Անհայտ անձինք մուտք են գործել Կոտայքի մարզի Թեղենիք գյուղի դպրոց, այնտեղից դուրս բերել երեք համակարգիչ, պատճենահանող սարք: Իսկ պահակը կրթօջախի տնօրենի ամուսինն է:
Եղվարդի ոստիկանության տարածքային բաժնի օպերատիվ գծով պետի տեղակալ Տիգրան Պետրոսյանը նշեց, որ նույն կրթօջախում են աշխատում նաեւ տնօրենի տղան, հարսը եւ աղջիկը:
Ասում են՝ պահակը գիշերները ոչ միշտ է մնում դպրոցում, ինչի մասին գյուղում գիտեին եւ գողերն էլ հավանաբար տեղյակ են եղել: Ահա թե ինչու հանգիստ, առանց ջարդուփշուր անելու բացել են լուսամուտն ու անաղմուկ դուրս բերել այն, ինչ ուզել են, ասում է Տիգրան Պետրոսյանը:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: