Լրահոս
Օրվա լրահոսը

«Վայելուչ կեցվածքով» թեկնածուի արձագանքը

Մարտ 02,2011 00:00

Արմավիրի քաղաքապետի թեկնածուներից մեկի լրատվության պատասխանատուն առաջարկում է զրուցել փաստերի հետ

Փետրվարի 10-ին, 12-ին, 22-ին եւ երեկ «Առավոտը» գրել է Արմավիրի մարզկենտրոն Արմավիր քաղաքում կայանալիք քաղաքապետի ընտրության մասին: Այս հրապարակումներին եղան արձագանքներ: ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը հայտարարեց, որ ինքը Արմավիրի գործող քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի հետ քավոր-սանիկական կապեր չունի, իրենք ընկերներ են, Արմավիրի փոխմարզպետ Արայիկ Աղաբաբյանը հայտարարեց, որ քաղաքապետի թեկնածու չի առաջադրվելու:

Փետրվարի 22-ին գրել էինք. «Միգուցե առաջադրվի գործող քաղաքապետի նախկին մտերիմ, նախկինում Արմավիր քաղաքի «Բարեկարգում» տնօրինության ղեկավար, այսօր քաղաքապետի հետ անհաշտ, դաշնակ Առնակ Գեւորգյանը: Ասում են՝ գործող քաղաքապետը նրանից խլել է «Անժե» սրճարանը»: Այս հրապարակմանը արձագանքել է Արմավիրի քաղաքապետի թեկնածու Առնակ Մարատի Գեւորգյանի նախընտրական շտաբի լրատվության եւ հասարակայնության հետ կապերի պատասխանատու Ջ. Ստեփանյանը:

Ոչ մի բան չասելով նշված սրճարանի մասին, այն է՝ մեր գրածի մասին, նամակագիրը պնդում է, որ մեր լրատվությունը կողմնակալ է եւ աննրբանկատ: Թե ինչ ասել է նրբանկատ լրատվություն, Ջ. Ստեփանյանը չի ասում: Ինչպես չի ասում իր անունը ու պարզ չէ՝ Ջ. Ստեփանյանը գեղեցիկ ու թույլ, թե պարզապես ուժեղ սեռի ներկայացուցիչ է: Ըստ նրա, Առնակ Գեւորգյանը անկուսակցական է: Ջ. Ստեփանյանի այս պնդումը ճշտելու ճանապարհին պարզեցինք, որ Առնակ Գեւորգյանը մի քանի կուսակցություն է փոխել, վերջերս մտել է ՀՅԴ՝ հույսով, որ քաղաքապետի ընտրություններում կուսակցական աջակցություն կստանա, չի ստացել եւ որոշել է հեռանալ: Կամ կուսակցությունն է նրա մղումներում շահ տեսել եւ որոշել է հեռացնել: Ամեն դեպքում, փաստ է, որ ի թիվս այլ կուսակցությունների, Առնակ Գեւորգյանը կապ ունի նաեւ ՀՅԴ-ի հետ:

Առնակ Գեւորգյանի նախընտրական շտաբի լրատվության եւ հասարակայնության հետ կապերի պատասխանատու Ջ. Ստեփանյանը նաեւ թեկնածուի նկարագիրն է տվել, որը ներկայացնում ենք առանց որեւէ միջամտության կամ փոփոխության: Դատեք ինքներդ:

Ըստ Ջ. Ստեփանյանի՝ «Առնակ Մարատի Գեւորգյանը մեր քաղաքում լայն ժողովրդայնություն վայելող, գրագետ, անսպառ եռանդով, գաղափարապես հարուստ, ազգային մեծ արժեքներ կրող, աշխատանքային մաքուր հետագիծ ունեցող, վայելուչ կեցվածքով երիտասարդ է, ով ոչ թե անհաշտ է անձանց հետ, այլ միշտ անհաշտ պայքար է տանում անօրինականության, մարդկության համար չարիք հանդիսացող անհարիր երեւույթների դեմ: Նա սիրում է իր քաղաքն ու նրա մարդկանց եւ քաղաքի դիմագիծը փոխելու ռեալ շանսեր ունի»:

Ջ. Ստեփանյանը մեզ խորհուրդ է տալիս զրուցել «նյութերում զետեղված փաստերի եւ անձանց հետ»: Անձանց հետ՝ սիրով, իսկ փաստերի հետ զրուցելու տեխնիկա դեռ չկա, չի հայտնագործվել: Այդ մեկը չի ստացվի, հարգելի տիկին (կամ պարոն) Ջ. Ստեփանյան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել