Լրահոս
Օրվա լրահոսը

Ավանդույթը վերականգնվեց

Մարտ 02,2011 00:00

Երեկ Պատանի հանդիսատեսի թատրոնը հյուրընկալել էր մայրաքաղաքի տարբեր դպրոցների մինչեւ 9-րդ դասարանների աշակերտների: Վերջապես վերականգնվել է Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող դպրոցների աշակերտների՝ մշակույթի օջախներ հաճախելու ավանդույթը՝ քաղաքապետի նախաձեռնությամբ:

Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանի փոխանցմամբ, կրթական հաստատություններում ուսումնադաստիարակչական եւ ճանաչողական գործունեության ակտիվացման նպատակով հանրակրթական դպրոցների աշակերտների՝ թատրոններ եւ թանգարաններ անվճար այցելության աբոնեմենտներով ապահովման ծրագիրը հաստատվել է բազմաթիվ քննարկումների արդյունքում. «Կազմվել է հստակ ժամանակացույց, որի համաձայն շուրջ 80300 աշակերտ մինչեւ ուսումնական տարվա վերջ հնարավորություն կունենա անվճար այցելել մայրաքաղաքի 9 թատրոններ»:

Գ. Սողոմոնյանի խոսքով, նպատակն է այսկերպ հնարավորություն ընձեռել դպրոցականներին՝ դաստիարակվել ազգային արժեքներով, մշակութային արժեքները դարձնել նրանց սեփականությունը. «Վստահ եմ, որ այս ծրագիրն իրականացնելով՝ ապագայում կունենանք Նժդեհի երազած երիտասարդությունը»:

Երեխաները դիտեցին «Իմ չքնաղ լեդի» ներկայացումը՝ ըստ Բեռնարդ Շոուի:

Տիկին Սողոմոնյանը աշակերտների հետ դիտեց ներկայացումը, իսկ դասղեկներին հորդորեց ամեն ներկայացումից հետո կազմակերպել քննարկումներ, բանավեճեր. «Թող երեխաները կարողանան վերլուծել, թեկուզեւ քննադատել իրենց դուր եկած կամ չեկած կերպարները»:

ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Սանթրոսյանը նշում է, որ քաղաքապետարանի նախաձեռնությունը գովելի է. «Գաղտնիք չէ, որ հասկանալի պատճառներով շատ ընտանիքներ, առավել եւս բազմազավակ, չեն կարողանում հաճախել մշակութային օջախներ: Ցանկալի է, որ ծրագիրը շարունակական բնույթ կրի, որովհետեւ շփումը թատրոնի հետ երեխայի մեջ զարգացնում է ինտելեկտ, պատկերացում, աշխարհայացք ու հոգեբանություն»:

Գ. Սողոմոնյանը հավելեց նաեւ, որ առաջիկայում նախատեսվում է դպրոցականների այցելություններ Երեւան քաղաքի պատմության թանգարան եւ Դպրոցականի ֆիլհարմոնիա, որտեղ աշակերտի համար ճանաչողական դաս կկազմակերպվի: Ի դեպ, երեկ Դպրոցականի ֆիլհարմոնիայում աշակերտների համար դաս է անցկացրել անվանի կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել