Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱՎԱՏՈՒՄ ԵՄ ՀԱՆՁՆԱԽՄԲԻ ԱՆԱՉԱՌՈՒԹՅԱՆԸ»

Մարտ 02,2011 00:00

Ասում է նախագահի մրցանակի հավակնորդ, «Նախիջեւանի վիմագրական ժառանգությունը» վեցհատորյակի հեղինակ Արգամ Այվազյանը:

\"\"

\"\"Վերջերս մամուլում հրապարակվեց ՀՀ նախագահի 2010թ. մրցանակի ներկայացված աշխատանքների ցանկը: 7 անվանակարգերից «հումանիտար գիտությունների» գծով ներկայացված 5 աշխատանքների թվում են նաեւ ճանաչված հայագետ-նախիջեւանագետ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայության» գիտական գծով տնօրենի տեղակալ Արգամ Այվազյանի «Նախիջեւանի վիմագրական ժառանգությունը» վեցհատորյակի Դ, Ե, Զ հատորները: Լուրն ուրախալի է: Նշենք, որ Ա. Այվազյանը հանրապետությունում եւ առհասարակ հայագիտության բնագավառում միակ մասնագետն է, ով շուրջ կես դար անկոտրուն կամքով ու եռանդով ուսումնասիրում եւ գիտության գանձարանը հարստացնում է Նախիջեւանի պատմությանն ու մշակույթին, ճարտարապետությանն ու քանդակագործությանը, որմնանկարչությանն ու ազգագրությանը, հուշարձաններին ու վիմագրությանը եւ այլ խնդիրներին նվիրված հատորներով:

Ա. Այվազյանի հրատարակած աշխատությունների թիվը անցնում է 200-ից, որոնցից 26-ը լույս է տեսել առանձին գրքերով (մի մասը նաեւ անգլերեն եւ ռուսերեն): Վերջինները ոչ միայն գիտական կարեւոր աշխատանքներ են, այլեւ ակնառու ներդրում հայագիտության բնագավառում եւ այսօր իսկ ունեն սկզբնաղբյուրի եւ քաղաքական նշանակություն: Մանավանդ որ, վերջին տարիներին՝ 1998-2006թթ. Ադրբեջանի պետական վանդալ քաղաքականությամբ նախիջեւանյան հայոց քրիստոնեական ողջ ժառանգությունը՝ ավելի քան 27 հազարի հասնող հուշարձանները հիմնահատակ ավերվել ու կործանվել են:

Նախագահի 2010 թ. մրցանակի ներկայացված Ա. Այվազյանի աշխատությունների պատեհ առիթով էլ մի քանի հարցերով դիմեցինք հեղինակին:

– Պարոն Այվազյան, խնդրում եմ մեր ընթերցողներին ներկայացրեք ՀՀ նախագահի մրցանակի ներկայացված Ձեր աշխատությունները:

– Նախ ուզում եմ նշել, որ «Նախիջեւանի վիմագրական ժառանգությունը» շարքը բաղկացած է 6 հատորից, որտեղ ներկայացված է մինչեւ 1998թ. ադրբեջանական վանդալ արարքը, պահպանված նախիջեւանյան վիմագրական ժառանգությունը: Նշեմ, որ Նախիջեւանի տարածքում հայոց վիմագրերի թիվը իմ հետազոտական ուսումնասիրություններով արձանագրել եմ 9-19-րդ դդ. 5350-ից ավելի վիմագրեր: Այդ թվից 1000-ի հասնող վիմագրերի փաստագրածս նյութերը (լուսանկարած ժապավեններ, ընդօրինակումներ), ցավոք, Նախիջեւանի պետանվտանգության մարմինների կողմից բռնագրավվեցին: Այնպես որ, հետագայում այդ վիմագրերը նորից փաստագրել չհաջողվեց եւ այդ արժեքները արդեն անհետ կորած են թե՛ հայագիտության եւ թե՛ պատմության համար: Ձեռքիս տակ առկա 400 վիմագրեր էլ՝ եղծված լինելու հանգամանքով, չեմ տեղադրել հատորներում:

Վիմագրական այս 6 հատորները, որոնք տքնաջան ու աշխատատար, երկարամյա ու պրպտուն աշխատանքի արդյունք են, կարեւոր ներդրում է հայագիտության բնագավառում: Այս հատորների տպագրությունը Գալուստ Կյուլպենկյան հիմնադրամի, անհատ մեկենասների, իմ միջոցներով եւ պետական աջակցությամբ իրականացվել է 2004-2010թթ.: Երախտապարտ եմ բոլոր հովանավորներին ու աջակիցներին, որոնց հայրենասիրական բարձր գիտակցությամբ այս կարեւոր աշխատանքի տպագրությունը ավարտին հասցվեց: Ընդգծեմ նաեւ այն հանգամանքը, որ այս շարքի հրատարակման նախաձեռնությունը պատկանում է Երեւանի Ամերիկյան համալսարանի հայ դասական մատենագրության թվային գրադարանին (տնօրեն՝ Մ. Կարապետյան), որի գործուն մասնակցությամբ հրատարակման պատրաստվեցին եւ տպագրվեցին շարքի 1-ին եւ 2-րդ հատորները (վերջինը՝ նաեւ Կիլիկիո կաթողիկոսության հովանավորությամբ):

– Քանի՞ վիմագիր է հրատարակվել այդ հատորներում:

– 6 հատորներում հրատարակվել են 4000-ից ավելի վիմագրեր, որոնցից 3000-ը գիտությանն են ներկայացվում 1-ին անգամ: Բացի այդ էլ, նախորդ հրատարակիչների հրատարակած վիմագրերի մի մասը՝ 550-ը, որոնք իմ ուսումնասիրությունների ժամանակ տեղերում գտել եմ, ներկայացված են նորովի՝ լրացված ու սրբագրված: Այդ հատորներում ներկայացված վիմագրերի, բնակավայրերի, հուշարձանների գունավոր եւ սեւ ու սպիտակ փաստավավերագրական լուսանկարների, վիմագրերի գրչանկարների, հուշարձանների հատակագծերի, քարտեզների եւ այլեւայլ նյութերի թիվը անցնում է 5850-ից: Մրցանակի ներկայացված վերջին 3 հատորներում ընդգրկված են 1500 վիմագրեր, որոնցից 1115-ը հրատարակվում է առաջին անգամ, 200-ն էլ՝ նոր սրբագրումներով ու լրացումներով: Այստեղ հուշարձանների լուսանկարների, գրչագրերի եւ այլ պատկերազարդող նյութերի թիվը անցնում է 2350-ից: Իմիջիայլոց՝ նշեմ նաեւ այն, որ Նախիջեւանում է գտնվում առայժմ Անդրկովկասում հայտնի ամենահին ուրարտական սեպագիրը, որը թվագրվում է Ք. ա. 820-ական թվականներով:

– Հայկական վիմագրերից բացի, Նախիջեւանի գավառների տարածքում արդյո՞ք այլալեզու վիմագրեր կան:

– Իհարկե կան եւ դա ոչ ոք չի բացառում: Դրանց ընդհանուր թիվը 289 միավոր է, արաբատառ ու պարսկալեզու են: Այդ թվաքանակից 25-ը 13-14-րդ դարերի են եւ վերաբերում են սելջուկյան մշակույթին: Մնացածներն էլ 18-19-րդ դարերի պարսկալեզու վիմագրեր են: Վերջինները Ադրբեջանի ԳԱ կողմից ուսումնասիրված եւ հրատարակված են:

– Իսկ ի՞նչ կասեք նախագահական մրցանակի ներկայացված Ձեր մրցակիցների աշխատանքների մասին:

– Բոլոր աշխատանքների նկատմամբ դրական կարծիք ունեմ: Այստեղ միայն մի բան կարող եմ հավելել, որի վերաբերյալ նախապես ներողամտություն հայցելով մրցակից աշխատանքների հեղինակներից. եթե մրցակիցներիս աշխատանքների թեմաները հումանիտար գիտությունների բնագավառում մինչ այդ արծարծվել են մի շարք անգամ, ապա իմ հատորների նյութերը, գերազանցապես՝ 80-90%-ով, գիտությանն են ներկայացվում առաջին անգամ, ինչպես եւ բոլոր առումներով բավարարելով մրցույթի պահանջները, ունեն նաեւ սկզբնաղբյուրների, գիտականից բացի՝ նաեւ քաղաքական նշանակություն ու արժեք: Այնպես որ, վերջնական խոսքը մրցանակը շնորհող հանձնախմբինն է:

– Իմիջիայլոց, հավատո՞ւմ եք հանձնաժողովի անաչառ մոտեցմանը: Չէ՞ որ դեպքեր են լինում, երբ մրցանակը երբեմն տրվում է ոչ այնքան արժանի աշխատանքների:

– Ձեր ասածը չեմ բացառում: Սակայն անձնապես համոզում ունեմ, որ բարձր որակով կատարված գիտական, իրական արժեքներ պարունակող աշխատանքները դժվար թե հանիրավի չարժանանան գնահատանքի: Նման դեպքերում դատող-գնահատող անձը մեղք է գործում նախեւառաջ իր խղճի, գիտական ու քաղաքական պատասխանատվության ու բարեխղճության դեմ: Անձնապես չեմ ճանաչում «հումանիտար գիտությունների» հանձնախմբի ոչ մի անդամի: Հավատում եմ հանձնախմբի անաչառությանը եւ կասկածանքների ոչ մի հիմք չունեմ:

– Մի վերջին հարց եւս. եթե մրցանակի արժանանա Ձեր աշխատանքը, ապա գումարը, եթե գաղտնիք չէ, ի՞նչ նպատակով եք օգտագործելու:

– Իհարկե՝ գաղտնիք չէ: Ծրագիրս նույնն է, ինչով գործում եմ շուրջ կես դար: Այդ գումարը պետք է ներդնեմ Նախիջեւանի վերաբերյալ հրատարակման պատրաստած 6-7 հատորներից 1-2-ը տպագրելու համար: Այնպես որ, Նախիջեւանի հատորների մրցանակը (եթե բախտ վիճակվի դրան արժանանալու) դարձյալ պետք է ծառայի Նախիջեւանին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել