, բայց առավել եւս մի կարեւոր փիլիսոփայություն որդեգրել հենց այսօր՝ մինչեւ նույնիսկ ընտրվելը եւ ընտրվելուց հետո չմոռանալ այդ մասին՝ կոնկրետ մեկ մարդու խնդիրը, ցավը, իրավունքը ինձ համար պետք է միշտ լինի շատ ավելի կարեւոր, քան հազարավոր ծափահարությունները, շատ քաղաքական ուժերը, խմբերը, խմբավորումները, որոնք կողջունեն կամ չեն ողջունի»:
Հարցերից մեկին պատասխանելով՝ Կարեն Անդրեասյանը հայտարարեց, թե քաղաքական ուժը, որն իրեն առաջադրել է՝ «Որեւէ նախապայման չի դրել իմ առաջ՝ որեւէ կերպ գործելու որպես մարդու իրավունքների պաշտպան: Հետեւաբար, ես հանգիստ եմ եւ վստահ եմ, որ ես շնորհակալ եմ, բայց պարտք չեմ այդ խմբակցությանը եւ որեւէ քաղաքական ուժի»:
Նոր ՄԻՊ-ի նախկին դասախոսը՝ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը, ելույթում նրան «խրատ» կարդաց՝ ՀՅԴ նախաձեռնած «Քվեն ուժ է» շարժման հետ սերտորեն համագործակցելու հայտնված պատրաստակամության կապակցությամբ՝ սա անվանելով վրիպում. «Ես որպես ձեր դասախոս խրատ եմ տալիս՝ պետք է կարողանաք պաշտպանել ձեր չեզոքությունը ե՛ւ պետական մարմինների պաշտոնատար անձանցից, ե՛ւ լրագրողներից, ե՛ւ ինչ-որ խմբերից, որոնք կուզենան ազդել ձեր գործունեության վրա: Միայն այդ դեպքում, երբ դուք հավասարակշռված մոտեցում ցույց կտաք բոլորին եւ յուրաքանչյուրին՝ այն ժամանակ կարող ենք ասել, որ ունենք կայացած մարդու իրավունքների պաշտպան: Հանկարծ չսխալվեք այս կամ այն բանակի մեջ մտնելով՝ սա է իմ խրատը, հորդորը»:
Վահան Հովհաննիսյանը ելույթում հակադարձեց այս խրատին. «Հիմիկվանից խրատում է օմբուդսմենին, թե նա ինչ պետք է չանի, որ Ռաֆիկ Պետրոսյանի դուրը գա՝ միգուցե ոչ միայն Ռաֆիկ Պետրոսյանի»: Եվ հարցրեց. «Եթե արդեն հիմա այդպիսի խրատներ են հնչում՝ ուրեմն եկեք հասկանանք սկզբից. մեր երկիրն ընդհանրապես այդ ինստիտուտը՝ ՄԻՊ ունենալուն պատրա՞ստ է»:
Ռաֆիկ Պետրոսյանը հետո պարզաբանեց. «Բոլորը տեսել են «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմը, որտեղ խորհուրդ են տալիս բռնել Իվանի պոչը, եւ հարցը լուծվում է: Ես ընդամենը խորհուրդ տվեցի, որ մեր թեկնածուն բռնի Սահմանադրության եւ օրենքների պոչը»:
ԲՀԿ խմբակցության տեսակետը ներկայացնելով՝ Նաիրա Զոհրաբյանն առարկեց Կարեն Անդրեասյանի նաեւ այն պնդմանը, թե «ՄԻՊ-ը չի կարող հեռու լինել քաղաքականությունից», ու հորդորեց. «Դուք պետք է առավելագույնս հեռու մնաք, որովհետեւ ձեր աշխատանքի լավագույն գնահատականը կլինի այն դեպքում, եթե թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը ձեր աշխատանքից դժգոհ լինեն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել