Լրահոս
Օրվա լրահոսը

Նախկին մաքսավորը ընդհատակո՞ւմ է

Մարտ 02,2011 00:00

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, շարունակվում է ՀՀ մաքսային կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի տան ավազակային հարձակման գործով դատավարությունը: Հիշեցնենք, որ նախկին մաքսավորի տան վրա ավազակային հարձակումը կատարվել է 2008թ. հոկտեմբերի լույս 28-ի գիշերը: Ամբաստանյալ Արա Կարապետյանի հարազատներն անգամ նախագահականի առաջ ցույց են արել եւ նամակով դիմել ՀՀ նախագահին: Նախորդ օրվա դատավարության ժամանակ Արա Կարապետյանի պաշտպան Լուսինե Գրիգորյանը միջնորդեց վերսկսել դատավարությունը: Լ. Գրիգորյանը հայտարարեց. «Ծանոթանալով սույն քրեական գործի նյութերին, պարզվեց, որ ամբողջ քրեական գործը հիմնված է բազմաթիվ իրավական խախտումների վրա: Քրեական գործում առկա են ապացույցներ, որոնք ձեռք են բերվել այնպիսի էական խախտումներով, որոնք դրսեւորվել են սահմանադրական իրավունքի, Քրեական դատավարության օրենսգրքի պահանջների էական խախտմամբ, որն ազդել է ստացված փաստական տվյալների հավաստիության վրա, ինչպես նաեւ իմ պաշտպանյալին նման մեղադրանք առաջադրելու վրա»:

Մասնավորապես, ըստ պաշտպանի, խոսքը ամբաստանյալ Արսեն Սողոմոնյանի եւ տուժող Համլետ Հարությունյանի հարաբերությունների բացահայտմանն է վերաբերում (նրանք աշխատել են միասին եւ ընտանիքներով երկար տարիներ եղել են մտերիմներ, սակայն իրենց ցուցմունքներում նշել են, թե չեն ճանաչում միմյանց- Գ. Մ.), Համլետ Հարությունյանի եւ ԱԱԾ քննչական վարչության բարեկամական կապի բացահայտմանը, դատակոչի ցուցակով անցնող, բայց երբեք դատարան չներկայացած Հ. Հարությունյանի դատակոչմանը եւ հարցաքննմանը, դատակոչված վկա Հարություն Ալեքսանյանի տված ցուցմունքների հավաստիության ճշգրտմանը: «Այդպիսի դատաքննությամբ կհիմնավորվի, թե ո՞վ է կազմակերպել եւ կատարել հիշյալ հանցագործությունը եւ վերջապես պաշտպանյալիս նկատմամբ կդադարեցվի քրեական հետապնդումը»,- հայտարարեց փաստաբանը: Հիշեցնենք, որ Հ. Ալեքսանյանը հայտնել էր դատարանին, թե Արմեն Ավետիսյանի տնից հափշտակված ապրանքի հետ որեւէ առնչություն չունի եւ նշել, որ նախաքննության ժամանակ իր տված ցուցմունքները կեղծ են, քանի որ տված կեղծ ցուցմունքները կատարել է ընկերներից մեկի խնդրանքով:

Փաստաբան Ռուբեն Ռշտունին նշեց, որ ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքն ուղղակի անգրագիտություն է: «Ամեն ինչ կարելի՞ է խեղաթյուրել: Ո՞նց կարող եմ հանգիստ լինել, ո՞նց կարող եմ չպայթել, երբ ՀՀ գլխավոր դատախազությունն իրեն թույլ է տալիս նման մեղադրական ճառ»,- զայրույթով ասաց նա:

Ամբաստանյալ Արա Կարապետյանը հայտարարեց. «Համլետ Հարությունյանը պնդում է, որ ոչ մի մեղադրյալի չի ճանաչում: Ես, հարգելի մեղադրող, ո՞նց ճառ ասեմ, պետք է ճիշտն ասել, այդ հատորների մեջ ոչինչ ճիշտ չի»՝ դատարանից պահանջելով հնարավորություն, որ «ստի դետեկտորի» միջոցով որոշվի իր տված ցուցմունքների հավաստիությունը: Իսկ ամբաստանյալ Արսեն Սողոմոնյանը հայտարարեց. «Բոլոր հոդվածներն անհիմն են: 14 տարի նստելուց հետո ես ի՞նչ պետք է անեմ, ժիվոյ քիլլեր, պրյամո եմ ասում, 14 տարի անմեղ տեղը դատվող մարդն ի՞նչ պետք է մտածի, լա՞վը»: Պաշտպանական կողմն անվստահության հիմքով բացարկ հայտնեց մեղադրող Հովսեփ Սարգսյանին: Դատարանը մերժեց այս միջնորդությունը:

Փաստաբան Լ. Գրիգորյանը պահանջեց, որ Արա Կարապետյանին լրացուցիչ ցուցմունքներ տալու հնարավորություն տան, որպեսզի պատասխան տրվի մեղադրողի այն հարցին, թե ո՞վ է տվել տուժող Արմեն Ավետիսյանի մտերիմ Կարենի հեռախոսահամարը եւ Արմեն Ավետիսյանի տնից տարված իրերը որտեղի՞ց, ի՞նչ ճանապարհով են տրվել Կարենին: Այս առնչությամբ «Առավոտի» հարցին, թե Արա Կարապետյանն ի՞նչ նոր բացահայտումներ է պատրաստվում անել, նրա մյուս պաշտպան Կարեն Քամալյանը պատասխանեց. «Համաձայն Արա Կարապետյանի ցուցմունքի, երբ ոմն Արոլդի կողմից Արմեն Ավետիսյանի տան գողոնը տրվել է իրեն, Արա Կարապետյանը խորհրդակցել է մի բարձրաստիճան պաշտոնյայի պատգամավոր ընկերոջ հետ, եւ որոշել են, որ ապրանքը հետ ուղարկեն Ա. Ավետիսյանի տուն, որից հետո նշված անձը ձեռք է բերում Ա. Ավետիսյանի մտերիմ անձի հեռախոսահամարը, փոխանցում պաշտպանյալիս, որն էլ իր հերթին փոխանցում է Սուրենին, նրա միջոցով ուղարկում է տվյալ անձին: Այս մասին նախաքննության ցուցմունքներում վկայել են միայն Արա Կարապետյանն ու Սուրեն Մելքոնյանը: Փաստացի, ըստ պաշտպանյալիս, Արմեն Ավետիսյանի տան գողոնը հենց Արմեն Ավետիսյանի տնից է գնացել ԱԱԾ»: Իսկ թե ով է այն ԱԺ պատգամավորը, որը կապ ունի այս գործի հետ, Կ. Քամալյանը հայտնեց, որ Ա. Կարապետյանը նրա անունը կհրապարակի առաջիկայում սպասվելիք ճառում:

Ի դեպ, պաշտպանական կողմը բազմիցս միջնորդել է, որ դատակոչվի տուժող, ՀՀ մաքսային կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանը եւ ցուցմունքներ տա, սակայն այդ միջնորդությունները նախագահողի կողմից մերժվել են: Մենք նույնպես ցանկացել ենք որոշ պարզաբանումներ ստանալ տուժող Ա. Ավետիսյանից: Գործում ներգրավված պաշտպանները դեռեւս ամիսներ առաջ մեզ տրամադրեցին քրեական գործի տվյալներում եղած Ա. Ավետիսյանի բնակարանի հեռախոսահամարը: Տեւական ժամանակ այդ հեռախոսահամարին ուղղված մեր զանգերը մնում էին անպատասխան, միայն փետրվարի 28-ի հերթական զանգին պատասխանեց մի կին: Երբ հայտնեցի, որ լրագրող եմ եւ խնդրեցի պրն Ավետիսյանին, վերջինիս մայր ներկայացած կինը պատասխանեց. «Մենք գիտենք, թե ինչ եք ուզում: Այլեւս չզանգեք այս համարով», ապա դրեց ընկալուչը: Մնում է միայն հավելել, որ «Առավոտը» կհրապարակեր նաեւ այն, եթե Ա. Ավետիսյանը գոնե ասեր, թե պարզաբանումներից բացի՝ էլ ինչ կարող էինք ուզել իրենցից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել