Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես միշտ, միտինգի ժամանակ

Մարտ 02,2011 00:00

\"\"Եթե Երեւանից դուրս որեւէ բնակավայրում՝ կանգառներում եւ ավտոկայաններում մարդիկ են կուտակվել, ուրեմն իմացեք՝ մայրաքաղաքում հանրահավաք է:

«Ավարտական աշխատանքիս համար պայմանավորվածություն ունեմ: Պետք է շտապ հասնեմ համալսարան: Բայց ինչպես հասնել: Ո՛չ երթուղայիններն են աշխատում, ո՛չ էլ թույլատրում են տաքսիներից օգտվել: Ոչ ոք չի բացատրում՝ ինչ է կատարվում»,- ասաց Արարատի մարզի Մասիս քաղաքում բնակվող մի ուսանողուհի: Այստեղ երեկ առավոտյան ժամը 10.00-ից սկսած որեւէ երթուղային չէր աշխատում: Ուսանողները դասից էին ուշանում, աշխատողները՝ աշխատանքից: Երկու ժամ հետեւելով իրադարձությունների զարգացմանը՝ հասկացա, որ որեւէ մեկը չէր շտապում մեկնել միտինգի: Միայն բոլորը վստահ էին, որ այդ ամենի պատճառը մարտի 1-ի ընդդիմության հանրահավաքն է:

Երթուղայինների վարորդների խոսքերով՝ իրենք ենթարկվում են իրենց վերադասին: Իսկ իրենց վերադասը ինչ-որ կազմակերպություն է, որ սպասարկում է տվյալ ուղղությունը: Իսկ այդ կազմակերպության ներկայացուցիչը, ով վերահսկում է Մասիս-Երեւան երթեւեկության ուղղությունը, հրաժարվեց նույնիսկ իր եւ այդ կազմակերպության ինքնությունը բացահայտել եւ անընդհատ փախչում էր ինձնից: Քաղաքի առեւտրի եւ տրանսպորտի ոլորտի պատասխանատուն էլ հավաստիացրեց՝ Մասիս-Երեւան երթեւեկության ուղղությունը վերահսկողությունից դուրս է: Եթե այդ ընթացքում տաքսիները գոնե կարողացան օգտվել առիթից եւ մի քիչ փող աշխատել, ապա որոշ ժամանակ անց նրանք էլ ոստիկանների հրահանգով ստիպված եղան լքել մարդաշատ կանգառները: Դե, իսկ ոստիկանները չցանկացան անգամ լրագրողի աչքին երեւալ: Եվ այսպես, որեւէ մեկը չկարողացավ բացատրել տիրող քաոսը, չնայած բոլորն էլ մտքում ունեին մեկ պատճառ:

Այս ամենի մասին բնակիչների կարծիքները տարբեր էին. «Հերի՛ք ա, էս ինչ իշխանություն ա, էս ինչ երկիր ա: Թողեք, թող մարդիկ հանգիստ աշխատեն»: «Մարտի 1-ին էդքան մարդ մահացավ, չհանգստացան, հիմա էլ նորից միտինգ են անում»: Եվ ամենացավալին. «Էս քաղաքի բնակիչ եմ, էս երկրի համար արյուն եմ թափել, բայց արդեն մտածում եմ՝ գնալ մի երկրում «հանձնվել», ասել՝ ինձ պահեք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել