Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆՄԽԻԹԱՐ ՎԻՃԱԿ՝ ԲՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻՑ

Մարտ 02,2011 00:00

ԳԹԿ վերլուծությունները ցույց են տալիս, որ այս առարկաներից գրանցված արդյունքները՝ ստուգումից ստուգում վատթարանում են:

Գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) հետազոտությունների եւ վերլուծությունների բաժինը օրերս հրապարակել է 2010թ. նոյեմբերի 29-30-ը՝ Երեւանի, դեկտեմբերի 6-9-ը՝ ՀՀ մարզերի հանրակրթական ուսումնական հաստատությունների 7-րդ եւ 8-րդ դասարաններում անցկացված ընթացիկ գնահատման վերլուծության արդյունքները քիմիա, ֆիզիկա, կենսաբանություն, աշխարհագրություն առարկաներից: Հիշեցնենք, որ ընթացիկ գնահատման է ենթարկվել 93 դպրոցի շուրջ 8196 աշակերտ:

ԳԹԿ մամուլի քարտուղար Գայանե Մանուկյանը «Առավոտին» տրամադրեց վերլուծության արդյունքները, որոնք, մեղմ ասած, հույս չեն ներշնչում:

Ըստ այդմ՝ ֆիզիկա եւ աշխարհագրություն առարկաների թեստերը աշակերտների համար եղել են համեմատաբար դժվար հաղթահարելի: Ուստի՝ 7-րդ դասարանում քիմիա առարկայից գրանցված գնահատականների գերակշիռ մասը (82%) բաշխված է 4-8, ֆիզիկայինը (90%)՝ 0-5 գնահատականների միջեւ: 8-րդ դասարանի կենսաբանության գնահատականների գերակշիռ մասը (79%) բաշխված է 4-8, աշխարհագրությանը (94%)՝ 0-5 գնահատականների միջեւ: Քիմիայի եւ ֆիզիկայի միջին գնահատականները համեմատաբար բարձր են եղել Երեւանում, Արագածոտնում, Կոտայքում, իսկ կենսաբանության եւ աշխարհագրության միջին գնահատականները՝ Արմավիրում, Կոտայքում, Արագածոտնում: 7-րդ դասարանի քիմիայի եւ ֆիզիկայի արտաքին ընթացիկ գնահատման արդյունքները համեմատաբար բարձր են եղել Երեւանում, Կոտայքում, Արագածոտնում, ցածր՝ Լոռիում, Վայոց ձորում:

Ինչպես անցյալ, այնպես էլ այս տարի, ցուցաբերված արդյունքներով ռեկորդակիր են սահմանամերձ եւ հեռավոր գյուղերը, որտեղ գրանցված միջին գնահատականները գերազանցում են խոշոր քաղաքների արդյունքներին: Աշակերտների շրջանում բնագիտական առարկաների նկատմամբ հետաքրքրության նվազումից եւ պարբերաբար այդ առարկաների մասով ստուգումների արդյունքների ցածր լինելու մասին բազմիցս է խոսվել: Դրա ապացույցն են ԳԹԿ արտաքին գնահատման արդյունքները, ըստ որոնց՝ 7-րդ եւ 8-րդ դասարանների բնագիտական առարկաների արտաքին ընթացիկ գնահատման արդյունքները բարձր չեն եղել (միջին միավորները՝ 3,6 եւ 5,0): Ավելին, այս առարկաների մասով գրանցված արդյունքները՝ ստուգումներից ստուգում նվազում են: Ըստ ԳԹԿ-ի ներկայացրած վերլուծության արդյունքների, օրինակ՝ 2010-ի մարտին Լոռու մարզի 7-րդ դասարանցիների շրջանում կատարված արտաքին ընթացիկ գնահատման արդյունքները բնագիտական առարկաներից 0,1-0,7 միավորով բարձր են եղել, քան 2010-ի դեկտեմբերի արդյունքները, իսկ 2010-ի փետրվարին Երեւանի եւ Սյունիքի մարզի 8-րդ դասարանցիների արտաքին ընթացիկ գնահատման արդյունքները եղել են 1-1,2 միավորով ցածր նույն մարզերի դեկտեմբերի արդյունքներից:

ԳԹԿ վերլուծության արդյունքներն ուղարկվել են մարզային վարչություններին, ուսումնական հաստատությունների տնօրեններին, կրթության բնագավառի աշխատակիցներին, այնպես որ, հետեւությունները թողնված է նրանց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել