Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԱԴԴԱՖԻՆ «ԽԵԼՔԸ ԳՑԵ Լ Է»

Մարտ 02,2011 00:00

\"\"Մուամմար Քադդաֆիի հավատարիմ ուժերը Տրիպոլիի մոտ պարտություն են կրում: Ապստամբները հակատանկային ռեակտիվ զենքով՝ բազուկներով ետ են շպրտել Քադդաֆիի տանկերը: Վարձկանները, որոնք համալրում են Քադդաֆիի կողմնակից ուժերը, փորձել են գրավել Էզ-Զավիա քաղաքը, բայց տեղի բնակիչները նրանց ստիպել են փախուստի դիմել: Քադդաֆին խոստացել է գնդակոծել անհնազանդ քաղաքը: ԱՄՆ-ն, որ խոսում է ռազմական գործողության մասին, պաշտոնապես հայտարարել է, թե Քադդաֆին «խելքը գցել է»:

Reuters-ի փոխանցմամբ, Միացյալ Նահանգներն իր ռազմական նավերն ու ինքնաթիռները մոտեցրել է Լիբիայի սահմաններին, որտեղ Քադդաֆիի հակառակորդները շարունակում են իրենց բողոքի ակցիաները: Այդ տեղեկությունը հաստատել է Պենտագոնի գնդապետ Դեւիդ Լապանը: ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, թե ռազմական այդ ուժերը կարող են օգտագործվել հումանիտար նպատակներով եւ փրկարարական գործողությունների համար: ԱՄՆ-ն եւ արեւմտյան մյուս երկրներն աստիճանաբար մեծացնում են ճնշումները Լիբիայի առաջնորդի վրա:

ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Սյուզան Ռայսը երկուշաբթի օրը հայտարարել էր, թե Քադդաֆին «կորցրել է իրականության զգացողությունը», որ նա «սպանում է սեփական ժողովրդին» եւ այլեւս ունակ չէ կառավարել երկիրը: Նա եւս հաստատել է, որ Վաշինգտոնը ՆԱՏՕ-ի իր գործընկերների եւ մյուս դաշնակիցների հետ քննարկում է ռազմական ուժի կիրառման հարցը, իսկ առայժմ սառեցրել է Քադդաֆիին եւ նրա ընտանիքին պատկանող շուրջ 30 միլիարդ ակտիվները:

Բրիտանացի վարչապետ Դեւիդ Քեմերոնը հաղորդել է, որ երկրի կառավարությունը նախագիծ է պատրաստում Լիբիայի օդային տարածքը փակ գոտի դարձնելու համար՝ տեղի բնակչությանը Քադդաֆիի բանակի հարձակումներից պաշտպանելու նպատակով:

Ինքը՝ Քադդաֆին, ABC եւ BBC հեռուստաալիքների հետ զրույցում հայտարարել է, թե ժողովուրդն իրեն սիրում է եւ պատրաստ է կյանքը տալ իրեն պաշտպանելու համար: Միաժամանակ Քադդաֆիի հակառակորդների կողմից վերահսկվող Նալուպ քաղաքի բնակիչները երեքշաբթի օրը հաղորդել են, որ Լիբիայի առաջնորդը իր զորքերը կենտրոնացրել է երկրի արեւմտյան հատվածում: Նրանք վախենում են, որ Քադդաֆին հակահարձակում է նախապատրաստում այդ քաղաքի վրա, որը գտնվում է Թունիսի հետ սահմանից 60 կմ հեռավորության վրա:

Ընդսմին, Հաագայում գործող Միջազգային քրեական դատարանի դատախազ Լյուիս Մորենո-Օկամպոն հայտարարել է, որ իր գրասենյակը նախաքննություն է սկսում Քադդաֆիին հավատարիմ ուժերի կողմից խաղաղ բնակչության դեմ իրականացված հարձակումների առնչությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել