Կամ ինչի կարող է հանգեցնել համակարգչի մոտ սնվելը
Բրիտանացի մի խումբ գիտնականներ վերջերս կատարել են ուսումնասիրություն, որի արդյունքների համաձայն՝ համակարգչի ստեղնաշարը 400 անգամ ավելի մանրէներ է պարունակում, քան, օրինակ, զուգարանի նստելատեղը: Մասնագետները զգուշացնում են, որ ստեղնաշարից, ձեռքերի միջոցով, կարելի է ձեռք բերել մի շարք վարակներ, այդ պատճառով էլ խորհուրդ չեն տալիս համակարգչի առաջ սնվել:
«Առավոտի» փոքրիկ հարցախույզը հայ հասարակության որոշ հատվածի եւ, այսպես կոչված, հայտնիների շրջանում ցույց տվեց, որ մեզանում ոչ միշտ են հետեւում հիգիենայի տարրական կանոններին եւ հաճախ ճաշում, ընթրում են համակարգչի առաջ: Այնինչ, Հայաստանի պետական բժշկական համալսարանի գիտահետազոտական կենտրոնի գիտաշխատող, բժշկական գիտությունների թեկնածու, համաճարակաբան Գայանե Կիրակոսյանը փաստում է. «Ձեռքերի վրա կարող են լինել տարաբնույթ մանրէներ՝ պաթոգեն եւ ոչ պաթոգեն: Պաթոգեն մանրէները հանդես են գալիս որպես վարակի փոխանցման գործոն եւ կարող են բազում հիվանդությունների պատճառ դառնալ: Իսկ ստեղնաշարն այն գործիքն է, որի հետ շփվում են բազում մարդիկ, մանավանդ ինտերնետային, համակարգչային ակումբներում: Ուստի ոչ ոք չի կարող որոշել, թե տվյալ մարդը տվյալ պահին ինչ վիճակում է գտնվում: Բացի այդ, համակարգչի մոտ նստած անձը կարող է փռշտալ, հազալ, ինչի արդյունքում բազում հարուցիչներ կարող են ընկնել ստեղնաշարի վրա: Մյուս կողմից էլ ստեղնաշարն այն մակերեսն է, որը որեւէ մշակման չի ենթարկվում, եթե ձեռքերը պարբերաբար լվանում են, ապա ստեղնաշարը պարբերաբար չեն լվանում կամ մշակում, այդ իսկ պատճառով այն լրիվ կարող է ծառայել որպես ինֆեկցիոն գործոն»: Տիկին Կիրակոսյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ հիվանդություններ կարող են առաջանալ ձեռքերի միջոցով վարակակիր մանրէների՝ օրգանիզմ ներթափանցման արդյունքում: Համաճարակաբանը պատասխանեց. «Հիմնականում կարող են առաջանալ ստամոքսաաղիքային տրակտի տարբեր վարակներ, օրինակ՝ դիզենտերիա, սալմոնելոզ: Նման հիվանդություններից խուսափելու համար անհրաժեշտ է ձեռքերը հաճախ լվանալ, հատկապես համակարգչից օգտվելիս, դրսից տուն մտնելիս: Սրանք տարրական հիգիենայի կանոններ են, որոնք պարտադիր պետք է պահպանվեն»: «Առավոտի» հարցին՝ ըստ իրենց դիտարկումների՝ հայ հասարակությունը սիրո՞ւմ է ձեռքերը լվալ, համաճարակաբանը պատասխանեց. «Ցավոք, հայ հասարակության մեծամասնությունը այնքան էլ սեր չունի ձեռքերը լվանալու հետ»:
Դերասան Նարեկ Դուրյանն էլ կարծում է, որ մենք՝ հայերս, «չլողացող» ազգ ենք, ինչի պատճառները պետք է փնտրել ոչ կատարյալ կենցաղային պայմաններում. «Տարիներ շարունակ ջուր չի եղել, չկային տարրական հիգիենայի պայմաններ: Հենց այդ պատճառով էր, որ հայ, ինչպես նաեւ ռուս հասարակության մեջ լողանալը մի այնպիսի ծես էր դարձել, որ առաջացել էր «բաղնիքդ անուշ» արտահայտությունը: Իսկ եվրոպական երկրներում, որտեղ ջուրը միշտ առատ հոսել է, լողանալը հատուկ երեւույթ չի եղել: Ես, օրինակ, այժմ օրը մի քանի անգամ ցնցուղ եմ ընդունում, եւ եթե ինձ ամեն անգամ ասեն՝ բաղնիքդ անուշ, ես կհոգնեմ շնորհակալություն ասելուց: Գուցե նոր սերունդն այլեւս այս խնդիրը չունի, քանի որ կենցաղային պայմանները լավացել են, բայց մյուս կողմից էլ սա պայմանավորել միայն կենցաղային պայմաններով էլ ճիշտ չի լինի: Այստեղ դեր է խաղում նաեւ Արեւելքը՝ իր բոլոր առանձնահատկություններով»: Դառնալով համակարգչի առջեւ ճաշել-չճաշելու հարցին՝ պարոն Դուրյանը նշեց. «Ես ամբողջ օրն անցկացնում եմ համակարգչի առաջ, քանի որ իմ պիեսներն եմ գրում: Ուստի, օրական տասը ժամ համակարգչի առաջ անցկացնելու պարագայում ես այլ ելք չունեմ, համակարգչի առաջ նաեւ ճաշում եմ, ըմպում: Մյուս կողմից էլ եթե այդպես նայենք, ապա ամեն ինչ էլ կարող է վարակածին մանրէներ պարունակել. ռեստորանային սպասքը, հյուրանոցների սպիտակեղենը եւ այլն: Մի քիչ չեմ հավատում նման բաների, կարծում եմ՝ դրանք ավելի շատ բիզնեսի միջոց են»:
ՀՅԴ պատգամավոր Արա Նռանյանն այլ կարծիք ունի. «Ես չեմ սիրում սնվելու գործընթացը համատեղել այլ գործընթացների հետ: Դա անհարմար երեւույթ եմ համարում: Մյուս կողմից էլ սնվելն ինքնին լավ առիթ է շեղվելու գործերից, եւ եթե կա հաճելի զրուցակից՝ նաեւ զրուցել, փոխանակվել մտքերով: Ի վերջո, համակարգչի մոտ սնվելը բացասաբար կազդի աշխատասեղանի մաքրության վրա եւ երբեմն կարող է համակարգչի ստեղնաշարի անսարքության պատճառ դառնալ: Այս հարցում խնդիրը ոչ միայն ժամանակ ունենալ-չունենալու մեջ է, այլ՝ սովորության: Եթե մարդ ամեն տեղ ուտելու, թափթփելու սովորություն ունի, չի տարանջատում՝ ինչ վայրում սնվել, որտեղ աշխատել, ապա նա անկախ ամեն ինչից՝ կսնվի որտեղ պատահի: Ես կարող եմ համակարգչի առաջ պարզապես սուրճ կամ թեյ ըմպել՝ այն էլ հարկ եղած դեպքերում»: Հավելենք, որ, ըստ վիճակագրության՝ հայ հասարակության շրջանում աղիքային հիվանդությունների տարածվածության աստիճանը տարեցտարի աճում է: