Իրանի իշխանությունները երկրում հակակառավարական զանգվածային ցույցերի անցկացման նախաշեմին կալանավորել են ընդդիմադիր երկու գործիչների՝ նախագահի նախկին թեկնածու Միր Հոսեյն Մուսավիին (նկարում) եւ Մեհդի Քարուբիին: Այդ մասին տեղեկություններ կային դեռ երկուշաբթի, որոնք, սակայն, իշխանությունները հերքել էին՝ հայտարարելով, թե նրանց միայն տեղաշարժի իրավունքն է սահմանափակված եւ որ երկու գործիչներն էլ գտնվում են տնային կալանքի տակ: Այդուհանդերձ, երեքշաբթի օրը իրանական ընդդիմադիր կայքերը եւս մեկ անգամ պնդել են Իրանի հատուկ ծառայությունների կողմից ընդդիմության առաջնորդներին անհայտ ուղղությամբ տանելու մասին ավելի վաղ տարածած իրենց տեղեկությունը:
Այլ աղբյուրները հաղորդում են, թե գործիչներին տեղափոխել են Թեհրանի Խեշմատիեհ բանտ: Այդ մասին հաղորդում է BBC-ին, որի թղթակցի հետ զրույցում Մուսավիի հարեւանը պատմել է, թե անցած հինգշաբթի երեկոյան Մուսավիի տան մոտ տեսել է ուժային կառույցներին պատկանող ութ միկրոավտոբուս, որոնք որոշ ժամանակ հետո հեռացել են մի մեքենայի ուղեկցությամբ: Քարուբիի որդին եւս հայտարարել է, թե հորն ինչ-որ տեղ են տարել, ու թե նա որտեղ է գտնվում՝ ընտանիքի անդամները տեղյակ չեն:
Ընդդիմադիր երկու գործիչների կալանավորման մասին տեղեկությունները հայտնվել են երեքշաբթի Իրանում կայանալիք բողոքի զանգվածային ցույցի նախօրեին: Իրանցի ընդդիմադիրները մտադիր էին այդ օրը՝ Մուսավիի ծննդյան 69-ամյակի առիթով դուրս գալ երկրի փողոցներ եւ իրենց աջակցությունը հայտնել Մուսավիին եւ Քարուբիին, որոնց կալանավորելու եւ մահապատժի ենթարկելու պահանջով անցած շաբաթ հանդես էին եկել այդ երկրի խորհրդարանի պատգամավորները: