Լրահոս
Օրվա լրահոսը

Դիտարկում՝ հեռադիտակներով

Մարտ 02,2011 00:00

Ադրբեջանցիները ավելի հաճախ են խախտում հրադադարի ռեժիմը, կա վտանգ, որ գյուղատնտեսական աշխատանքների սկզբի հետ ադրբեջանական զինուժն ավելի կակտիվանա:

Մարտի 1-ին հայ-ադրբեջանական սահմանի՝ Իջեւանի տարածաշրջանի Կայան ավանի մոտ կայացավ հրադադարի ռեժիմի դիտարկում: Դրան նախորդեց Տավուշի մարզպետարանում կայացած բրիֆինգը՝ միայն ռուսերեն լեզվով:

ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակից, գնդապետ Անդրանիկ Մկրտումյանը, մարզպետ Արմեն Ղուլարյանը, Իջեւանի զորամասի հրամանատար, փոխգնդապետ Միհրան Մախսուդյանը խոսեցին հրադադարի ռեժիմի խախտումների տարբեր հետեւանքների մասին:

Տավուշի մարզպետը մտահոգություն հայտնեց, որ գարնան գյուղատնտեսական աշխատանքների սկզբի հետ ադրբեջանական զինուժն ավելի հաճախ կխախտի հրադադարը եւ ցանկություն հայտնեց, որ հրադադարի ռեժիմի մոնիտորինգը կատարվի ոչ թե տարածության վրա՝ հեռադիտակներով, այլ երկու կողմերի կենդանի շփման պայմաններում: Ցանկալի է, որ դրանք տեւեն 2-3 օր, որ երկու կողմերի շփումներին մասնակցեն ոչ միայն զինվորականներ, այլեւ, նախկին տարիների նման՝ վարչական միավորների ղեկավարները:

Իջեւանի զորամասի հրամանատարը հայտնեց, որ այս տարի սահմանի այդ գոտում, հիմնականում Վազաշենի հատվածում, ադրբեջանական զինուժը 63 անգամ խախտել է հրադադարը, սակայն հայկական կողմը պատասխան կրակ չի բացել: Գնդապետ Անդրանիկ Մկրտումյանի խոսքերով՝ վերջին տարիներին Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման դեպքերի անշեղ աճ կա. 2009թ. նրանց կողմից եղել է հրադադարի խախտման 4500, 2010-ին՝ 7300 դեպք: Այս տարվա երկու ամիսներին հայ-ադրբեջանական սահմանում ադրբեջանական զինուժը 1450 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը: Միայն 110 դեպքում է հայկական կողմը պատասխան կրակ բացել: Ակտիվացել են նաեւ ադրբեջանցի դիպուկահարները. այս տարվա 2 ամսում ազերի նշանառուներն արձակել են 192 կրակոց, ունենք 1 զոհ եւ 2 վիրավոր: 21 դեպքում մեր դիպուկահարները պատասխան կրակ են բացել:

Իսկ մարտի 1-ին հայ-ադրբեջանական սահմանի՝ Իջեւանի տարածաշրջանի Կայան ավանի մոտ անցկացված հրադադարի ռեժիմի դիտարկումն անցավ առանց միջադեպերի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել