Վանաձորցի Վարդան Ղարաջյանը վստահ է, որ դուդուկ նվագողը առաջատար է եւ դուդուկով էլ հնարավոր է երաժշտի տրամադրությունն արտահայտել:
Լոռու մարզում դուդուկահար Վարդան Ղարաջյանին բոլորն են ճանաչում: 54-ամյա երաժիշտը 11 տարեկանում կորցրել է տեսողությունը, սակայն երաժշտության հանդեպ սերն այնքան մեծ էր, որ երաժշտությունից չի հեռացել եւ շարունակել է ինքնակրթությամբ զբաղվել: Նա փորձել է նվագել ամեն ինչ՝ դհոլ, ակորդեոն, լարային գործիքներ… Բայց սերը փողային գործիքներն էին: Իր կարծիքով, խոսել է ժառանգական գենը, քանի որ պապն ու հորեղբայրն էլ հայտնի դուդուկահար էին, դուդուկ նվագել է նաեւ հայրը. «Մինչ կուրանալս լսողությամբ դհոլ էի նվագում, դա իմ կարգավիճակի մարդու համար ավելի հեշտ է, բայց փողային գործիքի ձայնն ուրիշ է»,- նկատում է Վարդան Ղարաջյանը:
Մեր զրուցակիցը վարժ նվագում է բոլոր փողային գործիքներով, չի փորձել միայն սաքսոֆոնը: «Ոչ ծանոթներիս մոտ եմ տեսել այդ գործիքը, ոչ երաժշտական դպրոցներում»,- ասում է երաժիշտը: Վերջերս սկսել է նվագել նաեւ սրինգ, սակայն ավելի շատ սիրում է կլառնետն ու դուդուկը: Առաջինը, իր կարծիքով, ուրախ երաժշտության համար հիանալի գործիք է, բոլոր զգացմունքներն արտահայտում է, իսկ դուդուկն ամեն ինչի գործիք է, ուղղակի ավելի շատ տխուր արարողությունների երաժշտության հետ է ասոցացվում: Վարդան Ղարաջյանը դուդուկով փորձել է երաժշտական բոլոր ժանրերը՝ նույնիսկ օտարների երաժշտություն եւ դասական, սակայն նրա ականջին ավելի հաճո են հայկական ժողովրդական մեղեդիները. «Դուդուկը լրիվ հայկական գործիք է ու շատ զգայուն է, նրանով կարելի է նույնիսկ այդ պահին երաժշտի տրամադրությունն արտահայտել, իմ հուզական աշխարհը շատ նման է դուդուկին»,- ասաց երաժիշտը:
Վարդան Ղարաջյանն սպասված հյուր է Լոռու մարզի բնակավայրերում կազմակերպվող հարսանեկան ծեսերին, նվագում է նաեւ տխուր արարողությունների, ինչպես նաեւ մարզում կազմակերպվող համերգների ժամանակ: Միակ դժվարությունը այդ պահին ուղեկցող ունենալն է: Այս հարցում եւ ընդհանրապես, նրան ամեն ինչով աջակցում է ընտանիքը՝ կինն ու 11-ամյա դուստրը:
Վարդան Ղարաջյանը համոզված է՝ պետք է սիրել գործիքը: Երաժշտի կարծիքով՝ մեծ քաղաքում ապրելը շատ դժվարություններից հեռու կպահեր իրեն: Գործիքը վերանորոգել կտար, կշփվեր իր ճակատագիրը կիսողների, գործիքագործների, երաժշտագետների եւ երաժշտասերների հետ, նորամուծություններն ավելի շուտ են մեծ քաղաքներ հասնում: Նոր ստեղծված երաժշտությունն էլ է շուտ հասնում, իսկ երաժշտի համար պարտադիր է, որ նոր ծնված երաժշտությանը ծանոթանա: «Ամոթ է, որ մի բան պատվիրեն ու դա քեզ հասած չլինի»,- ասում է երաժիշտը:
Վարդան Ղարաջյանը ցավ է ապրում, որ ազգային նվագարանները տարեցտարի մոռացվում են, ետին պլան մղվում: Ինքը քարոզում է ազգային նվագարանները, նվագում տարբեր ոճի երաժշտություն, ցույց տալու համար՝ եթե գործիքը սիրես, անհնարին ոչինչ չկա: Ուրախանում է, երբ երեխաները ցանկություն են հայտնում նվագել սովորել, թեկուզ միայն դուդուկ: Այս տարիների ընթացքում կույր երաժիշտը 5 աշակերտ է ունեցել, որոնցից 2-ն են երաժիշտ դարձել: «Դուդուկը միշտ իր տեղը կունենա, նրա հանդեպ հետաքրքրությունը չի մարի, շատերը հենց հետաքրքրությունից դրդված են գալիս սովորում»,- ասում է Վարդան Ղարաջյանը:
Սիրում է դուդուկի բոլոր վարպետներին՝ Վլադիմիր Հարությունյան, Վաչե Հովսեփյան, Ջիվան Գասպարյան, հաճախակի լսում է նրանց կատարումները, ունի վարպետների ձայնասկավառակները: Վարդան Ղարաջյանը դուդուկ ամեն օր է նվագում, ու ավելի շատ սիրում է նվագել դուդուկի վարպետներ՝ Նորայր Ժամհարյանից, Հարություն Գեւորգյանից, Ռուզվելտ Եղինյանից նվեր ստացած գործիքներով: «Նվագախմբում դուդուկը միշտ առաջատար է, ես էլ միշտ ցանկացել եմ առաջինը լինել»,- ամփոփեց Վարդան Ղարաջյանը: