Բուհն ու դպրոցը կհամագործակցեն
ՀՀ ԿԳ նախարարությունը ավագ դպրոցների կայացման ճանապարհին փորձում է ներգրավել նաեւ բուհերին, մասնավոր հատվածին: Առաջին քայլը Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի եւ Մ. Աբեղյանի անվան թիվ 3 ավագ դպրոցի միջեւ նոր համագործակցությունն է: Երեկ կրթական 2 կառույցների միջեւ ստորագրվեց հուշագիր, որը նպատակ ունի ճարտարապետաշինարարական մասնագիտությունների վերաբերյալ կողմնորոշում ձեւավորել սովորողների շրջանում եւ լրացուցիչ ծրագրերի իրականացման միջոցով ընդլայնել շրջանավարտների գիտելիքները: Կողմերը պարտավորվում են համատեղ կազմակերպել ֆիզիկա, քիմիա, գծագրություն, նկարչություն առարկաների եւ լեզուների ուղղություններով խորացված հոսքային ուսուցում, պատրաստել ճարտարապետաշինարարական մասնագիտությունների գծով բարձրագույն մասնագիտական կրթություն ստանալու կողմնորոշմամբ շրջանավարտներ՝ համալսարանում կրթությունը շարունակելու ակնկալիքով: Այդ նպատակով դպրոցում կազմավորվել են նպատակային տարբերակված դասարաններ: Մ. Աբեղյանի անվան թիվ 3 դպրոցն էլ պարտավորվում է կազմակերպել համալսարանի մասնագետների եւ սովորողների միջեւ հանդիպումներ, ուսումնակրթական աշխատանքներ, թեմատիկ մրցույթներ, բանավեճեր եւ այլ միջոցառումներ: ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նշեց, որ նախարարությունը նմանատիպ առաջարկով դիմելու է հանրապետության 300 խոշոր հարկատուներին՝ կոչ անելով մասնավոր հատվածին մասնակցել կրթության ոլորտի բարեփոխումներին: «Այս դպրոցը պետք է դառնա Կենտրոն վարչական շրջանի լավագույն դպրոցներից մեկը: Բուհը պատրաստակամ է նաեւ ընդլայնել տարածքը, բարեկարգել մարզադահլիճը, ապագայում կառուցել նոր մասնաշենք»,- նշեց նախարար Ա. Աշոտյանը: Տնօրեն Սահակ Լեւոնյանի խոսքով, դպրոցը հանրապետությունում առաջինն է եղել մաթեմատիկայի խորացված ուսուցումով: Ինչ վերաբերում է բուհերի կողմից ավագ դպրոցներում տարվող աշխատանքներին, Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը կարեւորեց երեխային մտածել սովորեցնելը. «Վերջին 2-3 տասնամյակի ընթացքում արատավոր մի երեւույթ է տարածվել: Կրկնուսույցները երեխաներին վարժեցնում են քննություն հանձնել, որի պատճառով երեխաները չեն կարողանում ինքնուրույն մտածել, ինչն ամենակարեւորն է: Այստեղ մեթոդական նոր հենք պիտի դրվի, որտեղ բուհի փորձառու դասախոսները պետք է ոչ միայն ժամանակ առ ժամանակ ուսանողների հետ դասավանդում իրականացնեն, այլեւ ուսուցիչների հետ աշխատեն, որտեղ գլխավորը կլինի ոչ թե հիշելը, այլ տրամաբանությամբ լուծումներ տալը: Պետք է հասնենք նրան, որ երեխաները, որոնք ծնողների ոչ բավարար միջոցներ չունենալու պատճառով չեն կարող կրկնուսույցների մոտ պարապել, այս դպրոցում պետք է կարողանան իրենց ուժերով սովորել եւ բուհ ընդունվելու համար քննություն հանձնել»: