Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻՋՆՈՐԴ՝ ԿՅԱՆՔԻ ԵՎ ՄԱՀՎԱՆ ՄԻՋԵՎ

Մարտ 02,2011 00:00

Արվեստագետ-բանաստեղծ Յանոշ Պիլինսկիի ծննդյան 90 եւ մահվան 30 ամյակն է

20-րդ դարի երկրորդ կեսի հունգարական պոեզիայի նշանակալի դեմքերից է Յանոշ Պիլինսկին (1921-1981թթ.): Նրա կյանքը նման չէ մեծ արվեստագետների կյանքին եւ չի պարունակում ոչ սկանդալներ, ոչ էլ նշանակալի շատ դեպքեր: Թերեւս նրա կենսագրության մեջ ամենամեծ սկանդալը կարելի է համարել այն, որ աթեիզմ դավանող սոցիալիստական երկրում Պիլինսկու գեղարվեստական ստեղծագործությունը խարսխվել է միշտ քրիստոնեական արժեքային համակարգի վրա: Շուրջ քառորդ դար նա համագործակցել է կաթոլիկական «Ույ էմբեր» («Նոր մարդ») թերթին: Որպես բանաստեղծ՝ Պիլինսկուն կարելի է համարել աշխարհի ամենաքիչ ստեղծագործող բանաստեղծներից մեկը: Իր քառասնամյա գրական գործունեության ընթացքում նա գրել է մոտ 250 բանաստեղծություն՝ ներառյալ անտիպները:

Զարմանալիորեն Պիլինսկու ստեղծագործության լեզվական պարզությունը զուգակցվել է նրա բացառիկ խորը զգացմունքային ապրումների հետ: Իր ստեղծագործական կյանքում նա միշտ էլ հրաժարվել է պատկերավորության միջոցներից, դրանք համարելով որպես սնապարծ ինքնացուցադրություն եւ խորթության պատնեշ՝ հեղինակի եւ ընթերցողի միջեւ: Պիլինսկու պոեզիան նոր որակի սեր է մարդու հանդեպ եւ ավելի շատ նմանվում է ոտաբոբիկ ուխտագնացության դեպի մեծ ողբերգությունների եւ խնդությունների անտեսված աշխարհը:

Ներկայացնենք Պիլինսկու «Գովք համբերության» էսսեն՝ որոշ կրճատումներով: Այն պարզ է, ինչպես «Լեռան քարոզը»:

Մեր կյանքը համբերության անընդմեջ դպրոց է: Պետք է լողանք պարտականությունների հավերժական հոսանքին հակառակ: Մեր ամեն մի արարքը ձգողականության ուժի դեմ տարած փոքրիկ հաղթանակ է: Միայն թե՝ ի՜նչ գնով:

Այս անընդմեջ մանրապայքարը սկիզբ է առնում օրորոցում եւ ձգվում մինչեւ հոգեվարքի «մեռյալ կետը»: Զգացմունքային ուղեկիցներն են հաջողության խնդությունը, խոնջության քրտինքը, վրիժառության հոսանքազրկումները, ըմբոստությունն ու երկընտրանքը, հաղթության ու համակերպման անհողմությունը:

Համբերանքի դպրոցը վերին աստիճանի երկիմաստ դպրոց է: Եթե «առօրյան» տարրական դասարաններն են, ապա հիվանդությունը համալսարան է: Որպեսզի իմանանք, որ հիվանդությունը մեր բարոյականության եւ հավատքի որքան հիմնարար տարր է, բավական է մտածենք Գառան ահեղ դատաստանի մասին, որի շեշտը դրված է ոչ այնքան նույնիսկ արդարադատության, որքան մի նոր «տասը պատվիրանի» հռչակման եւ «հեղափոխական» վերաարժեւորման վրա: Զարմանալի է, բայց միաժամանակ՝ աստվածային, մորթված Գառան «տրամաբանությունն» է ոգեշնչել նրա ամեն մի նախադասությունը: Նրա ոգեշնչվածությունը առանց վերապահության մարմնի մահկանացության մասին է խոսում: Որ քաղցած էի, եւ տվեցիր ինձ: Որ ծարավ էի, հագեցրեցիր: Որ երբ մերկ էի, հագցրեցիր:

Տառապանքի ու աջակցության փառաբանումը. սրանք կլինեն արյունաքամ Գառան վերջին խոսքերը՝ ուղղված արարչագործությանն ու մարդկային հոգուն: Նա մարմնից խոսելով է մեզ հետ խոսելու այն պահին, երբ, ըստ եկեղեցական խորհրդաբանության, նույնիսկ Հայի Աստված է մի ակնթարթ աչքերը գոցում: Հիվանդությունը դժոխք է: Բայց այնպիսի դժոխք, որն ի վեր մագլցելով լոկ կարող ենք հասնել խոստացված միությանը: Այն առեղծվածային միությանը, որը մեր կյանքի ամենամեծ խոստումն է, եւ որը որպես «օրհնյալ երկաթե գնդակ» գլորվում է ամենաբուռն երկպառակությունների եւ գայթակղությունների խորքում: Երկաթյա է, բայց համրորեն է գլորվում եւ ինչ-որ անբացահայտելի քնքշության, առայժմ որպես պարադոքսի, իրականությունն է:

Այս ամենի մասին դժվար է խոսել, մինչդեռ բարդ չէ: Պարզ է, ինչպես Լեռան քարոզը: Բայց ե՞րբ է, որ մեր բառօգտագործումը կհամընկնի Հիսուսինի հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել