Բելառուսի նախագահի նախկին թեկնածու եւ այդ երկրում հետընտրական բողոքի ակցիաներին մասնակցած Ալեքսանդր Միխայլեւիչը հայտարարել է, թե ՊԱԿ-ի մեկուսարանում գտնվելու ընթացքում խոշտանգումների է ենթարկվել եւ ազատ է արձակվել միայն այն բանից հետո, երբ համաձայնել է ՊԱԿ-ի հետ համագործակցել: Այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
«Իմ այս հրապարակային հայտարարությամբ ես հրաժարվում եմ ստանձնածս այն պատասխանատվությունից, որը մատնանշել եմ թղթի վրա»,- իր ասուլիսում հայտարարել է նախագահի նախկին թեկնածուն՝ պատմելով խոշտանգումների այն բոլոր դաժան մեթոդների մասին, որոնք կիրառվել են իր եւ ՊԱԿ-ում գտնվող մյուս բանտարկյալների նկատմամբ: BBC-ի մատուցմամբ՝ հենց այդ խոշտանգումներից հետո է, որ Միխայլեւիչը մեկուսարանից զանգել էր կնոջն ու խնդրել չգնալ Եվրոպա, ուր մեկնել էին ընդդիմադիրներից մի քանիսն ու իրավապաշտպանները՝ Բելառուսում տեղի ունեցածի մասին պատմելու համար:
Բելառուսի ազգային անվտանգության պետական կոմիտեն, սակայն, հերքում է Միխայլեւիչի հայտարարությունները:
Հիշեցնենք, որ 2010թ. դեկտեմբերի 19-ի բողոքի ցույցերի ժամանակ անվտանգության մարմինները ձերբակալել էին ավելի քան 600 մարդու, այդ թվում՝ նախագահական ընտրությունների ժամանակ իրենց թեկնածությունն առաջադրած եւ Լուկաշենկոյի մրցակից վեց թեկնածուների: Մեկ ամիս անց բնակավայրից չհեռանալու ստորագրությամբ ազատ էին արձակվել մի քանի ակտիվիստներ եւ նախագահի չորս նախկին թեկնածուներ: Փետրվարին Մինսկի շրջանային դատարանը չորս տարվա բանտարկության էր դատապարտել ընդդիմադիր ակտիվիստ Վասիլի Պարֆյոնկովին: Երեքշաբթի օրը տեղի են ունենալու բողոքի ակցիային մասնակցած եւս հինգ հոգու, այդ թվում՝ ՌԴ երկու քաղաքացու դատավարությունները: