Քաթարի մայրաքաղաքում ընթացող շախմատի ՖԻԴԵ-ի կանանց «Grand Prix» մրցաշարը հատեց հասարակածը: Վեցերորդ տուրում հանդիպեցին մեր երկրի երկու ներկայացուցիչները՝ մրցաշարի միանձնյա առաջատար Էլինա Դանիելյանն ու ետնապահ Լիլիթ Մկրտչյանը: Մինչեւ թիմակից ընկերուհիների դիմակայությունը, Դանիելյանը հաղթել էր բոլոր մրցակիցներին, ինչը բացառիկ ցուցանիշ է նման բարձր կարգի մրցումներում: Սակայն Մկրտչյանին հաջողվեց կանգնեցնել նրա հաղթարշավը: Պայքարը երկար չտեւեց, եւ 32-րդ քայլում մրցակիցները համաձայնեցին ոչ-ոքիի: Այսպիսով, Էլինան Քաթարում կորցրեց առաջին կես միավորը, բայց 5,5 միավորով շարունակում է պահպանել առաջատարի դիրքը: Այժմ հայ գրոսմայստերի եւ նրան հետապնդող Պիա Կրամլինգի (Շվեդիա) եւ Մարի Սեբագի (Ֆրանսիա) միջեւ միավորների տարբերությունը հավասար է մեկուկեսի: Սա, ինչ խոսք, պատկառելի առավելություն է, սակայն մնացած հինգ տուրերում Էլինային դեռ լուրջ պայքար է սպասվում: Նա ըստ հերթականության պետք է խաղա այնպիսի ուժեղ շախմատիստուհիների հետ, ինչպիսիք են Ժու Չենը, Համփի Կոներուն, Մարթա Ֆյերոն, Պիա Կրամլինգը եւ Անտոանետա Ստեֆանովան: