Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքագետի նոր գիրքը

Մարտ 02,2011 00:00

\"\"Լույս է տեսել թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի «Հայոց ցեղասպանության թեման արդի թուրքական գրականության մեջ» գիրքը, որտեղ հեղինակը ներկայացրել է 20-21-րդ դարերի թուրքական գրականության մեջ Հայոց ցեղասպանության վերաբերյալ անդրադարձները: Գրքի վրա հեղինակն աշխատել է 2002 թվականից, ուսումնասիրել թուրքական հարյուրավոր գրքեր, իր աշխատությունում մեջբերել 15 հեղինակների 20 գրքերից: Հայկական թեմայի մասին անդրադարձ կա հայտնի թուրք եւ քուրդ գրողներից՝ Քեմալ Թահիրի, Օրհան Քեմալի, Յաշար Քեմալի, Քեմալ Յալչընի, Ֆեթիե Չեթինի, Յուսուֆ Բաղիի եւ այլոց գրքերից:

Վերջերս Թուրքիայի արտգործնախարարությունը պատրաստել էր Հայոց ցեղասպանությանը վերաբերող մի զեկույց: Թուրքագետը խորհուրդ է տալիս Թուրքիայի ԱԳՆ-ին՝ կեղծ տվյալներով, մաշված, հնաոճ գրքերից օգտվելու փոխարեն կարդալ իրենց հեղինակների թուրքերեն գրված գրքերը: «Ցանկացած երկրում եւ հասարակության մեջ տիրող մթնոլորտը, մտածելակերպն ազդում են նաեւ գրականության եւ արվեստի վրա: 20-րդ դարի թուրք գրականությունը մեծապես ազդվել է Թուրքիայում տիրող ժխտման, ուրացման քաղաքականությունից, որը տեղ է գտել նաեւ թուրքական գրականության մեջ: Նույնիսկ առաջադեմ համարվող թուրք գրողները 20-րդ դարի ընթացքում գրեթե չեն անդրադարձել Հայոց ցեղասպանության թեմատիկային»,- նշեց թուրքագետը, ում փոխանցմամբ՝ այսօր թուրքական գրականության մեջ հայկական թեման ներկայացվում է տրավմատիկ հուշերի պատկերման միջոցով: Նրա ձեւակերպմամբ, թուրքական գրականության մեջ առաջին անգամ 1956 թվականին գրող Քեմալ Թահիրն է իր «Գերված քաղաքի մարդիկ» վեպում անդրադարձել հայերին ու օգտագործել «հայկական կոտորած» եզրույթը: Ըստ Ռ. Մելքոնյանի, թուրք հեղինակները որոշակի խոչընդոտների հանդիպել են, չնայած նրանց մեծ մասը չի օգտագործել ցեղասպանություն բառը: Հեղինակներից մեկը՝ Իրֆան Փալալին, 2005 թ. հրատարակած իր «Աքսորի երեխաները. տատս հայուհի էր» գրքի համար հալածանքների է ենթարկվել անգամ ընտանիքի կողմից:

Հայտնի թուրք կին գրող Էլիֆ Շաֆաքն իր «Հայրը եւ անօրինական զավակը» գրքի համար ենթարկվել է հալածանքի, մեղադրվել 301-րդ հոդվածով, բայց դատարանում իր տարօրինակ մեկնաբանությամբ ազատվել է քրեական պատասխանատվությունից՝ ասելով, որ ցեղասպանություն տերմինը ոչ թե ինքը, այլ իր հերոսն է օգտագործել: Ինչ վերաբերում է նոբելյան մրցանակակիր թուրք գրող Օրհան Փամուկին, ապա վերջինս, ըստ թուրքագետի, ցեղասպանության խնդրին չի էլ անդրադարձել. «Դա թյուրընկալում է: Փամուկը ցեղասպանություն տերմինը չի օգտագործել եւ իր հարցազրույցներից մեկում հայտարարել է՝ «Չեմ կարծում, որ դա ցեղասպանություն է եւ հայերին սպանել են թուրքերը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել