Շախմատի միջազգային միությունը հրապարակել է շախմատիստների անհատական եւ ազգային ֆեդերացիաների վարկանիշային ցուցակները՝ մարտի 1-ի դրությամբ:
Տղամարդկանց առաջատարը աշխարհի գործող չեմպիոն Վիշվանաթան Անանդն է՝ 2817 միավորով: Երկրորդ տեղում է նորվեգացի Մագնուս Կարլսենը (2815), իսկ աշխարհի ուժեղագույն գրոսմայստերների լավագույն եռյակը 2808 միավորով եզրափակում է Հայաստանի առաջատար շախմատիստ Լեւոն Արոնյանը: Top 100-ի մեջ են նաեւ Սերգեյ Մովսիսյանը՝ 29-րդ հորիզոնական, Գաբրիել Սարգսյանը՝ 65 եւ Վլադիմիր Հակոբյանը՝ 67:
Ազգային ֆեդերացիաների դասակարգման ցուցակում Հայաստանը հանգրվանել է չորրորդ տեղում՝ իրենից առաջ թողնելով միայն Ռուսաստանին, Ուկրաինային եւ Չինաստանին:
Իսկ ահա կանանց անհատական վարկանիշային ցուցակում Էլինա Դանիելյանը եւ Լիլիթ Մկրտչյանը 2475 վարկանիշային միավորով ընթանում են, համապատասխանաբար, 25-րդ եւ 26-րդ տեղերում: